Մեկնաբանություն

17.09.2019 10:30


«Մարտի 1»–ը տոն է, որ միշտ Նիկոլի հետ է (տեսանյութ)

«Մարտի 1»–ը տոն է, որ միշտ Նիկոլի հետ է (տեսանյութ)

Եթե հիշում եք, սեպտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն այցելեց հարազատ դպրոց` ուսումնական տարվա մեկնարկն ազդարարելու այնտեղից, որտեղից սկսվել է «թավշյա հրաշքը»` կուշտուկուռ, անհոգ, անամպ, երջանիկ ներկան, որ պարգեւել է անգրագետ Պողոսին եւ իր բազմամարդ անգրագետ ընտանիքին «20 տարվա» դժոխային տառապանքներից հետո`ազատելով «հանցավոր ռեժիմից»։

Փաշինյանի՝ Տավուշի մարզի Վահան գյուղ կատարած «պատմական այցի» մասին պատմող ռեպորտաժում շա՜տ ուշագրավ մի դրվագ կա, որ հանիրավի դուրս է մնացել «լայն հասարակայնության» տեսադաշտից. Որքան էլ անհավատալի կարող է թվալ, տեսանյութի 55-րդ վայրկյանին ալամ աշխարհի հայոց վարչապետը, դիմելով դպրոցականներին, ասում է. «Էրե՛խեք, բարեւ ձեզ, շնորհավոր ձեր մարտի 1-ը»... Հետո ինքն իրեն ուղղում է. «...սեպտեմբերի 1»-ը»։

Սրա՛ համար է ասված` սատանան մանրուքների մեջ է։

Մարտի 1-ը «բեկումնային» այն հանգրվանն է, որ «երկրորդ շնչառություն» տվեց, «մեռած-չթաղած» վիճակում գտնվող ՀՀՇ-ին հնարավորություն ընձեռեց նոր փաթեթավորմամբ ներկայանալ հանրությանը` ՀԱԿ-ի բրենդի ներքո վերադառնալ «մեծ քաղաքականություն»։

Մարտի 1-ից «բռնվելով» էր, որ տասնամյա «բացակայությունից» հետո լռության ուխտը խախտած` «ավազակապետության դեմ» պատերազմի կարգախոսով անէությունից հառնած Տեր-Պետրոսյանն անգամ ընտրությունները տանուլ տալուց հետո կարողացավ մնալ ջրի երեսին եւ 2012թ. ընտրությունների արդյունքում՝ ի դեմս ՀԱԿ-ի, պատգամավորական 7 մանդատ ձեռքը գցեց, ինչի մասին երազել անգամ չէր կարող. 2007թ. իր «անունով» մասնակցելով ընտրություններին`1 տոկոս էլ չէր հավաքել։

Ինքը` Փաշինյանը, որ մինչ այդ «աչքի էր ընկել» նախագահի «իմպիչմենտի» կանխավ անիրականանալի «ռոմանտիկ» նախաձեռնությամբ, այդ լոգոյի տակ մասնակցելով 2007թ. ընտրություններին, 1,3 տոկոս էր ստացել, Մարտի 1-ով դարձավ քաղաքական գործիչ. ՀԱԿ-ի ցուցակով հայտնվեց խորհրդարանում, կարճ ժամանակ անց հիշեց իր հին կարգախոսը՝ Տեր-Պետրոսյանին մեղադրելով քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ Ծառուկյանի հետ համագործակցելու մեջ, «անկախացավ» իրեն ԱԺ բերած քաղաքական ուժից եւ դարձավ ՀԱԿ-ի հիմնական ընդդիմախոսներից մեկը. ՀՀԿ-ից առաջ, թե հետո` գնահատելու խնդիր է։

Լեզվի սույն «սայթաքումն» այդ առումով ամենեւին էլ լեզվի սայթաքում չէր, այլ փաստի արձանագրում, որ Մարտի 1-ը 10 տարուց ավելի 10 զոհերի դարդը լացող այս մարդկանց համար իրականում ոչ թե «համազգային սգո օր» է, որի հետ անգամ Հայոց Ցեղասպանությունը չի կարող համեմատվել (ինչպես Արցախյան հաղթանակը սրանց համար չի կարող համեմատվել ապրիլյան «թավշյա, ոչ բռնի» խեղափոխության հետ), այլ տոն։ Տոն, որը միշտ Նիկոլի, Լեւոնի եւ սրանց վկաների հետ է։ Մյուս կողմից` եւս մեկ անգամ ի ցույց է դնում Նիկոլի վախերը եւ բարդույթները։

Հայտնի է, որ հանցագործը միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ կատարել է հանցագործությունը։ Նիկոլը քաղաքական «լուրջ» դիվիդենտներ ստացավ` հարյուրի վրա շահարկելով մարտիմեկյան ողբերգությունը, կարելի է ասել` դրա վրա կառուցել իր «քաղաքական կապիտալը» եւ կարիերան (չհաշված, իհարկե, Քոչարյանի «միլիարդների», «20 տարվա ալան-թալանի», 50-50-ների, «չամադաններով» Բաղրամյան 26 տարվող միլիոնավոր դոլարների մասին էժանագին մանիպուլյացիաները)։

Բայց ինքը հո լավ գիտի, որ 10 զոհերի արյան պատասխանատվությունը եթե ոչ 100, ապա 99 տոկսով իր եւ իր բնական դաշնակցի`Տեր-Պետրոսյանի ուսերին վրա է ծանրացած։ Եթե ԼՏՊ-ի հրահանգով մարդկանց հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով չպահեր «դեպքի վայրում», կոչ չաներ զինվել քարերով եւ ձեռքի տակ ընկած «հարձակողական» այլ զենքերով, քսի չտար ոստիկանության վրա, ասելով` «հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ...», մայրաքաղաքի կենտրոնում հայի ձեռքով հայի արյուն չէր թափվի։ Իրենք էլ այդ արյունը քաղաքական առուծախի առարկա` քաղաքական դիակապտության գործիք դարձնելու պատեհություն չէին ունենա`կանցնեին պատմության գիրկը, կմոռացվեին` մղձավանջային ծանր երազի պես։

Դրա համար էլ` ինչ էլ որ ասի, ինչ էլ անի, ինչից էլ խոսի, մտքին միշտ Մարտի 1-ն է, որտեղից սկսել է սրընթաց վերելքը դեպի վարչապետի բաղձալի աթոռը։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը