Մեկնաբանություն

15.09.2019 10:35


Բրայզան ասաց այն, ինչի մասին լռում է Փաշինյանը

Բրայզան ասաց այն, ինչի մասին լռում է Փաշինյանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան, որ հաճախ է «խտղտացնում» մեր նյարդերը Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր սկանդալային հայտարարություններով, ինքն էլ չուզենալով` հաստատեց այն, ինչի մասին ավելի քան մեկ տարի է՝ ահազանգում են Փաշինանի ընդիմախոսները։

«Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ,-ասաց նա` արձանագրելով,-Բաքուն շա՜տ է ուզում «առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք, վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը եւ ճնշում է վարչապետ Փաշինյանին»։

Մեր ասածն էլ հենց այդ էր. Նիկոլը Ալիեւին բա՛ն է խոստացել, պատրաստ է «խոդ տալ» փողի եւ կոմունիկացիաների դիմաց հողեր հանձնելու Բոլթոնի պլանին, բայց վախենում է կորցնել իշխանությունը, դրա համար էլ ոտքը կախ է գցում`սպասելով ավելի լավ ժամանակների։

Բրայզան թափանցիկ զուգահեռ անցկացրեց 1997-98թթ. ստեղծված իրավիճակի հետ, «երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը, կրկին հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, ինչին հետևեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը»։

Ամերիկացի դիվանագետն ինչ-որ բան ակնհայտորեն շփոթել է. «ողբերգական իրադարձություն» ասելով` երեւի նկատի ունի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, որի հետեւանքով կառավարությունը եւ ազգային ժողովը գլխատվեցին, եւ նախագահ Քոչարյանը մենակ մնաց ռազմահհշական հրետանու «նատիսկի» դեմ, բայց կարողացավ իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել, հաղթահարեց ներիշխանական ճգնաժամը եւ կանխեց ահաբեկիչների հնգյակի սկսած սողացող հեղաշրջումը։

Դրանով իսկ, կամա-ակամա, մատնել է` իրականում ում դեմ էր ուղղված, ում էր ձեռնտու եւ ինչ նպատակ էր հետապնդում Նաիրի Հունանյանը` գործի դնելով այդ հրեշավոր ծրագիրը։ Այն է` շուռ տալ պատմության անիվը եւ վերադարձնել մինչեւ 98թ. գոյություն ունեցող իրավիճակը, երբ Տեր-Պետրոսյանը «մոտ էր բեկմանը», բայց Արցախի իշխանությունը, Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը խանգարեցին` թույլ չտվեցին արձանագրել այդ «բեկումը»`Ադրբեջանին թողնելով ձեռնունայն։

Բրայզայի «բացահայտումը» սպառիչ պատասխան է տալիս այն հարցին, թե ինչու Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում` թուլացնելու Արցախի դիմադրողականությունը, ձեռքերը քշտած` ինչու է ամեն կերպ փորձում ազատվել «կոշտ թեւի» ներկայացուցիչներից՝ ի դեմս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, եւ ձեւավորել ձեռնասուն իշխանություն, որ չի խոչընդոտի կարգավորման հարցում «բեկում մտցնելու» պլանային առաջադրանքին, ինչու է այդքան հետեւողական Ռոբերտ Քոչարյանին «փակելու», ՊՆ նախկին բարձրաստիճաններին հետապնդելու եւ պատժելու հարցում։

Եվ ինչով բացատրել այն լարվածությունը, որ կա այսօր Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերություններում` ի հակակշիռ «փոխըմբռնման» այն մթնոլորտի, որ ստեղծվել է Ադրբեջանի միապետի եւ Հայաստանի «թավշյա կառավարության» միջեւ, որ նույնիսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլի պարզած թունդ ռազմահայրենասիրական «Միացում» կարգախոսը չխաթարեց։

Եթե այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածներ ունի` ինչից է գալիս «ամենաբարձր մակարդակով նոր որակի վստահությունը», որ կա Բաքվում Փաշինյանի «բարի մտադրությունների» վերաբերյալ, ոչնչով չենք կարող օգնել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը