Կարծիք

20.09.2019 08:39


Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը

Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը

Հետպատերազմական Եվրոպայի քաղաքական միտքը գլխավորապես կենտրոնացած էր հանրային կյանքի կազմակերպման առանցքային մի խնդրի վրա՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ժողովրդավարական համակարգերը հետպատերազմյան Եվրոպայում: Որքանո՞վ կամ ի՞նչ աստիճանի իշխանությունների ձևավորման համակարգերն ու կատուցակարգերը պետք է համապատասխանեն ներկայացուցչական ժողովրդավարության պահանջներին: Արդյոք անհրաժե՞շտ է որոշակի ինստիտուցիոնալ սահմանափակումների ենթարկել ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ վերջինիս դասական ընկալմամբ:

Ինչո՞ւ էր եվրապական քաղաքական միտքը կանգնել նշված քաղաքագիտական փնտրտուքի առջև:

Բանն այն է, որ թե՛ գերմանական նացիոնալ-սոցիալիզմը, և թե՛ իտալական ֆաշիզմը իշխանության եկան օգտվելով ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուցիոնալ հնարավորություններից: Թե՛ մեկ, և թե՛ մյուս քաղաքական ուժը իշխանության էր եկել միանգամայն լեգիտիմ և ներկայացուցչական ժողովրդավարությունը մարմնավորող խորհրդարանների անվերապահ աջակցությամբ: Դա էր այն քաղաքական հենքը, որով թե՛ Հիտլերը, և թե՛ Մուսսոլինին հռաչակեցին իրենց ժողովրդին ներկայացնող միակ և բացառապես միակ գործիչներ՝ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի իրագործելով իրենց մարդատյաց ծրագրերը:

Եվ քանի որ ժողովրդական զանգվածների անպատասխանատու և ցածր իրավագիտակցությամբ պայմանավորված այդ վուլգար ներկայացուցչական ժողովրդավարությունը շատ թանկ նստեց եվրոպացիների վրա՝ պատճառ դառնալով ավերածությունների և միլիոնավոր զոհերի, ուստի հետպատերազմյան Եվրոպան կանգնած էր ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտները ռացիոնալ սահմանափակումների ենթարկելու քաղաքական հրամայականի առջև:

Այսինքն եվրոպացիները դասեր քաղեցին իրենց ցավալի պատմական ոչ վաղ անցյալից՝ հստակ գիտակցելով, որ վուլգար ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ զանգվածների ցածր իրավագիտակցության պայմաններում, չարիքի սկզբնաղբյուր է:

Այդ սահմանափակումները իրենց արտահայտությունը գտան իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի սահմանադրական կարգավորումներում, ինչպես նաև, ինչը պակաս կարևոր չէ, չընտրված ինստիտուտների (շատ երկրներում, օրինակ, դատարանները) և ընտրողներին ոչ հաշվետու այնպիսի ինստիտուտների ուժեղացման իրավական կառուցակարգերում, ինչպիսիք Սահմանադրական դատարաններն են:

Ահա թե ինչու, ի տարբերություն գործադիր և օրենսդիր իշխանությունների, որոնց լեգիտիմությունը պայմանավորված է հանրության հիմնական հատվածի պահանջներն ու սպասելիքները բավարարելու կարողությամբ, դատական իշխանության և սահմանադրական արդարադատությունը երաշխավորող ինստիտուտի՝ Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը չի կարող պայմանավորվել այդ ինստիտուտների կողմից հանրության պահանջների կատարմամբ: Ուստի դատական համակարգի, ներառյալ՝ Սահմանադրական դատարանը, լեգիտիմության միակ պայմանը, ինչը և պետք է պահանջի նրանցից ժողովուրդը, դա բացառապես Սահմանադրությանը և օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալն է:

Հենց այս իրավաքաղաքական հիմքով է պատճառաբանվում դատական իշխանության իրավասությունների տիրույթ ցանկացած հիմնավորմամբ իշխանության որևէ թևի կամ մարմնի միջամտության անթույլատրելիությունը:

Տեղյա՞կ են արդյոք մեր օրենսդիրները իշխանությունների թևերի փոխհարաբերությունների ձևավորման ոլորտում եվրոպական ժողովրդավարության պատմական այս առանձնահատկություններին, համոզված չեմ:

Համոզված չեմ նաև, որ նրանք գիտակցում են թե ինչպիսի կործանարար և անվերականգնելի հետևանքներով հղի հարված են հասցնում իրավական պետության կայացման պատմական գործընթացին՝ նախաձեռնելով Սահմանադրական դատարանի հանդեպ քաղաքական արշավը:

Սա «ես եմ ժողովուրդը և միայն ես եմ ներկայացնում ժողովրդի իշխանությունը» քվազիժողովրդավարական թեզի ուղղակի հետևանքն է և նպաստում է իշխանական համակարգերում անպատժելիության սինդրոմի հաստատմանը:

Եվ ցավն այն է, որ ժողովրդի (թեկուզ և փոքրացման միտում ունեցող) մի հատված կուրորեն հավատացած է մեր հեղափոխական իշխանությունների այս գործողությունների արդարացիության մեջ:

Ի դեպ, մենք դեռևս ամբողջ խորությամբ չենք գիտակցում, թե ինչպիսի վնաս հասցրեց դատավոր Աննա Դանիբեկյանը սահմանադրականությանը՝ անտեսելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը:

Ե՞րբ պետք է մենք գիտակցենք, որ բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը