Կարծիք

20.09.2019 08:55


Կազինոների «հաղթարշավը» պատահական չի խրախուսվում Ջավախքում

Կազինոների «հաղթարշավը» պատահական չի խրախուսվում Ջավախքում

Ջավախքում ապրող սիրելի հայրենակիցներիս․

․․․Արդեն հինգուկես տարի է, ինչ վրացական իշխանությունների հարուցած արգելքների պատճառով չեմ կարող հատել սահմանը, և հայրենի Ջավախք այցի իմ ճանապարհն ամեն անգամ ընդհատվում է ՀՀ-Վրաստան սահմանային հսկիչ անցակետի համակարգչի մոտ, չգիտեմ, թե մինչև երբ է շարունակվելու այս մղձվանջը, բայց․․․ դա մի կողմ։

Արդեն «խոփանից» գալու շրջանն է, և ամեն օր Երևանից դեպի Ջավախքի շրջաններ են շարժվում խոփանչիներով բեռնավորված մեքենաները։

Վերջին շրջանում, փաստորեն, այս սեզոնին զուգընթաց Ջավախքի քաղաքներում բացվում է նաև, այսպես կոչված, «խաղատնային սեզոնը», և մեր խոփանչիների հատկապես երիտասարդ հատվածը, իրեն, բառիս վատագույն իմաստով, նետում է կազինոներ։

Վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ դեռ տուն չմտած և տնեցիներին չտեսած՝ մարդը մոլեգին տենդով վարակված առաջինն այցելել է կազինո, տանուլ տվել ամբողջ տարվա վաստակը, մի բան էլ ավելին և տուն է մտել պարտքերի մեջ խրված, խայտառակված ու թալանված․․․

Փաստորեն, աշնան վերջին, ամբողջ ձմռանը և մինչ գարուն, մինչ խոփանի նոր սեզոնի սկիզբը, Ջավախքի կազինոներում եռում է «պայքարը», «պայքար»՝ հանուն սեփական ունեզրկման, հանուն ստորացումի ու նվաստացումի, հանուն․․․ հանուն սեփական ինքնաոչնչացման․․․

Թվերը և վերլուծությունը սարսուռ են առաջացնում․ ՌԴ-ից խոփանչիների բերած գումարներն ուղղակի հոսում են կազնինոներ, այնտեղից՝ անհայտ ուղղություններով․․․
Եղավ նաև ինքնասպանության դեպք։

Քանի դեռ նոր է այդ սեզոնը բացվել՝ պարտքս եմ համարում հիշեցնել կամ, ավելի ճիշտ, վերհիշեցնել իմ այդ հայրենակիցներին․

- հիշե՛ք ասֆալտի այն գոլորշին, տրակտորների այն «ջերմ գիրկը», ցեմենտի ու բետոնի այն բույրը, վերակացուների այն հայհոյանքները, ռուս ոստիկանների ու միգրացիոն ծառայության աշխատակիցների այն հայացքները, որոնք դուք ճաշակել եք խոփանի ողջ սեզոնին,

- հիշե՛ք այն կարոտը, որ զգացել եք, լիելով ձեր ծնողներից, կանանցից ու երեխաներից հեռու, ձեր ծննդավայրից հեռու՝ Ռուսաստանի մոտ ու հեռավոր շինհրապարակներում,

- հիշե՛ք ձեր մայրերին, ձեր կանանց, ովքեր առանց ձեզ ողջ ընթացքում աշխատել են տրակտորի պես, աշխատել են՝ կարոտը սրտերում, աշխատել են՝ հույսով և սպասումով, մի բան ետ գցելու, մի բան տնտեսելու մեծ փափագով, մի օր բարեկեցիկ ապրելու մեծ մղումով, աշխատել են՝ սիրով ու նվիրումով, աշխատել են՝ որ ձեր տանը ոչ-ոք չզգա ձեր պակասը, աշխատել են՝ որ վերադարձին ձեր տունը միշտ ծաղկուն տեսնեք, ձեր պատիվը բարձր պահած տեսնեք․․․

- հիշե՛ք ձեր երեխաներին, ովքեր ողջ ընթացքում իրենց մայրերի և պապիկ-տատիկների հետ աշխատել են տրակտորի պես, աշխատել են՝ որ ձեր վերադարձին ձեզ ցույց տան, թե ինչքան լավ մանչեր ու աղջիկներ են եղել, ինչքան են օգնել ու զարմացրել մեծերին․․․

- հիշե՛ք, որ հայ տղամարդու վեհ նպատակների մեջ կազինոն չի մտել երբեք․․․ ուշքի՛ եկեք, շուրջ բոլորը ամեն ինչ ձեր դեմ է աշխատում, մի՛ օժանդակեք հայակործան ծրագրերին, օղակը օրավուր սեղմվում է տարածրջանում, օղակ, որի նպատակը մեր տեսակին խեղդամահ անելն է, ներդրեք ձեր վաստակը ի շահ ձեր ընտանիքների, ձեր մշակույթի, ձեր դպրոցի, հանուն ձեր ու մեր սիրելի երկրամասի հոզորացման,

- հիշե՛ք․ պատահական ոչինչ չկա կյանքում, և կազինոների «հաղթարշավը» ևս պատահական չի խրախուսվում Ջավախքում, հիշե՛ք, որ մեր մեջ ձգտում են սպանել հայկականը, և պայքարը պետք է լինի հանուն հայ մշակույթի օջախների, այլ ոչ՝ կազինոյի մշակույթի օջախների,

- հիշե՛ք, որ մեզ պետք է հայերեն խոսքի, հայ մշակույթի ու պատմության գիտակ սերունդ, մեզ պետք է պատվախնդիր սերունդ, այլ ոչ՝ կազինոյի լեզվով հաղորդակցվող, հայակործան ծրագրերի առջև վիզ ծռող անմեղսունակների զանգված,

- հիշե՛ք, որ Սահակաշվիլին ջարդեց մեր թատրոնները, մեր դպրոցները, մեզ վայրենի և բարբարոս որակելով՝ բացեց ոստիկանատները, փակելով մեր մշակույթի օջախները՝ բացեց մեր առջև բանտերը, այժմ էլ մշակույթի օջախների փոխարեն բացվում են կազինոները, որտեղից թշվառություն կամ բանտ մեկ քայլ է։

- հիշե՛ք մեծն Սոս Սարգսյանի խոսքերը՝ այնտեղ, որտեղ քիչ են թատրոնները, շատ են բանտերը,

- հիշե՛ք՝ վաղը ուշ է լինելու, շատ ուշ, հիշեք և ուշքի եկեք․․․

- հիշե՛ք, որ Ջավախք կոչվող այդ երկրամասը թանկ, շատ թանկ երկրամաս է, իսկ այն սահմանը, որը դուք այսօր անարգել անցնում եք և պապակ սրտով ներխուժում կազինոներ, մի օր փակվելու է ձեր առաջ, և այդ օրը ամենևին էլ յոթ սարի հետևում չէ․․․

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը