Կարծիք

28.04.2010 10:27


Սառեցված Արձանագրու- թյունները...Եվ Օբամայի կրկին հրամցրած նույն ուղերձը

Սառեցված Արձանագրու- թյունները...Եվ Օբամայի կրկին հրամցրած նույն ուղերձը

Հայ-թուրքական հիմնախնդիրների ուղղությամբ երկու իրադարձությունների մասին նախորդ շաբաթ շատ թանաք հոսեց: Դրանցից և ոչ մեկը նշանակալից չէր, սակայն այդպիսի հնչեղություն ստացան միջազգային մամուլի կողմից լայնորեն լուսաբանվելու պատճառով:

Ապրիլի 22-ին, ուղիղ մեկ տարի անց այն ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո, որն իբր կոչված էր կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, և վեց ամիս անց երկու երկրների կողմից տխրահռչակ Արձանագրությունները մեծ հանդիսավորությամբ ստորագրելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց դրանց կասեցման մասին:

Իրականում այս հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար: Արդեն ամիսներ առաջ պարզ էր, որ թուրք ղեկավարները երբեք էլ մտադրություն չեն ունեցել վավերացնել Արձանագրությունները: Նրանք պարզապես ձգտել են շահարկել դրանք՝ Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու նպատակով: Թուրքերը շարունակ հայտարարել են, որ թուրքական խորհրդարանը չի վավերացնի Արձանագրությունները, քանի դեռ Ղարաբաղը չի վերադարձվել Ադրբեջանին: Ժամանակ առ ժամանակ, Թուրքիան նորանոր անհեթեթ պահանջներ էր ներկայացնում, ինչպիսիք էին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման չեղյալ համարելը և այլ երկրների խորհրդարաններից Ցեղասպանության բանաձևերի դուրս հանելը: Քանի որ Հայաստանը բազմիցս հայտարարել էր, որ առաջինը չի վավերացնի Արձանագրությունները, ապա համաձայնագրերը ամիսներ ի վեր արդեն սառեցված էին, եթե չասենք, որ դրանք մեռելածին էին:

Չնայած ոմանք նախագահ Սարգսյանի որոշումը կարող են համարել համարձակ քայլ, սակայն ավելի նախընտրելի կլիներ, եթե նա հետ կանչեր իր երկրի ստորագրությունն Արձանագրությունների տակից, քանզի դրանք արդեն տապալված են: Նախագահը շատ հանգիստ կարող էր դրանց տապալման մեղքը բարդել Թուրքիայի ոչ կառուցողական կեցվածքի վրա: Անցյալ շաբաթվա իր հրապարակային ուղերձում Սերժ Սարգսյանն ընդունեց, որ հարգելով Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների խնդրանքը' ամբողջովին չի հրաժարվել Արձանագրություններից, այլ որոշել է կասեցնել դրանք:

Այժմ, երբ առաջինը Հայաստանը թարթեց, Թուրքիան նրան է մեղադրում Արձանագրությունների տապալման համար: Այսպիսով, Հայաստանը օգնեց Թուրքիային ճողոպրելու միջազգային հզոր ճնշումից, որին նա ենթարկվում էր վերջին ամիսների ընթացքում Արձանագրությունների վավերացումը ձախողելու համար:

Ընդ որում, քանի դեռ Արձանագրություններն ամբողջովին մերժված չեն, Թուրքիան շարունակելու է դրանք շահարկել' ճարպկորեն պնդելով, որ շարունակում  է կողմնակից լինել դրանց վավերացմանը՝ "ճիշտ" պայմանների տակ, և որպես օգտակար գործիք կիրառել երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության նախաձեռնությունները հաղթահարելու համար:

Դժբախտաբար, Թուրքիան Արձանագրությունները շահարկող միակ երկիրը չէ: Նախագահ Օբաման' Արձանագրություններից չհրաժարվելու համար Հայաստանի վրա ճնշում գործադրելուց հետո, իր ամենամյա ուղերձում կրկին խույս տվեց «Հայոց ցեղասպանություն» տերմինից' որպես պատրվակ օգտագործելով գոյություն չունեցող «հայ-թուրքական երկխոսությունը»:

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս Նախագահ Օբաման Հայոց ցեղասպանությունը փոխարինեց "Մեծ եղեռն" տերմինով

և կիրառեց այն նույն էվֆեմիզմներն ու խայտառակ բառախաղերը, որոնց համար մեղադրել էր նախագահ Ջորջ Բուշին' սենատոր և նախագահական թեկնածու եղած ժամանակ:

Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը, որոնք պաշտպանել էին Օբամայի թեկնածությունը և վստահել նրան, այժմ խորապես հիասթափված և խաբված են զգում իրենց: Նա իր ընտրարշավը ծավալեց փոփոխություն բերելու խոստումով, սակայն որդեգրեց իր նախորդների միևնույն անբարոյական կեցվածքը, որքան էլ որ պնդի, թե չի փոխել իր տեսակետը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Անցյալ տարվա իմ հոդվածում գրել էի, երբ նախագահ Օբաման առաջին անգամ խախտեց Հայոց ցեղասպանության մասին իր նախընտրական խոստումը, ամերիկահայերն այլևս կարիք չունեն նրան աղաչելու, որ ճանաչի Ցեղասպանությունը: Երեսուն տարի առաջ նախագահ Ռեյգանը Նախագահական հռչակագիր է հրապարակել՝ նշելով Հայոց ցեղասպանությունը, ուստի ամերիկահայերը հատուկ նոր օգուտ չեն ստանա, եթե նախագահ Օբաման կրկնի նմանատիպ հայտարարություն: Այնուամենայնիվ, դրժելով իր խոստումը նախագահ Օբաման առաջին հերթին կորցրեց իր հեղինակությունն ու վստահելիությունը ամերիկացի ժողովրդի և միջազգային հանրային կարծիքի առաջ:

Ուղղակի զարմանալի է, որ Միացյալ Նահանգների նախագահը կարող է հանդես գալ մի այնպիսի ուղերձով, որով կվանի հենց այն մարդկանց, որոնց նա ձգտում է գոհացնել:

Պատկերացրեք, թե բողոքի ինչ ալիք կբարձրանար, եթե նախագահ Օբաման հանկարծ Հոլոքոստն անվաներ կոտորած կամ ողբերգական դեպք: Սակայն, Ապրիլի 24-ի իր ուղերձում Հայոց ցեղասպանության նկատմամբ ճիշտ այդպիսի քայլի է դիմել՝  էվֆեմիզմների մի ամբողջ շարք կիրառելով. «Մռայլ անցյալ», «պատմության մութ դրվագներ», «ցավալի պատմություն », «1915 թվականի ահավոր իրադարձություններ», «կործանարար  էջեր», «20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը», «կոտորած» և «սարսափելի իրադարձություններ»: Նախագահ Օբամայի օգնականները իրենց ժամանակն ավելի օգտավետ կարող էին անցկացնել, եթե հոմանիշների բառարաններ թերթելու փոխարեն պատմության գրքեր կարդային:

 Նախագահ Օբամայի' այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում միակ թարմ գաղափարը հետևյալ համառոտ նախադասությունն էր. "Ես ողջունում եմ այն թուրքերին, որոնք 1915 թվականին փրկել են հայերին": Սա գովելի միտք է, որը ցավոք իմաստազրկվեց, քանզի բացակայում է հենց այն, ինչից կամ ումից փրկել էին այդ հայերին: Մենք բոլորս հուսով ենք, որ Ապրիլի 24-ի հաջորդ հանդիսավոր ոգեկոչումը չի ստվերվի ոչ Արձանագրություններով (սառեցված կամ հալված), ոչ էլ նախագահ Օբամայի վիրավորական ուղերձով:

  Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թարգմ.՝ Ռ.Ավագյան

Այս խորագրի վերջին նյութերը