Կարծիք

13.09.2019 19:22


Դատավոր Դանիբեկյանը չի կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

Դատավոր Դանիբեկյանը չի կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

2017 թվականի հունիսին Վենետիկի հանձնաժողովը տրամադրել է կարծիք (CDL-AD(2017)011)` «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի վերաբերյալ, որի մի ամբողջ գլուխ նվիրված է Սահմանադրական դատարանի ակտերի իրավական հետևանքներին։

Այսպիսով` Վենետիկի հանձնաժողովը հատուկ շեշտադրում է կատարում, որ Սահմանադրական դատարանի որոշումների չկատարումը մեծ սպառնալիք է սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության համար։ Ավելին, Հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ակտերի կատարման հարցը ենթարկել մշտադիտարկման և գնահատման։

Վենետիկի հանձնաժողովը հատուկ նշում է 92-րդ կետում, որ Սահմանադրական դատարանի որոշումների չկատարումն առավել խնդրահարույց է այն գործերում, երբ դատարանի որոշման կատարման ցանկացած հետաձգում կարող է ազդել դիմումատուի կյանքի կամ առողջության վրա, օրինակ՝ ազատությունից զրկելը օրենքով սահմանված այն դրույթով, որը ճանաչվել է հակասահմանադրական:

Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է դատավոր Դանիբեկյանն անհապաղ վերացնի, քանի որ Սահմանդրական դատարանի որոշումը հստակ սահմանում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին և անվավեր է:

Նույն Կարծիքում Վենետիկի հանձնաժողովը հիշեցնում է, որ Հայաստանի Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանը պետք է ապահովի Սահմանադրության գերակայությունը, և արձանագրում է, որ իր կողմից ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61(4)-րդ հոդված)։

Ավելին, Կարծիքի 91-րդ կետը սահմանում է, որ եթե Սահմանադրական դատարանի որոշումով որևէ նորմ ճանաչվել է հակասահմանադրական, ապա այդ որոշման եզրափակիչ մասն է պարտադիր, այսինքն` ենթակա է անմիջական կատարման։

Պետք է նշել, որ Վենետիկի հանձնաժողովի այս կարծիքն արտացոլում է Եվրոպական լավագույն փորձը, որն ինկորպորացվել է մի շարք անդամ երկրների օրենսդրություններում և կիրառվում է պրակտիկայում։ Դատական ակտերի պարտադիր ճանաչման և կատարման սկզբունքը նաև մաս է կազմում արդար դատաքննության իրավունքի, որը կարգավորվում է Մարդու իրավունքերի եվրոպական կոնվեցիայի 6(1)-րդ հոդվածով։

Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի կոնվենցիոն իրավունքն է, որ Սահմանադրական դատարանի որոշումը կատարվի, ինչը առավել մեծ նշանակություն ունի, քանի որ նա անօրինակորեն զրկված է անձնական ազատությունից։

Սարգիս Գրիգորյան

GPARTNERS իրավաբանական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը