Կարծիք

20.09.2019 16:50


Դատավոր Դանիբեկյանն առաջնորդվում է օրվա իշխանության թելադրանքով

Դատավոր Դանիբեկյանն առաջնորդվում է օրվա իշխանության թելադրանքով

Այսօր դարձյալ ու դարձյալ հավաքվելու ենք՝ ճշմարտության ձայնը բարձրացնելու արդարադատության խուլ ականջին: Խուլ ու անհաղորդ արդարադատություն, որի իրականացնումը ներկա փուլում հանձնարարված է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչպես տարիներ առաջ, երբ Սասնա ծռերը հարձակվել էին ՊՊԾ գնդի վրա և տասնյակ մարդկանց էին բերման ենթարկել, Դանիբեկյանի վարույթում էր 4 ցուցարարի քրեական գործը, և նա այդ մարդկանց առանց հիմքերի դատապարտեց: Հետագայում, երբ այսպես կոչված «հեղափոխությունը» եղավ և իշխանությունը փոխվեց, դարձյալ առանց հիմքերի Աննա Դանիբեկյանը այդ մարդկանց ազատ արձակեց:

Ստացվում է, որ դատավոր Դանիբեկյանը առաջնորդվում է օրվա իշխանության թելադրանքով: Եվ դա իրականում ծեփոնե սկզբունքայնությունն է՝ զուրկ իրավական հիմքերից, զուրկ արդարությունից: Վերևներին հաճոյանալը միշտ և բոլոր ժամանակներում եղել է ամոթալի ու անպատվաբեր, և գուցե դա է պատճառը, որ փողոցից եկած մի փոքրիկ առաջնորդ, ով գաղափար ու կենսագրություն չունի, ձեզ՝ դատավորներիդ, վերաբերվում է ծայրաստիճան արհամարհանքով ու ասում է, որ դուք նախկինների դռան տակ վնգստում եք: Գուցե դուք՝ դատավորնե՞րդ եք եղել ծառայամիտ, որ այսօր արժանացել եք նման գնահատականի, այն էլ՝ իրենից ոչինչ չներկայացնող մարդու կողմից:

Իհարկե, մենք այս ընթացքում, երբ երկրորդ նախագահը ապօրինի կալանքի տակ է պահվում, տեսանք նաև երկու արժանապատիվ դատավորի՝ Ալեքսանդր Ազարյան և Դավիթ Գրիգորյան, որոնք նախընտրեցին առաջնորդվել օրենքով ու բարոյական նորմերով՝ ի տարբերություն Աննա Դանիբեկյանի:

Մենք, իհարկե, հասկանում ենք, որ պետական ողջ ապարատը հսկայական ճնշումներ է բանեցնում Դանիբեկյանի ընտանիքի վրա, մենք վաղուց ենք ճանաչում այս իշխանությանը, լավ գիտենք նրա բնույթն ու լկտիության աստիճանը, բայց չէ՞ որ կարելի էր քաջություն ցուցաբերել ու արձակել արդար վճիռներ, դրանով իսկ մնալով պատմության մեջ որպես արդար դատավոր: Առավել ևս, որ կար Սահմանադրական դատարանի վճիռ, և առաջին ատյանի դատարանը ուղղակի ՊԱՐՏԱՎՈՐ էր դա ի կատար ածել:

Տիկին Դանիբեկյան, Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող այս ամբողջ հալածանքը որևէ իրավական հենք ունի, որ սա իրավական պրոցես է: Ես՝ չունենալով իրավական կրթություն, բայց լինելով քաղաքագետ հասկանում եմ, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ Դուք՝ լինելով բազմափորձ դատավոր, մի՞թե դա չեք տեսնում:

Կանցնեն ժամանակներ, կփոխվեն դարձյալ իշխանությունները, և այդ դեպքում արդեն ինչպիսի՞ն է լինելու Ձեր կեցվածքը, տիկին Դանիբեկյա՛ն: Այսօրվանից սկսեք մտածել Ձեր վաղվա ճշմարտացիության մասին՝ սա է իմ բարի խորհուրդը Ձեզ։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը