Կարծիք

16.09.2019 15:20


Քաղաքապետ Հայկոյի աննկատ մնացած ստի մեխանիկան

Քաղաքապետ Հայկոյի աննկատ մնացած ստի մեխանիկան

Վերջերս վարչապետն ու Երևանի քաղաքապետը ուղիղ եթերում քննարկումներ էին անում, որի ժամանակ քաղաքապետը հայտարարեց, որ Սանիթեքի փողը քաղաքապետարանը ժամացույցի ճշտությամբ միշտ տվել է և ոչ մի պարտք ու պահանջ չկա: Բայց հետո պարզվեց, որ դա սուտ է և Սանիթեքին պարտք, այնուամենայնիվ, կա՝ քաղաքը մի քանի ամիս է չի վճարում այդ ընկերությանը: Այդ դրվագը, կարծես, ոչ ոք չնկատեց ու դրանից հետո ոչ մեկը չասաց, թե ինչո՞ւ է Հայկ Մարության կոչեցլայը իրեն թույլ տալիս խաբել հանրությանն ու վարչապետին: Իհարկե եթե գիտենք մեր իշխանավորների աշխատաոճն ու ներքին խոհանոցը, ապա մեզ համար պարզ է, որ նա վարչապետին երբեք չէր համարձակվի խաբել, ու այդ սուտը նա ասել է հենց վարչապետի թույլտվությամբ՝ մարդկանց մոլորեցնելու նպատակով. այսինքն դա հերթական օրինակն է իշխանությունների կողմից հանրությանը մանիպուլացնելու և փաստացի ծաղրելու: Ուրիշ նորմալ երկրներում այսպիսի բաներ չեն լինում. չեն լինում ոչ այն պատճառով, որ այնտեղ իշխանավորները սուրբ են ու սուտ չեն խոսում, այլ այն պատճառով, որ այնտեղ հասարակությունը իրավագիտակից է, և որ ամենակարևորն է՝ իրավատեր է, հետևաբար եթե իշխանավորները այդպիսի բան են անում, ապա դա աննկատ չի մնում ինչպես մեր մոտ, դա պայթում է ու ցասման հզոր ալիքը այդ իշխանավորին, որը փորձել է ստել հասարակությանը, ուղղակի դուրս է շպրտում իշխանական բուրգի իր զբաղեցրած տեղից: Իսկ մեզ մոտ, ցավոք սրտի, չկա այն հասունության մակարդակը, որպեսզի հասկանան, թե որտեղ է հարկավոր ցասումի ալիք բարձրացնել, և որտեղ՝ ոչ:

Ե՛վ մարդկանց պարագայում, և՛ հասարակությունների պարագայում հասունության վկայություն կարող է լինել առաջնահերթությունների հստակ գիտակցումը, այսինքն մարդիկ և հասարակությունները պիտի կարողանան զանազանել, թե ինչն է իրենց համար կարևորը և ինչը՝ ոչ: Մեզանում արդեն սովորական բան է դարձել, երբ բարձրաստիճան պաշտոնյաները ուղղակի ստում են, ու մարդկանց թվում է, թե դա նորմալ է, որ այդպես էլ պիտի լիներ, որ իբրև թե ողջ աշխարհում է այդպես, բայց չեն գիտակցում, որ եթե իրենք այդպես են մտածում և դա նորմալ են համարում, ուրեմն պիտի մեկընդմիշտ հրաժարվեն իրենց իրավունքներից, պիտի հրաժարվեն արժանապատիվ կյանքով ապրելու ցանկությունից և պիտի ընդունեն, որ իրենք պաշտոնավորների ձեռքին ընդամենը իրավազուրկ հպատակներ են ու վերջ:

Ինչևէ, քաղաքապետի այս շարքային ոչ այնքան մեծ ստի (առաջին հայացքից այդպես երևացող) օրինակով կարելի է մեր հասարակության ախտորոշումը տալ, և ասել, որ այս կարգի քաղաքապետերն ու վարչապետները կստեն ու կծաղրեն մարդկանց ու հասարակությանը այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդիկ ու հասարակությունը դուրս չեն եկել իրենց պատանեկան միամտության ու ծերունական մանկամտության գրկից:

Վերջում չմոռանամ ասել, որ մեր իշխանությունները, Սանիթեքի գործունեությանը դիտավորյալ խոչընդոտներ ստեղծելով, ուղղակի հարվածում են մեր երկրի գործարարության իմիջին․ չմոռանանք, որ այդ կազմակերպությունը օտարերկրյա կազմակերպություն է, ու այս նախադեպից հետո, ոչ մի օտարերկրացի չի ուզենա մեր երկրում բիզնես անել ու ներդրումներ իրականացնել: Շատերը արդարացիորեն Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված են նմանատիպ ռիսկ տեսնում, ասեմ որ Սանիթեքի հետ տեղի ունեցածը այդ իմաստով պակաս կարևոր չէ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը