Կարծիք

14.09.2019 09:10


Մեր արդյունաբերության արտադրանքը

Մեր արդյունաբերության արտադրանքը

Հրապարակվել է «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտադրությամբ. հունվար-հուլիս» հաշվետվությունը: Հետաքրքիր և ուշադրության արժանի փաստաթուղթ է: Նույնքան էլ` հակասական:

Իշխանություններն արդեն սկսել են մաս-մաս ի ցույց դնել այն հատվածները, որոնք դրական ընկալում կարող են առաջացնել: Սակայն խիստ ընտրողաբար: Հանքագործական արդյունաբերության արտադրանքի գծով բավական նկատելի աճ է արձանագրվել։ Բայց այս ոլորտը հիմա, մեղմ ասած, մոդայիկ չէ, և հասարակության մի հատվածի մոտ բացասական ընկալում ունի: Ուստի իշխանությունները, շրջանցելով այս ոլորտը, փորձում են կենտրոնական դարձնել մշակող արդյունաբերության ցուցանիշները: Խոսքը, բնականաբար, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատվող տվյալների մասին է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր թվեր կան: Օրինակ այն, որ թթվասերի արտադրությունն աճել է 33.1 տոկոսով: Ընդհանրապես, կաթնամթերքի արտադրության ոլորտում աճի ցուցանիշները շատ են:

Մեր արտահանումների մասին հաշվետվությունները սովորաբար միշտ ավելի ուշ են հրապարակվում: Միանգամայն հասկանալի է, որ նույն թթվասերի սպառումը ներքին շուկայում չէր կարող մեկ երրորդով աճել (մյուս կաթնամթերքների սպառումը նույնպես): Հետևաբար, եթե արտահանումը չի աճել, ապա այստեղ խոսք կարող է լինել միայն ոլորտում ստվերի էական կրճատման մասին: Մի բան, որ, կարծես, մասամբ չկա մսամթերքի ներմուծման ոլորտում:

Այս տարի հունվար-հուլիսին մսի արտադրությունը կտրուկ նվազել է` խոշոր եղջերավորինը 5.7 տոկոսով, խոզինը` 18.6 տոկոսով, ոչխարինը` 60.6: Աճել է միայն թռչնամսի արտադրությունը՝ 8 տոկոսով։ Այս թվերին զուգահեռ ավելացել է կիսապատրաստ մսամթերքների, երշիկեղենի, մսի պահածոների արտադրությունը։ Սա, իհարկե, զարմանալի չէ։ Այն, որ կաթնամթերքի արտադրության մեջ ներմուծված կաթի փոշի է օգտագործվում, հանրահայտ է։ Ճիշտ այնպես, ինչպես այն, որ մսամթերքի արտադրության մեջ ներմուծված հումք է օգտագործվում։ Ներմուծումների վիճակագրությունը դա փաստում է։ Տեղական, թե ներմուծված հումքի հաշվին վերամշակող արդյունաբերության աճը հասկանալի է։

Փոխարենը շինարարության աճին զուգահեռ շինանյութերի բնեղեն արտադրության և շինանյութի ներմուծման տվյալները չեն համընկնում։ Շինարարությունն ավելի մեծ ծավալներով է «աճում», քան ցեմենտի արտադրությունն ու ներմուծումը, ապրանքային բետոնի, բետոնե կառուցվածքների արտադրությունը։ Ավելին՝ ապրանքային բետոնի արտադրությունը նվազել է 11․3 տոկոսով։

Հակասական տվյալներ կան նաև քիմիական նյութերի ու քիմիական արտադրանքի ոլորտում։ Այն ներկայացվում է երեք ապրանքախմբերում։ Մի կողմից լաքաներկային նյութերի արտադրությունն աճել է 46․6 տոկոսով։ Մյուս կողմից օճառ, լվացող ու «հարակից» նյութերի արտադրությունը կրճատվել է 25․1 տոկոսով։ Իսկ լվացող նյութերի ապրանքախմբի կրճատումը կազմել է 11․4 տոկոս։ Այս տվյալներից վերջին երկուսը հարկավ կարող են ոգեշնչել կանաչներին։ Բայց վերադառնանք նրանց կողմից վերջին օրերին ամենաշատը քննարկվող ոլորտին։ Հատկապես, որ հասարակական ուշադրության կենտրոնում հայտնված այդ ոլորտը պաշտոնական վիճակագրությունը ևս խիստ կարևորում է։ Հավանաբար արդյունաբերական արտադրության մեջ ունեցած տեսակարար կշռի պատճառով։

Խոսքը «Հանքահումքային արդյունաբերության արտադրանք» ապրանքախմբի մասին է։ Այս խմբում հաշվառվող յոթանուն նյութերից կրճատվել է միայն տորֆի և ցինկի խտանյութի (8.4 տոկոսով) արտադրությունը։ Փոխարենը պղնձի խտանյութի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,9 տոկոսով։ Մոլիբդենի խտանյութի աճը կարելի է թռիչքային անվանել՝ 28․9 տոկոս։ Տուֆի արտադրությունը աճել է 24․1 տոկոսով (այս փաստը ևս հակասության մեջ է շինարարության ու շինանյութերի ոլորտի տվյալների հետ, կարծես՝ ընդգծելով, որ ցեմենտի արտադրության-ներմուծման թվերը պակաս վստահելի են։ Հաջորդ տվյալները՝ ևս)։ Այս տարի ավազի, խճի արտադրությունը աճել է 26․7 տոկոսով։ «Այլ միներալներ (ծակոտկեն լցանյութեր)» կոչված ապրանքատեսականու արտադրությունն աճել է 1,8 անգամ (80 տոկոսով)։ Ահա այսպիսին է մեր արդյունաբերական արտադրանքի հիմնական կառուցվածքը, ուր նկատելի բաժին ունի հանքահումքային ոլորտը, որ առաջիկայում հավանաբար ավելի կմեծանա։ Եթե Ամուլսարը վերագործարկվի։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը