Լրահոս

20.09.2019 14:00


Արցախում դատապարտված ադրբեջանցիների փոխանակումը հայ գերիների հետ ԼՂՀ սուվերեն իրավունքն է. Տոնոյան

Արցախում դատապարտված ադրբեջանցիների փոխանակումը հայ գերիների հետ ԼՂՀ սուվերեն իրավունքն է. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ Ադրբեջանում պահվող երկու հայ գերիները՝ Կարեն Ղազարյանը ու Արայիկ Ղազարյանը, կարող են փոխանակվել Արցախի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

«Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Տոնոյանը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի առաջարկին։

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ խնդրի հետ կապված հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ. պաշտոնապես փոխանցվել է Ադրբեջանի այդ առաջարկությունը:

«Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք չեմ կարող բացահայտել։ Որոշ տեղեկության ճշգրտման հավելյալ աշխատանք է պահանջվում։ Երբ ստանանք մենք այդ ճշգրտված տեղեկությունները Ադրբեջանից, կարձագանքենք»,- նշեց նախարարը։

Տոնոյանը շեշտեց, որ սկզբունքորեն դեմ չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու են այդ գործընթացին։

«Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում հարցը, և դա ճիշտ մոտեցում չի առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ, որպեսզի վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,- ասաց Տոնոյանը։

Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։

Հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։

Նրանք զենքի գործադրմամբ առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում, հայտնվել է Ադրբեջանում 2018 թվականի հուլիսի 15-ին:

2019թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, Ադրբեջանում է հայտնվել զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը