Կարծիք

21.09.2019 09:25


Թաքցնելու չստացված փորձ

Թաքցնելու չստացված փորձ

Անհնար է չհիանալ վրաց վիճակագրական ծառայության աշխատանքով: Սեպտեմբերի 19-ին այս երկրում հրապարակվեց տնտեսական ցուցանիշները 2019թ․ հունվար-օգոստոսին: Մեր մոտ դեռ միայն հունվար-հունիսն է հրապարակված:

Եթե հաշվի առնենք, որ մեր տվյալները հրապարակվել են սեպտեմբերի 5-ին, ապա կարելի է եզրակացնել, որ տնտեսական տեղեկատվության ամփոփման համար մերոնք կրկնակի երկար ժամանակ են օգտագործում: Համարյա: Հետաքրքիր է, որ արտաքին տնտեսական հատվածում մեր երկրները որոշակի ընդհանրություններ ունեն: Ուստի ներկայացնենք վրաց արտաքին ապրանքաշրջանառությունը՝ պարբերաբար մեր տնտեսության արձանագրած տենդենցների հիշատակմամբ:

2019-ի մեր երկու երկրների և ԵՄ անդամ երկրների միջև տնտեսական կապերը թուլացել են: Վրացական կողմը նշում է ապրանքաշրջանառության 3.7 տոկոս: Մեր պարագային 2018թ․ մոտ 1.067 մլրդ դոլարի ցուցանիշի փոխարեն այս տարի արձանագրվել է մոտ 916 մլն դոլար:

Արտաքին առևտրի ծավալը մեր երկրի պարագային կրճատվել է և՛ արտահանման, և՛ ներմուծման գծով: Մինչդեռ վրացիները կարող են հպարտանալ, որ իրենց երկրից դեպի ԵՄ արտահանումներն ավելացել են (ավելացել են նախանձելի` 25.3 տոկոսով):

Ներմուծումները նվազել են 11.6 տոկոսով: Փաստորեն ԵՄ տնտեսական կապերի նվազումը ընդհանուր տենդենց է մեր երկրների համար, բայց վրաց համար դա դրական միտումով է մեղմանում: Վրաստանի արտաքին տնտեսական գործընկերներն են Թուրքիան (հունվար-հուլիսի ապրանքաշրջանառության ծավալը 1.1 մլրդ դոլար է), Ռուսաստանը (մոտ 904 մլն դոլար), Ադրբեջանը (682.5 մլն), Ուկրաինան (417,3 մլն), Հայաստանը (390.4):

Տարվա առջին 8 ամսում մեր ապրանքաշրջանառությունն էականորեն չի փոխվել: Մինչդեռ մեր վարչապետը մի քանի ամիս առաջ խոսում էր այդ ցուցանիշը 1 մլրդ-ի հասցնելու ջանքերի մասին: Հետաքրքիր է, որ միակ 1 մլրդ դոլարի գործընկեր Թուրքիայի հետ Վրաստանն ամենամեծ բացասական սալդոն ունի: 1.1 մլրդ դոլար ապրանաշրջանառության մեջ մոտ 993 մլն կազմում են ներմուծումները:

Վրաց վիճակագիրները հրապարակել են նաև արտաքին առևտրի հիմնական ապրանքատեսակները: Վրաց արտահանումների հիմնական կառուցվածքն այսպիսին է՝ ամենամեծ ապրանքախումբը (ինչպես մեր տնտեսության պարագային) հանքահումքային արդյունաբերությունն է` 430 մլն դոլար ընդհանուր արժեքով: Երկրորդը (այս ոլորտը սերտորեն կապված է մեր տնտեսության հետ) ներկրված ավտոմեքենաների արտահանումն է (կամ` վերաարտահանումը, եթե կարելի է այդպես արտահայտվել)` 381.5 մլն դոլար, երկաթի միացություններ` 207 մլն:

Այ այս պահից սկսյալ պետք է վեր կանգնել մարդկային նախանձից: Եթե, իհարկե, հնարավոր է: Վրաց արտահանման չորրորդ ապրանքախումբը գինին է` 133.5 մլն դոլար: Հետո 88.5 մլն դոլարի հանքային ջրերն են, 70.3 մլն դոլարի ալկոհոլային խմիչքներ, ապա մոտ 60 մլն դոլարի ազոտական պարարտանյութ:

Հիմա ներմուծումների կառուցվածքը: Ամենամեծ ապրանքախումբը նավթ-նավթամթերքներն են` 447 մլն դոլար: Ապա ավտոմեքենաները` 424 մլն, պղնձի խտանյութը` 375 մլն, և դեղորայք` մոտ 335 մլն դոլար արժեքի:

Վրաց ներմուծումների մեջ կա մեկ ապրանքախումբ, որի նկատմամբ ևս անտարբեր մնալը բարդ է: Մենք շատ հաճախ ենք վերջին տարիներին խոսում Վրաստանի ավտոճանապարհաշինարարության մասին: Ընդ որում՝ և՛ որակի, և՛ քանակի: Այս տարի մեր հարևանները մոտ 50 մլն դոլար արժեքի բուլդոզերներ են ներմուծել:

Հիմա բացարձակ թվերը: Վրաստանի արտաքին առևտուրը 8 ամսվա ընթացքում կազմել է 8.1 մլն դոլար: Մեր յոթ ամսվա տվյալները մոտ 4.2 մլրդ դոլար են: Վերջում կարելի է ավելացնել, որ պաշտոնական տվյալներով այս տարի զբոսաշրջության ոլորտի եկամուտը նախորդ տարվա համեմատ պակասել է 10.6 տոկոսով: Վրաստան այցելուների ամենամեծ խումբը ադրբեջանցիներն են (226 հազար այց), ռուսաստանցիները` 208 հազար, ապա հայաստանցիները` 192 հազար այց կամ այցելու:

Եկեք փորձենք ձևացնել, որ չենք նախանձում՝ հետո ինչ, որ վրացիները փոխեցին իրենց վարչապետին։ Հետո ինչ, որ նախորդ իշխանության շրջանի տնտեսական տվյալները վատ չէին։ Գրածս համարեք տպավորություն-նախանձը՝ չստացված փորձ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը