Քաղաքական

17.09.2019 13:08


Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամի դեմ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամի դեմ

News.am-ը գրում է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Գործը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին և մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին։ Որպես 3-րդ անձ ներգրավված է նաև iravaban.net կայքը։

Նշենք, որ Armtimes.com–ին դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել է, որ հայցի պատճառը Մելիքջանյանի օգոստոսի 13-ին «Iravaban.net»-ին տված հարցազրույցն է: Գրիգորյանը նշել է, որ միայն զրպարտությունը հերքելու պահանջ է ներկայացրել:

Հարցազրույցում Լիպարիտ Մելիքջանյանը, մասնավորապես, ասել է. «Բանը հասել է նրան, որ հայտնի իրավաբանները նշում են, որ պաշտոնական կեղծիքի կատարումը դատարաններում տարածված երևույթ է, նշանակո՞ւմ է դատավորներն ամեն օր պաշտոնական կեղծիք են կատարում։ Կամ ի՞նչ է նշանակում առանց որոշմանը, առանց փաստական հանգամանքներին ծանոթանալու փաստաբանները ստորագրահավաքներ են կազմակերպում, հավաքվում են, պաշտպանում են Դավիթ Գրիգորյանին: Ո՞ւմից են պաշտպանում: Դավիթ Գրիգորյանի գործոնը դնենք մի կողմ. ի՞նչ է նշանակում՝ անձը, դատավորը առանց կողմերին ծանուցելու դատական նիստ է նշանակում ու այդ դատական նիստի օրը, ինքը և իր դատական նիստերի քարտուղարը՝ զբաղված իրենց ընտանեկան հոգսերով, կամ չգիտեմ՝ որևէ սրճարանում նստած զովացուցիչ ըմպելիք են խմում՝ հետագայում այդ դատական նիստի արձանագրությունը կեղծելով, ստորագրում և մտցնում են դատական գործերի մեջ: Ու դա համարում են նորմա՞լ: Այսինքն՝ պաշտոնական փաստաթղթում դատավորի կողմից պաշտոնական կեղծիք կատարելը կարելի է մեկնաբանել, որ տարածված է դատական համակարգում և դա նորմա՞լ է: Ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել իմ կողմից այդ որոշման տակ ստորագրելու հանգամանքին: Գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, որ եթե դատավարը՝ պաշտոնական փաստաթղթում պետք է պաշտոնական կեղծիք կատարի ու դրա առնչությամբ հիմնավոր կասկածներ առկա լինեն ԲԴԽ-ի մոտ, ապա ԲԴԽ-ն միանշանակ պետք է բավարարի այդ միջնորդությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը