Մեկնաբանություն

13.09.2019 12:35


Ի՞նչ արժե «մարտի 1»–ի զոհերի արյունը

Ի՞նչ արժե «մարտի 1»–ի զոհերի արյունը

«Մարտի 1»–ի զոհերի պահով տեղի է ունենում անբարո առևտուր։ Զոհերի հարազատներին քթից բռնած ման են ածել լևոնենք՝ խոստանալով, որ դրա դիմաց փող կտան նրանց։ Ու հիմա տալիս են։ Պետբյուջեի հաշվին։

Նիկոլը զոհերի հարազատներին պետբյուջեի հաշվին ուզում է փող տալ՝ 30–ական միլիոն դրամի չափով։ Զոհերի հարազատներին այդպիսով փոխհատուցում են տալիս այն բանի համար, որ նրանք օգտագործվել են հանուն այն բանի, որ Լևոնն ու Նիկոլը կարողանան մշտապես քաղաքական առևտրի մեջ մտնել նախորդ իշխանությունների կամ նախորդ իշխանությունների ընդդիմախոսների հետ։

Նիկոլը մարտի 1–ի զոհերի հարազատներին ու վիրավորներին պետբյուջեի հաշվին փոխհատուցում տալով նաև փորձում է մաքրվել սեփական մեղքերից. չէ՞ որ ինքն էր բախումների գլխավոր հրահրիչն ու կազմակերպիչը։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ զոհերի արյունն իր վրա է, ու հիմա ենթագիտակցորեն փորձում է ազատվել հանցագործի խարանից ճիշտ այնպես, ինչպես թալանչին է եկեղեցի կառուցելով ձգտում Աստծո հետ իր գործերը կարգավորել ու հոգեբանական ինդուլգենցիա ստանալ։

Պետբյուջեից հսկայական գումար հատկացնելով մարտի 1–ի տուժածներին՝ «ժողովրդի» վարչապետը, փաստորեն, լևոնական հեղափոխությանը մասնակցելն ու զոհվելն ավելի բարձր է գնահատում, քան հայրենիքի պաշտպանության համար զոհվելը։

Երևանի կենտրոնում հանուն Լևոնի ու իր սադրանքների զոհվելը ավելի է կարևորվում, քան պատերազմական գործողությունների ժամանակ կամ սահմանապահ ֆունկցիա կատարելիս զոհվելը կամ վիրավորվելը։

Նիկոլի համար արցախյան պատերազմի հազարավոր զոհերն ու վիրավորներն ավելի ցածր արժեք ունեն, քան մարտիմեկյան արկածախնդրությունը, քանզի այս իշխանությունների համար արցախյան ազատամարտն ավելի նվազ կարևոր է, քան «թավշյա» հեղափոխությունը։ Կարևոր է «թավշյան» սրանց համար, քանզի իրենք դարձել են իշխանական աթոռի տեր, ու հիմա օգտագործում են հարկատուներիս փողերն իրենց ապօրինությունների զոհերի հարազատներին կաշառելու համար։ Հարազատներից ոմանք էլ, դատելով ամենից, դեմ չեն արյունն աճուրդի հանելուն։

Զոհերի հարազատների մի մասը, թերևս, չգիտեն կամ եթե գիտեն էլ, ապա իրենց չիմացողի տեղ են դնում, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքած գործով սպանության ոչ մի դեպք բացահայտված չէ, որ ոչ մի սպանության հարց Նիկոլին ու իրեն կցված պաշտոնյաներին, մեծ հաշվով, չի հետաքրքրում, որ այս ամենը թամաշա է ու վրեժխնդրություն չստացված հեղափոխության համար, որ 2–րդ նախագահին սպանության մեղադրանք չի առաջադրված։ Հարազատներից ոմանց դա չի հետաքրքրում. իրենք այլ նպատակ են հետապնդում։ Մեռել ծախելով են զբաղված։ Այս առումով անբարոյական են իրենց պահում բոլորը, բայց իրենք իրար արժեն։ Ինչ եղավ, մեռնողներին եղավ։ Մյուսները թուրքական բազառի մեջ են մտած։

«Թավշյա» առաջնորդը հայրենիքի պաշտպանության համար ընկածներին մարտի 1–ի զոհերից ավելի ցածր գնահատելով՝ ցույց է տալիս, թե ինչպիսի արժեհամակարգով է ապրում։ Նաև ցույց է տալիս, որ այս իշխանությունն ընդամենը լևոնական արժեհամակարգի թերմացքն է՝ ՀԱԿ–ի արտադրական թափոնը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը