Մեկնաբանություն

17.09.2019 00:05


Կոլեկտիվ հանցանքի մարտավարությունը. ափսոս էր Արարատը

Կոլեկտիվ հանցանքի մարտավարությունը. ափսոս էր Արարատը

Նիկոլ Փաշինյանն ապօրինությունների ցուցահանդես է կազմակերպել։ Նրա թիրախն այժմ դատական համակարգն է։ Օրենսդիրն ու գործադիրը սեփականաշնորհելուց հետո իշխանության երրորդ ճյուղի սեփականաշնորհումը հնարավորություն կտա տնաբույծ ֆյուրերիկին դառնալ իր երազած տղան։

Պարզվում է, սակայն, որ նրա ապօրինի ու հակասահմանադրական ցանկություններին «չէ» ասող կա՝ Սահմանադրական դատարանն ու անձամբ դրա նախագահ Հրայր Թովմասյանը։ Այդ «չէ»–ն հաղթահարելու համար նա փորձում է ներգրավել ամբողջ պետական ինստիտուտները։ Ամեն ինչ արվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական արշավը գլուխ բերվի և Փաշինյանի հոգեբանական պահանջմունքները բավարարվեն։

Արդյունքում՝ պետական ինստիտուտները ապալեգիտիմացվում են և դառնում մեկ մարդու ապօրինի ցանկությունների իրագործման գործիք։ Վանեցյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ չի ցանկանում մտնել անհավասարակշիռ մարդու ցանկությունների բավարարման դաշտ։ Իշխանության մեջ առկա ողջամիտ մարդիկ դեռ լուռ են։ Նիկոլի թիրախում հիմա նաև սեփական թիմակիցներն են։

Փաշինյանը ապօրինություններ է անում ու չի ուզում մենակ մնալ։ Նա կոլեկտիվ հանցանքի է դրում իր խմբակցությանը, ուժայիններին, քննչական մարմիններին։ Բոլորին։ Նա ուզում է մահապարտ սարքել բոլորին, որպեսզի վաղը նրանք հանուն սեփական կաշին փրկելու՝ թույլ չտան իշխանափոխություն։

Նիկոլի թիրախում է հայտնվել ԱԺ–ն։ Սովորաբար տեսակետներ չհայտնող և սուր անկյուններից խուսափող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու խորհրդարանի բոլոր խմբակցություններին ու հատկապես «Իմ քայլին» «ժողովրդի» վարչապետը որոշել է «փչացնել»։ Նա նրանց ստիպել է հարձակվել ՍԴ–ի վրա և հակաիրավական քայլերի գնալ։

Մինչև վերջերս Ա. Միրզոյանին հաջողվել էր պլստալ նիկոլական անհավասարակշիռ դաշտում հայտնվելուց։ Նա բավական նիկոլականություն ուներ փողոցներում արագաչափերի վրա սկոչ կպցնելու համար, բավական շուստրիություն ուներ հեղափոխության արդյունքներից օգտվելու համար, բավական «տան տղա» էր փոշեծծչի հետ խաղալու համար, բավական խելք ուներ լղոզված տեսակետներ հայտնելու համար, բայց, փաստորեն, բավական «դուխ» և հեռատեսություն չի ունեցել Նիկոլի մահապարտը չդառնալու և նրա հրահանգը չկատարելու համար։

Ափսոս էր Արարատը։ Այդքան երիտասարդ, բայց արդեն Նիկոլի մահապարտ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը