Կարծիք

26.04.2010 19:34


Իշխանությունները պետք է համարձակություն ունենան իրականությունը սթափ գնահատելու

Իշխանությունները պետք է համարձակություն ունենան իրականությունը սթափ գնահատելու

Հենց սկզբից էլ պարզ էր, որ հնարավոր չէր երկար ձգել այս' ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործընթացը, և իշխանությունները ստիպված էին լինելու ընդունել իրականությունը:

Ինձ զարմացնում է երկու այլ բան: Նախ' իշխանություններն այսօր բաց տեքստով ասում են, որ մեկ տարի շարունակ իրենք հետևել են, թե ինչպես է Թուրքիան իրենց առաջ նախապայմաններ դնում, ինչպես է շահարկում գործընթացն իր օգտին և ոչ միայն հանդուրժել են դա, այլև շարունակաբար պնդել, որ նման բան չկա, որ այս ողջ գործընթացը մեծագույն հաջողություն է և աննախադեպ դիվանագիտական հաղթանակ:

Երկրորդ' եթե այս իրավիճակից դուրս գալու կես տասնյակ հնարավոր ելք կար' ոչինչ չանելուց մինչև ստորագրության հետկանչը, իշխանությունը ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը: Այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է' մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ինչը և Թուրքիայի ցանկությունն էր հենց սկզբից: Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար' չվավերացրեց արձանագրությունները, բայց և չհրաժարվեց դրանցից' Թուրքիային հնարավորություն տալով շարունակել ակտիվ ներգրավված մնալ ղարաբաղյան հարցում:

Իշխանությունները մեկ տարի շարունակ հերքում էին հայ-թուրքական գործընթացում առկա խնդիրները, և քննադատությանը հակադարձում էին, թե իրականում ամեն ինչ շատ լավ է ընթանում: Այսօր, փաստորեն, տեսնում ենք, որ իրենք գիտակցում էին, որ ինչ որ բան այն չէ, բայց ձգձգեցին մեկ տարուց ավելի' հույս ունենալով, որ հնարավոր կլինի խուսափել ընդդիմախոսների ճշմարտացիությունն ընդունելուց:

Այսօր ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն երևույթը նշմարվում է Ղարաբաղի հարցում: Այսօր նույնպես իմ քննադատությանը հակադարձում են, թե ղարաբաղյան բանակցություններում ամեն ինչ լավ է ընթանում, որ ոչ մի վտանգավոր զարգացում չկա:

Հիմա սակայն չարախնդալու ժամանակը չէ: Եվ ոչ էլ սեփական ճշմարտացիությունն ամեն գնով ապացուցելու ժամանակն է: Փաստը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացն ընթանում է մեզ համար անբարենպաստ հունով, և իրավիճակը պետք է շտկել, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է ոչ միայն շեշտադրումների, այլ նաև քաղաքականության փոփոխություն: Բայց դրա համար իշխանությունները պետք է համարձակություն ունենան իրականությունը սթափ գնահատելու և դրա լրջությունն ընդունելու, որպեսզի Ղարաբաղի հարցում էլ նույն իրավիճակում չհայտնվենք: Անհրաժեշտ է նախ գիտակցել և ընդունել, որ խնդիրներն առկա են, փորձել պարզել դրանց առաջացման իրական պատճառները և ոչ թե շարունակել իրականությունը հերքելու ավանդույթը:

Ինձ նաև մտահոգում է մեկ այլ միտում: Երկու տարի շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ գովաբանեցին հայ-թուրքական գործընթացը, անտեսեցին բոլոր խնդիրները, հարաբերությունների շուտափույթ կարգավորման և սահմանի բացման հասարակական սպասում ստեղծեցին: Եվ երբ դա հենց սկզբից տեսանելի պատճառներով տեղի չունեցավ, այսօր արդեն մի նոր' հակառակ, ծայրահեղ արձագանքի ենք ականատես: Այդ նույն քարոզչամեքենան լծվել է հակաթուրքական քարոզչությանը: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ընդունել են կարծրատիպային ծայրահեղական մի նոր կեցվածք: Բոլոր կողմերի անզգույշ քաղաքականության հետևանքով մենք հանգել ենք հայ-թուրքական հարաբերություններում փակուղու: Եվ այս նոր միտումները կարող են ավելի վատթարացնել առանց այդ էլ  նուրբ իրավիճակը' փակելով հետագայում որևէ դրական զարգացման հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը