Կարծիք

27.04.2010 18:10


Խաղը շարունակվում է, դաշտում միայն թուրքերն են

Խաղը շարունակվում է, դաշտում միայն թուրքերն են

Հայաստանը փրկեց բոլորին, այդ թվում Թուրքիային, բայց ոչ իրեն: Հայ-թուրքական գործընթացում, բնականաբար, յուրաքանչյուր կողմ և շահագրգիռ երկիր ունի իր հաշվարկները, որոնք արվում են իրենց շահերի տեսանկյունից: Հայաստանի շահը, բնականաբար, բաց սահմաններ ունենալն է ու կիսաշրջափակման օղակի վերացումը, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին: Եվ այս նպատակի իրագործման համար զոհասեղենին դրվեց Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը՝ հայ ժողովրդի պահանջատիրության հիմնական իրավական կռվաններից մեկը, ինչպես նաև հայ ժողովրդի հպարտությունն ու արժանապատվությունը, քանզի գործող սահմանի ճանաչումը նշանակում է օրինականացնել թուրքական 1920 թ. աշնանը իրագործած բռնազավթումը և ցեղասպանության հետևանք հանդիսացող հայրենազրկումը:

Սակայն պետք է արձանագրել, որ նույնիսկ նման զոհողությունների գնով Հայաստանը չստացավ իր փափագած բաց սահմանը:

Այս գլխավոր նպատակից ածանցված, Հայաստանը ակնկալում էր ևս մի քանի արդյունքներ, որոնք փաստացիորեն և պաշտոնապես չեն բարձրաձայնվում, սակայն փորձագետների կամ այս կամ այն տրամաչափի խոսնակների կողմից մատնանշվում են: Օրինակ,

1.Հայաստանը ստացավ որոշակիորեն վատթարացած ու վտանգված թուրք-ադրբեջանական հարաբերություններ,

2.Հայոց Ցեղասպանության հարցը, որոշակի վտանգվածությամբ հանդերձ, լսելի դարձավ առավել լայն միջազգային շրջանակներում, անգամ Թուրքիայում,

3.Հայաստանը անմիջականորեն զգաց թուրքական դիվանագիտության ուժն ու կարողությունները,

4. հայոց իշխանությունները հասկացան, որ վտանգավոր է խաղալ հայոց ազգային շահերի ու զգացմունքների հետ, որոնք ձևավորվել են ոչ այսօր և չեն վերանա վաղը չէ մյուս օրը,

5. Հայաստանի վարկը որոշակիորեն բարձրացավ միջազգային հարթակում...

Իհարկե այս ձառքբերումներից որոշները չի կարելի բացարձակ հաջողություններ դիտել, քանզի դրանք երբեմն պահային են ու չեն կարող գործել երկար ժամանակահատվածում: Օրինակ, թուրք-ադրբեջանական հարաբերությունները ինչքան էլ սառեն, չեն վերածվի սառույցի, ընդհակառակը, փորձությունը հաղթահարելով նրանք ավելի վստահ կզգան իրենց: Փաստացի, Թուրքիան Ղարաբաղյան հարցը գերադասեց իր արևելյան սահմանների օրինականության ճանաչումից: Եվ այստեղ կա շատ ռացիոնալ հաշվարկ. խաղասեղանին ներկայումս Ղարաբաղյան հարցն է, այլ ոչ թե Թուրքիայի արևելյան տարածքների հարցը և Ղարաբաղում է, որ վտանգված է թուրքականությունը: Իսկ Եվրամիության անդամակցությունը վաղը տեղի չի ունենա, եթե նույնիսկ բացվի հայ-թուրքական սահմանը:

Ի՞նչ նպատակներ էր հետապնդում Թուրքիան

  1. Թուրքայի արևելյան սահմանի օրինականության ճանաչում:
  2. Ներգրավում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում և Կովկասյան խնդիրներում՝ ընդհանրապես:
  3. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի արգելակում և տեղափոխում հայ-թուրքական պատմագիտական երկխոսության դաշտ:
  4. Հայաստանի և Սփյուռք միջև պառակտման սերմանում:
  5. Եվրամիության անդամակցության համար դրական իմիջի ապահովում:
  6. Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում առկա տաբուի անվտանգ հաղթահարում:
  7. Թուրքիայի արևելյան նահանգների տնտեսական զարգացման խթանում:

Եվ «զարմանալիորեն» այս բոլոր նպատակների իրագործման համար Թուքիային ամենևին էլ պետք չէր և չի շուտափույթ վավերացնել արձանագրություններն ու բացել սահմանը: Ընդհակառակը, այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է երկար մի առևտրական գործընթաց, որը և ստացավ Թուրքիան:

Այս հարցում հայկական դիվանագիտությունը հայտնվեց թուրքական և սեփական՝ գեղեցիկ հեռանկարներով պարուրված ծուղակում: Հայաստանը արձանագրություններով փաստացիորեն զոհ մատուցեց Թուրքիային, իսկ Թուրքիան ստանալով այդ զոհաբերությունները, պահանջեց և ստացավ ավելին, միաժամանակ Հայաստանին չտալով ոչինչ էական: Ավելին, արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցումը կրկնակի ջուր լցնել էր ոչ միայն միջազգային հանրության ջրաղացին, այլ հատկապես Թուրքիայի ալրաղացին: Արձանագրությունները ի սկզբանե Թուրքիայի գրպանում էին և մենք ավելի խորը խոթեցինք դրանք այնտեղ, ասելով՝ երբ ուզում ես և ինչպես ուզում ես խաղարկիր դրանք՝ մենք տեր ենք մեր ստորագրությանը: Եվ, ավելին, այդ նպատակի համար պատրաստ ենք չկատարելու նույնիսկ սեփական ժողովրդին հրապարակայնորեն տրված խոստումը. այն է՝ եթե Թուրքիան ողջամիտ ժամկետներում չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունները, այսինքն միակողմանի չեղյալ կհամարի գործընթացը, այլ ոչ թե սեփական դիվանագիտության համար կսառեցնի այն:   Եվ առկա թյուր կարծիքը, թե թուրքական դիվանագիտությունը այն չէ, ինչ պատկերացնում էինք ապշահար, առ ոչինչ է, եթե ոչ ինքնախաբեություն և ձախողումը քողարկելու միջոց: Թուրքիան այն պետությունն է, որը իր և իր եղբոր ազգային շահերը վաճառքի չհանեց միջազգային հարթակում. ոչինչ, թող աղմկեն բոլորը, աղմուկն անցողիկ է, էլ չասենք, որ Թուրքիան ավելի մեծ փոթորիկներ է սանձել ու սանձում, այս քամին ի՞նչ է որ:

Իսկ մենք ոգևորված հարվածեցինք գնդակին ու այն մնաց երկնքում ու մի վատ բանակցված կեսգիշերի կարող է հայտնվել մեր դարպասում...

Իրականում Հայաստանը «ողջամիտ ժամկետների» թեզը փոխարինեց ոչ թե որոշակի ժամկետով, այլ դարձրեց անժամկետ, իսկ արձանագրությունների տաք կերակուրը զիջեց Թուրքիային՝ հանգիստ վայելելու, իրեն պահելով միայն  սառած կերակրահոտը, որը նույնիսկ պիտանի չէ խաղարկվելու՝ ասենք «ողջամիտ ժամկետների» կամ որևէ այլ նմանատիպ սցենարով: Մենք այլևս անուժ ենք և միայն Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված ստորագրությունների հետ կանչմամբ կարող ենք հաղթական ավարտին հասցնել վտանգված ֆուտբոլային խաղը, որի մեջ մտել ենք ինքներս և այն լքել կամավոր: Դաշտում միայն թուքերն են:

Արտակ Սարգսյան

պատմաբան

Այս խորագրի վերջին նյութերը