Մեկնաբանություն

16.09.2019 11:35


«Մարտի 1»–երի աճուրդը (տեսանյութ)

«Մարտի 1»–երի աճուրդը (տեսանյութ)

2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած բախումներն ու սպանությունները դարձան շահարկման և աճուրդի առարկա։

Ողբերգությունը շահարկում ու աճուրդի էին հանում նրանք, ովքեր մեղքի հսկայական բաժին ունեին։ Խոսքը, մասնավորապես, Լևոն Տեր–Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի մասին է։

1–ին նախագահի համար «Մարտի 1»–ն ընդհանրապես դարձավ քաղաքական գործունեության ու անձնական խնդիրների լուծման միջոց։

Լևոնականներն ապրում էին «Մարտի 1»–ի թեմայով հանրահավաքից–հանրահավաք։ Ամեն տարի տեղի ունեցող հանրահավաքից կարելի էր եզրակացնել, թե ինչքանով, ում հետ և ինչ պայմաններով է ստացվել կամ չի ստացվել Տեր–Պետրոսյանի առևտուրը։ Ըստ հանրահավաքում հնչած գնահատականների երևում էր, թե ով է եղել այդ տարվա մարտիմեկյան հանրահավաքի «տեխնիկական» ու ինֆորմացիոն հովանավորը կամ ակնկալվող հովանավորը:

Երբեմն Հայ ազգային կոնգրեսում գարնանային զեղչեր էին հայտարարվում, և «Մարտի 1»–ի թեմայով որևէ անուն չէր տրվում։ Երբեմն տրվում էին մի քանի անուններ։ Ամեն ինչ կախված էր ստվերային գործարքի պայմաններից։

2008-ից հետո ամեն տարի տեղի ունեցած մարտիմեկյան միջոցառումները տարբեր թիրախներ և շեշտադրումներ են ունեցել։ Եղել է տարի, երբ Տեր–Պետրոսյանն ընդհանրապես տանից դուրս չի եկել ու չի մասնակցել «Մարտի 1»–ի թեմայով հանրահավաքին այնպես, ինչպես 2008–ին տանից դուրս չեկավ ու երեկոյան էլ հանգիստ քնեց։

«Մարտի 1»–երի աճուրդային պատմությունը

2009թ.

2009–ի մարտիմեկյան հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանը բոցաշունչ ելույթ ունեցավ (Նիկոլն այդ օրերին փախած էր. նա հետո պետք է պայմանավորվածության համաձայն դուրս գար ընդհատակից, դատվեր, հետո գործարքի արդյունքում ազատվեր ու գործուղվեր խորհրդարան)։ Թիրախը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին։

Տերպետրոսյանական քարոզչամեքենան ու լևոնականներն այդ ժամանակահատվածում անընդհատ տարածում էին, որ օլիգարխների թիկնապահներն են ներգրավված եղել «Մարտի 1»–ի բախումների ժամանակ ու հատկապես թիրախավորում էին Գագիկ Ծառուկյանին։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանին քննադատելով հանդերձ՝ ՀԱԿ առաջնորդը ճանապարհներ էր փնտրում նրա հետ երկխոսության, ավելի պարզ ասած՝ գործարքի մեջ մտնելու համար։ Նա հետագայում նույնիսկ Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների պատմությունը հիշեց՝ պատրաստակամություն հայտնելով դառնալ Ս. Սարգսյանի «միաբանը» և ակնարկելով, որ այդ դեպքում «մարտի 1»–ը կարելի է համատեղ ուժերով դուրս գրել Ռոբերտ Քոչարյանի վրա։

2010թ.

Դատելով ամենից՝ Ս. Սարգսյանը չէր շտապում հրապարակավ «երկխոսացնել» «Մարտի 1»–ը աճուրդի հանածներին։ Դա էր պատճառը, որ 2010–ին տեղի ունեցած հանրահավաքում Սարգսյանը դեռ շարունակում էր Տեր–Պետրոսյանի թիրախում մնալ։

2011թ.

2011–ին Տեր–Պետրոսյանի բաղձալի երազանքն իրականացավ։ Նա «մեսիջներ» ստացավ, որ Սարգսյանը պատրաստ է «երկխոսության»։ Բայց որպեսզի այդ ամենին տրվեր ժողովրդական տեսք, ՀԱԿ առաջնորդը ամբոխավարության և դեմագոգիայի «մաստեր կլաս» ցույց տվեց։ Նա «երկխոսության» գնալու սեփական որոշումը ներկայացրեց որպես Մատենադարանի մոտ հավաքվածների որոշում՝ «քվեարկություն» կազմակերպելով հանրահավաքի ժամանակ (Նիկոլն, ըստ ամենայնի, իր ուսուցչից է սովորել հանրահավաքի մասնակիցների անունից լիազորություններ ստանալն ու ժողովրդի անունից խոսելը)։

«Երկխոսությունը» կայացավ, բայց շատ արագ տապալվեց, քանզի Սարգսյանը Տեր–Պետրոսյանից ստացել էր իրենը։ ՀԱԿ–ը հայտնվեց փակված զուգարանների առաջ։

2012թ.

2012–ի մարտիմեկյան հանրահավաքն արդեն անցնում էր Սերժ Սարգսյանից «քցվելու» ու Գագիկ Ծառուկյանի կողմից սեփականաշնորհվելու խորագրի ներքո։ Մինչև այդ՝ Տեր–Պետրոսյանը հասցրել էր «քաղաքագիտական վերլուծություն» անել և կամուրջներ գցել դեպի ԲՀԿ։

Հանրահավաքում նա մեղմեց իր գնահատականները Ռոբերտ Քոչարյանի հասցեին, կատաղի հարձակվեց Սերժ Սարգսյանի վրա ու դարձավ ԲՀԿ–ին անդամակցած Վարդան Օսկանյանի քաղաքական փաստաբանը։ Այն Օսկանյանի, որին 2008–ից հետո լևոնականները մարտի 1–ի համար էին մեղադրում։

2013թ.

Ծառուկյանի հետ համագործակցությունը հոգեկան ու նյութական հանգստություն էր բերել Տեր–Պետրոսյանին, ու նա 2013–ի մարտի 1–ի միջոցառումներին չէր մասնակցում։ ՀԱԿ-ը մարտի 1-ի զոհերի հիշատակը ոգեկոչեց Սուրբ Սարգիս եկեղեցում։

Լևոնենք Ծառուկյանին կցված լինելու փուլում նույնիսկ պատրաստ էին Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել ու ծառայություններ մատուցել նրան, սակայն վերջինս չէր ցանկացել անգամ լսել, թե ինչ ֆորմատով են պատրաստ իր հետ համագործակցել Լևոնն ու իր խմբակը:

Ի դեպ, 2013–ին ՀԱԿ–ի «մեյդան» չգալը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ փողոցը գրավել էր նախագահական ընտրությունների ժամանակ իր իսկ համար անսպասելիորեն շատ ձայներ հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը։

2014թ.

2014–ը Ծառուկյանից բոլոր առումներով է՛լ ավելի բավարարված լինելու տարի էր լևոնենց համար։ Նրանք այնքան գոհ ու երջանիկ էին, որ տարիներ առաջ ԲՀԿ առաջնորդին մարտի մեկի համար մեղավոր համարելը «մոռացել» էին ու դարձել Ծառուկյանի վկա։

2014–ի մարտիմեկյան հանրահավաքում Տեր–Պետրոսյանը, հրահանգի համաձայն, «մոռացավ» Քոչարյանի մասին, և այդ «մոռացությունը» սեփական շարքերի մոտ կոմպենսացնելու համար հարձակվեց Սերժ Սարգսյանի վրա։

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա ՀԱԿ առաջնորդը գերազանցեց բոլոր սպասելիքները՝ նրան համեմատելով Սահակաշվիլուն իշխանությունից հեռացրած մեծահարուստ Իվանիշվիլու հետ։ Այդ համեմատության համար ՀԱԿ–ը, բնականաբար, լրացուցիչ «վիտամիններ» ստացավ, բայց դա չէր վերաբերում շարքերին ու մարտի 1–ի զոհերի հարազատներին։ Նրանց քթից բռնած ման էին ածում ՀԱԿ ղեկավարությունն ու շատ երես չէին տալիս «վիտամիններով»։

2015թ.

Երբ 2015–ին Ծառուկյանի դեմ քաղաքական հարձակում եղավ, ՀԱԿ–ը զրկվեց «տեխնիկական» հովանավորից։ Տեր–Պետրոսյանն այդ տարվա մարտիմեկյան հանրահավաքում ասելիք չուներ։

Ի դեպ, մինչև այդ հանրահավաքը Տեր–Պետրոսյանը Ծառուկյան–Սարգսյան հակամարտության ժամանակ անցավ ՀՀԿ առաջնորդի կողմն ու հրապարակավ նամակ գրեց նրան՝ ցույց տալով, որ տեղի է ունեցել վերասեփականաշնորհում։

2016թ.

2016–ի մարտի մեկին ՀԱԿ–ը ոչ մեկին պետք չէր։ Դա էր պատճառը, որ չկար ինֆորմացիոն ու «տեխնիկական» հովանավոր։ Արդյունքում՝ Տեր–Պետրոսյանը չէր մասնակցում տարբեր ուժերի նախաձեռնած հավաք–երթին, քանզի կոմերցիոն առումով կար զրոյական ակնկալիք։

2017թ.

2017–ին նույն պատկերն էր։ Հովանավորներ ու պատվիրատուներ չկային։ ՀԱԿ–ն ու ՀԺԿ–ն համատեղ միջոցառում էին կազմակերպել մարտի 1–ին, որին չէր մասնակցում Լևոն Տեր–Պետրոսյանը։

2018թ.

2018–ի մարտի 1–ին ՀԱԿ–ը Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել, հետո՝ երթ։ Տեր–Պետրոսյանը կրկին չկար։

2019թ.

2019–ին արդեն «ժողովրդի» վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր դարձել «Մարտի 1»–ի «կինոյի» մեջի տղեն։ Տեր–Պետրոսյանը չկար։ Նիկոլենք երթով եկան Մյասնիկյանի արձանի մոտ ու հետո ավտոմեքենաներով հեռացան «դեպքի վայրից»՝ միջոցառումը ամփոփելով սրճարանային միջավայրում։

Ահա այսպիսին է եղել «Մարտի 1»–երի աճուրդային պատմությունը։

Հիմա Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանն ուզում են իրենց գործած մեղքերից հոգեբանորեն ազատվել՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ սարքելով ու մարտի մեկին զոհվածների հարազատներին պետբյուջեի հաշվին 30 արծաթ միլիոն դրամ տալով։ Բայց այս ամենը բումերանգի էֆեկտ է ունենալու և իրենք իրենց արածների տակ են մնալու։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը