Կարծիք

12.09.2019 09:07


Ո՞վ է Փաշինյանի և ապրիլյան հեղափոխության իրական հոգևոր հայրը. մաս 3-րդ

Ո՞վ է Փաշինյանի և ապրիլյան հեղափոխության իրական հոգևոր հայրը. մաս 3-րդ

Հոդվածի մաս 2-րդն՝ այստեղ

Մինչ ապրիլյան հեղափոխության պատճառներին անդրադառնալը, կարճ ներկայացնենք Ջին Շարպի այն 198 մեթոդները, որոնց օգնությամբ հնարավոր է պայքարել և հաջողության հասնել «խաղաղ և ոչ բռնի» շարժման արդյունքում:

Ինչպես նշեցինք, Շարպը իր այդ աշխատությունը գրել էր դեռ 1973 թվականին՝ «198 METHODS OF NON VIOLENT ACTION" from The Politics of Nonviolent Action by Gene Sharp»:

Շարպն իր այդ աշխատությունը բաժանել էր երեք հիմնական կատեգորիաների․

Առաջին

Ոչ բռնի բողոքի և համոզման

Երկրորդ

Իշխանությունների հետ որևէ հրապարակային համագործակցության բացառում

Երրորդ

Ոչ բռնի ակտիվ գործողություններ և հնարավորինս հանրության լայն շերտերի ներգրավում

Ի՞նչ էր նա առաջարկում ոչ բռնի բողոքի և հանրության համոզման համար

Առաջին՝ պաշտոնական հայտարարություններ

Դրա տակ ենթադրվում էին հայտնի դեմքերի և գործիչների հրապարակային հայտարարություններ, բաց նամակներ, ՀԿ-ների և կուսակցությունների անունից հայտարարություններ, հռչակագրերի ընդունումներ և այլն:

Երկրորդ՝ հանրության հետ շփումներ

Այստեղ այդ շփումները լինում են ԶԼՄ-ների միջոցով: Նախկինում դրանք թերթերն էին, հեռուստատեսությունը: Այսօր արդեն կայքերն են ու Ֆեյսբուքը:

Երրորդ՝ կոլեկտիվ ակցիաներ

Դրանք պիկետներն են, փոքրիկ բողոքի ակցիաները, այսօր արդեն նաև ինտերնետային տարատեսակ միջոցառումները՝ սկսած սելֆիներից, վերջացրած այլ ակցիաներով։

Չորրորդ՝ սիմվոլիկ հանրային ակցիաներ

Դրանք են՝ նոր սիմվոլների օգտագործումը, օրինակ՝ վերնաշապիկների, դրոշների վրա: Վրաստանում նույնիսկ Սահակաշվիլին պետական դրոշի ողջ սիմվոլիկան փոխեց:

Սիմվոլիկ ակցիաները, ինչպես օրինակ՝ Փաշինյանը «սկոտչով» փակում էր արագաչափերը և նույնիսկ ոտանավոր էր ասում դրա մասին:

Ջահերի օգտագործումը, տարատեսակ ծիսակատարությունների մասնակցությունը և այլն:

Հինգերրորդ՝ ճնշումներ իշխանության առանձին դեմքերի նկատմամբ

Առանձնահատուկ քննադատություն՝ առավել օդիոզ դեմքերի հասցեին: Նրանց ծաղրանքի ենթարկելով՝ դրանով իսկ կազմաքանդելով ողջ իշխանության լեգիտիմությունը հանրության մոտ:

«Ոստիկանը մերն է», «զինվորը ժողովրդինն է» կարգախոսների լայն օգտագործումը: Դրանով ընթանում է ուժային կառույցների էրոզիա, որն էլ վերջնարդյունքում կարող է բերել այդ կառույցների տրոհման:

Վեցերրորդ՝ երաժշտական և թատերական ներկայացումներ

Հանրության զգալի մասի համար երաժշտությունն ու թատերական ներկայացումներն ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան քաղաքական ճառերը:

Երաժշտությունը կոնսոլիդացնում է մարդկանց, մեծացնում է նրանց մեջ հոտային բնազդները՝ դրանով իսկ ընդլայնում բողոքի շարժումների սոցիալական բազան:

Բոլոր ժամանակակից ոչ բռնի շարժումների ընթացքում այս գործոնն օգտագործվել է: Իսկ Փաշինյանը նույնիսկ երգի տողերի հեղինակ է:

Յոթերրորդ՝ հրապարակային պրոցեսներ

Դրանք հանրահավաքներն են, երթերը, ավտոերթերը և այլն:

Ութերրորդ՝ դեմոնստրատիվ հեռացում և հրաժարում

Հրապարակային ակցիաներ, դեմարշներ իշխանության դեմ, օրինակ՝ մեջքով թեքվել նրանց, էպատաժային գործողություններ և այլն:

Երկրորդ կարևոր բանը, որ պիտի կատարեն հեղափոխականները, հրապարակային հրաժարումն է իշխանության հետ ցանկացած տիպի համագործակցությունից: Ստվերային համագործակցությունը թույլատրելի է, սակայն հրապարակայինը՝ ոչ:

Ահա, թե ինչու բոլոր տիպի բողոքի միջոցառումներից հետո իշխանությունն ուզում է հրապարակային երկխոսության գնալ:

Եվ այսպես ներկայացնենք այն քայլերը, որոնք, ըստ Շարպի, պիտի կատարեն հեղափոխականները:

Առաջին՝ հանրության կողմից բոյկոտի ենթարկել սոցիալական պետական պարտականությունները

Օրինակ՝ հարկերի չվճարելու կոչեր, որոշ պետական ինստիտուտների բոյկոտ, առավել վարկաբեկված օլիգարխների խանութների կամ ապրանքների բոյկոտ: Եվ ամոթանք նրանց, ով այդ քայլին չի գնում:

Երկրորդ՝ գործադուլներ, լոկաուտներ

Կոչ բանվորներին՝ գործադուլ կազմակերպել: Երեխաներին՝ դասադուլ: Օրինակ՝ վերջինը լայնորեն օգտագործեցին ապրիլյան հեղափոխության ընթացքում:

Բոլոր այն գործարարները, որոնք կիսում են բողոքի գաղափարը, լոկաուտ են կազմակերպում, այսինքն կանգնեցնում են իրենց բիզնեսի աշխատանքները՝ ժամանակավորապես պարալիզացնելով տնտեսական, սոցիալական կյանքը:

Երրորդ՝ պետական ինստիտուտների բոյկոտ

Օրենսդիր մարմինների բոյկոտ, ընտրություններից հրաժարում որոշ դեպքերում: Գործադիր մարմինների շրջափակում և այլն:

Եվ վերջապես Շարպի երրորդ կատեգորիայում ենթադրվում են ոչ բռնի գործողությունների քայլերը:

Ներկայացնենք այդ քայլերը․

Առաջին՝ հոգեբանական ազդեցության մեթոդները

Ինքնահրկիզման փորձեր, հացադուլներ, հանրային դատաստանի ներկայացումներ:

Երկրորդ՝ ֆիզիկական ազդեցության մեթոդներ

Նստացույցեր բանուկ տեղերում: Ճանապարհների փակում՝ դեպի օդանավակայաններ, քաղաքի փողոցներում, միջքաղաքային մայրուղիներում:

Հանրային երաժշտական և թատերական ներկայացումներ: Ժողովրդական երգեր, ռոք-համերգներ, իշխանության դեմքերի վերաբերյալ կոմիկական ներկայացումներ հավաքված ժողովրդի առջև:

Երրորդ՝ քաղաքական ազդեցության մեթոդներ

Իշխանությանը այլընտրանքային կառավարման մեխանիզմների ձևավորում՝ հեղկոմների և այլ կառույցների միջոցով: Որոշ դեպքերում նույնիսկ այլընտրանքային կառավարության կաբինետների ձևավորման միջոցով:

Ըստ Շարպի, որպեսզի հանրությունը հեշտ համախմբվի, պետք է հնարել մի շարք ուռճացված հանրային լեգենդներ:

Լեգենդ առաջին

Երկիրը ղեկավարում են թալանչիները: Նրանք կեղեքում են հասարակ ժողովրդին, ներկայացվում են ուռճացված, սակայն շոկային ունեցվածքի չափսեր, այնպիսին, որից հետո մարդկանց զայրույթը մեծ չափսերի հասնի:

Շատ կարևոր է, որ այդ փաստերը սկզբից տպվեն դրսի հեղինակավոր լրատվամիջոցներում, որպեսզի դրանց վստահության աստիճանը հանրության մեջ մեծ լինի:

Լեգենդ երկրորդ

Իշխանություններն ինքնուրույն չեն և շարժվում են ոչ թե սեփական երկրի, այլ օտար երկրների շահերով:

Այս համոզմունքը պետք է փոխլրացնի առաջինին և վերջնականապես համոզի շարքային քաղաքացուն, որ իր երկրի ղեկավարները շարքային խոպանչիներ են, և նրանց հեռացման արդյունքում միայն և՛ երկիրը կփրկվի, և՛ առանձին վերցրած շարքային քաղաքացու կենսամակարդակը կբարձրանա այն հավելյալ եկամուտի հաշվին, որը գնում է թալանչի ղեկավարների գրպանը: Ընդորում դրա համար երկար սպասել պետք էլ չէ, պարզապես անհրաժեշտ է քաղաքական և հանրային կամք ոչ բռնի միջոցով հեղափոխություն իրականացնել և փոխել իշխանությունը:

Առանց այս երկու հիմնական լեգենդների կիրառման՝ մնացած տեխնոլոգիաները չեն աշխատի:

Պետք է նշել, որ Շարպի այս տեխնոլոգիաները կիրառվել են գրեթե բոլոր հեղափոխություններում՝ Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, նաև Հայաստանում: Բնականաբար, այդ տեխնոլոգիաները տարբեր երկրներում տարբեր ծավալներով և մեթոդներով են կիրառվել: Սակայն նրանց գլխավոր հայտարարը նույնն է եղել:

Դա, իհարկե, չի նշանակում, որ այդ հեղափոխություններն արհեստածին բնույթ են ունեցել: Եթե բնական հեղափոխական վիճակ չլինի, ապա այդ երկրում անհնարին կլինի իրականացնել հեղափոխություն: Այդ իմաստով էլ բոլոր ավտորիտար երկրները նույնպես նման են իրար՝ տարբերվելով միայն իրենց ազգային առանձնահատկություններով:

Այդ տեսակետից այն հարցադրումը, թե հայկական ապրիլյան հեղափոխությունը դրսի՞ց էր ներդրված, թե՞ տեղական պատճառներ ուներ, պատասխանը ակներև է՝ և՛, և՛:

Հայաստանում հեղափոխությունը հասունացել էր, քանզի երկրի զարգացումը կանգ էր առել: Մյուս կողմից այդ հեղափոխությունը ստվերային մեծ աջակցություն է ստացել դրսից՝ մյուս հեղափոխությունների օրինակով:

Ավելի մանրամասն հայկական հեղափոխության պատճառների, իրականացման ձևի և նպատակների մասին կներկայացնենք մեկ այլ հոդվածի շրջանակներում:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը