Կարծիք

26.04.2010 15:34


Բացել բոլոր տեսակի սահմաններն ու առանց նախապայմանների

Բացել բոլոր տեսակի սահմաններն ու առանց նախապայմանների

«Հավերժի ճանապարհը»

Ուղիղ 1 տարի առաջ' ապրիլի 22-ի կեսգիշերին, ազդարարվեց Հայաստանի ու Թուրքիայի միջեւ համաձայնեցված ճանապարհային քարտեզի ու համապարփակ շրջանակի մասին, որոնք, ինչպես պարզ դարձավ 4,5 ամիս անց' օգոստոսի 31-ի կեսգիշերին, հենց նախաստորագրված երկու արձանագրություններն էին: Ժառանգություն կուսակցությունը հենց ամենասկզբից գուժեց, որ «հավերժի ճամփորդները»' չամոքված հայրենազրկվածն ու չմեղանչած հայրենասպանն այդ «ճանապարհային քարտեզով» գնում են ոչ թե դեպի հարաբերությունների նորմալացում ու հավերժ բարիդրացիություն, այլ աննորմալացում ու մղձավանջ' մի շատ պարզ պատճառով. եթե Հայաստանն իր օրինավոր իրավունքներն ու պահանջները դուրս է թողել այդ համապարփակ շրջանակից, ապա Թուրքիան իր երեք հայտնի նախապայմանների բավարարման «ճանապարհային քարտեզները» հարմարավետորեն տեղավորել էր դրա մեջ. (ա) հայ-թուրքական փաստացի սահմանի ճանաչումով դեպի Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի ճանաչում, (բ) պատմական հարթության հանձնաժողովով դեպի Ցեղասպանության ու Հայրենազրկման փաստերի մերժում եւ ուրացում երկկողմ ու միջազգային ձեւաչափերով, (գ) ահաբեկչության (իհարկե, թուրքական ընկալմամբ' հայկական) դեմ համատեղ պայքարի միջոցով դեպի հայոց իրավատիրության ու հայրենատիրության անէացում: Դրանից զատ Թուրքիան շարունակաբար պահանջում է չորրորդ նախապայմանը' Արցախն ու նրա հողերը Ադրբեջանին հանձնելը կցել «համապարփակ շրջանակին»: «Հավերժի ճանապարհի» ուղետոմսի դիմաց հայկական կողմից պահանջվող նման վճարի դիմաց զույգ պայմանագրային հիմքերով Թուրքիան մեզ է վաճառում իր միակողմանի փակած սահմանը եւ տարածաշրջանային կայունություն ու անվտանգություն' պակտով կամ պլատֆորմով: Իսկ արձանագրություններին հավելված դարձած Մադրիդյան շրջանակային համաձայնագրով էլ նա պարտադրում է գնել Ադրբեջանի  առաջարկած «խաղաղությունը»' ողջամիտ ժամկետներում նրան հանձնելով Արցախապատկան հողերը կամ դրանցից առնվազն երկուսը: Փաստացի, գիշերածին զույգ արձանագրություններն իրենց մադրիդյան հավելվածով ոչ այլ ինչ են, քան Հայոց Մեծ հայրենազրկման ու նրա տարբեր արարների հետ Հայաստանի հաշտեցում, կամովին հրաժարում մեր հայրենիքից հատված առ հատված, մեր իրավունքներից' փուլ առ փուլ, մեր երազից, ռազմավարական տեսլականից ու մարտավարական զինանոցից' փաթեթային տարբերակով, ինչպես դիպուկ բանաձեւել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ այդմ, առաջարկվող գործարքի էությունն է' «Հայրենյաց իրավունքն ու հայրենիքը թուրքական կայունության ու ադրբեջանական խաղաղության դիմաց»: Իսկ եթե «գնորդը» հրաժարվի գնել դեպի «հավերժ բարիդրացիություն» տանող ուղետոմսը, ապա այլընտրանքը կա'մ Ադրբեջանի նոր պատերազմն է Արցախի ու Հայաստանի դեմ, ինչպես ամեն օր հոխորտում է Ադրբեջանի նախագահը, կա'մ էլ' Թուրքիան, միեւնույն է, տարածաշրջանում իր պատկերացրած կարգն է հաստատելու, ինչպես պարբերաբար «սպառնում» է Թուրքիո վարչապետը: «Ապրանք-ուղետոմսի թանկաբազար վաճառողներն» էլ այնպիսի պետություններ են, որոնք պատմականորեն ապացուցել են, թե քանի անգամ եւ ինչպիսի դաժանությամբ կարող են խաթարել տարածաշրջանի եւ այլոց կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը, իսկ այսօր էլ փորձում են Հայաստանի մոտ պահանջարկ ձեւավորել իրենց իսկ «ստեղծած», իսկ իրականում գոյություն չունեցող ապրանքի համար:

«Հավերժի ճամփորդները»

Մեկ տարի առաջ ապրիլի 24-ը թեւակոխեցինք մեզ դրախտ առաջարկող Թուրքիայի հետ այդ «շրջանակված ճանապարհն» անցնելու հորդոր-խոստումներով, որի քարոզին կրնկակոխ մասնակցեցին նաեւ հայրենական ոչ սակավաթիվ գործիչներ, կուսակցապետեր, փորձագետներ, գիտնականներ, հասարակական գործիչներ, մտավորականներ ու լրագրողներ: Ու «Ճանապարհ» ընկանք... Ըստ անժամկետ ու առաձգական «ողջամիտ ժամկետով քարտեզի»... Անշրջանակ «թուրքական պահանջատիրության, շանտաժի ու հոխորտանքի շրջանակում»... Ցյուրիխյան «կեսգիշերային ճեպընթացով», որի մեքենավարի աթոռը բռնազավթեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչին առանձնապես չդիմադրեցին հայաստանցի ուղեւորները' գնդակը Թուրքիայի դաշտում է, իմա' ղեկը Թուրքիայի ձեռքին է ջենթլմենական պահվածքով: Սլաքավար Ահմեդ Դավութօղլուն էլ առանց հանելու Թուրքիայի դրած բոլոր սահմաներն ու արգելքները' ճեպընթացը դրեց թուրքական արտաքին քաղաքականության հայեցակարգի ռելսերի վրա, իրականում' դեպի Թուրքիայի Ստրատեգիական խորքը' խոստանալով զրո պրոբլեմ ճամփորդել համաձայնած հարեւանի հետ... Սեփական տունը' Հայաստանը, խառնակույտի մեջ թողած հայ իշխանությունները հարմարավետորեն տեղավորվեցին ճեպընթացում' քաղաքակիրթ աշխարհին համընթաց ու հանգույն դեպի «ապագա ու դրախտ» ճամփորդելու միամիտ երազով... Ուրախացած, որ ամբողջ աշխարհն այդ ճամփորդության մասին է գրում ու խոսում... Եւ միգուցե հայկական խորամանկությամբ հոգու խորքում փայփայելով, որ ուղետոմսը վճարելու պահին կճողոպրեն... Ապահովության համար «ներքին երկար, թե կարճ ճամփորդությունների անդորրը մշտապես խռովող» ընդդիմախոսների մի մասին պինդ փակեցին բանտերում, «ազատ թողնվածներին» էլ հաջողություն մաղթեցին «միջնադարում ու դժոխքում մնալու» իրենց ընտրության մեջ... Մինչդեռ թուրք մեքենավարը խոստացավ ճեպընթացը քշել միայն այն դեպքում, եթե հայ ուղեւորները կանխավ վճարեն չափազանց թանկ ուղետոմսը...   

Շեմեր եւ սահմաններ. Լրջանալու պահը

 2010թ. ապրիլ 24-ով թեւակոխեցինք Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի շեմը: Հայաստանն ու հայ ժողովուրդը այդ շեմն անցնում են պատմական հիշողության ու վիրավորանքի նույն ծանր բեռով, դեռեւս ամբողջովին չհաշտված ոչ միայն եղեռնագործ հարեւանի, այլ նաեւ այն աշխարհի հետ, որը ժամանակին չկարողացավ կանխել 20-րդ դարի առաջին ոճիրը, ու մինչ օրս հատվածաբար է ճանաչել այն: Ցեղասպանության հեղինակ թուրքական պետությունն էլ իր հերթին է կքել արյունոտ ժառանգության բեռից ու դրանից ծնված վախերից: Քիչ էր մնում այդ շեմն անցնեինք նաեւ վավերացման մեջ դրված տխրահռչակ արձանագրությունների հավելյալ բեռով, որոնց պարունակած վերը հիշատակված ու չհիշատակված վտանգների ու իրողությունների մասին անցած մեկ տարվա ընթացքում բարձրաձայնել, իրազեկել ու ահազանգել են Ժառանգությունը, նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի մարզերում, Երեւանում, Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում, Օսլոյում, Ստրասբուրգում, Փարիզում, Մոսկվայում եւ այլուր, միջազգային, այդ թվում' թուրքական, եւ տեղական լրատվամիջոցներով ու ատյաններում: Մենք հավատում էինք մեր գնահատականների, դիրքորոշումների ճշմարտացիությանն ու հիմնավորվածությանը եւ սպասում, որ մյուսները նույնպես կհամոզվեն դրանում: Եւ ահա Հայաստանի նախագահը ապրիլի 22-ին հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը'  □կանգնեցրեց□ իրականում չմեկնարկած ճեպընթացը, անգամ' սպառնալով հրաժարվել □ճամփորդությունից□:

Մենք դեռեւս սպասում ենք, որ ոչ միայն կկասեցվի այդ արձանագրությունների վավերացումը, ինչպես նախագահն է արել' կոալիցիոն կուսակցությունների □պահանջով□ դրանք ընդամենը ետ կանչելով ԱԺ քառօրյա նիստերի օրակարգից, այլեւ դուրս կդրվեն Հայաստանի քաղաքական օրակարգից ընդհանրապես: Սա է պահանջում Հայաստանի ու հայ ժողովրդի շահը: Իսկ դրանից հետո, երբ գործընթացը շարունակվելու է, իսկ մարտահրավերներներն էլ նույն ուժգնությամբ ծառացած են մնում մեր առջեւ'

1.Աշխարհը պետք է բացի բոլոր սահմանները ճշմարտության առջեւ' ԱՄՆ կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի եւ բոլոր երկրների խորհրդարաններում ու արտաքին քաղաքական գերատեսչություններում, որոնց համար Հայոց ցեղասպանության ճանաչումը տակավին Թուրքիային սարսափեցնելու մարտավարություն է, այլ ոչ թե հայ մարդու խռոված ու վիրավոր սրտի եւ մտքի հետ նաեւ իր' շուրջ հարյուրամյա սահմանը քանդելու ռազմավարություն: Նա դա պետք է անի առանց արձանագրությունների վավերացումը նախապայման ու պայման դարձնելու, իսկ չանելն էլ չպայմանավորի արձանագրությունների կամ հայ-թուրքական գործընթացի ընթացքին չխանգարելու պատրվակով: Հայաստանն աշխարհին լիովին ինտեգրված տեսնելու հեռանկարը պահանջում է  նաեւ այդպիսի սահմանների վերացում ու բացում:

2.Հայ-թուրքական հիմնական փակ սահմանը հայ եւ թուրք սրտերի ու մտքերի միջեւ է, եւ ոչ միայն Արաքսի հովտում: Թուրքիան աշխարհի, իր առաջադեմ քաղաքացիների զորակցությամբ պետք է քանդի հայերի ու այլ ազգությունների հանդեպ իրականացրած Ցեղասպանության մասին իր հանրային անիրազեկության, պատմական փաստերի մերժման պատն ու սահմանը: Պետք է բացի հայոց պատմական հայրենիքի ու հարուստ ժառանգության' հայերին հասու լինելու դեմ դրված սահմանը: Առանց նախապայմանների դիվանագիտական նոտաների պարզ փոխանակությունը, դեսպանատների հաստատումը եւ Թուրքիայի կողմից միակողմանի փակված արաքսյան դարպասները բացելը լրացուցիչ վստահության միջոց են ու նախանշան, որ Հայաստանին ու Արցախի ինքնորոշման ու ապագաղութացման իրավունք-իրողությունը շրջափակելու (իբրեւ չհայտարարված պատերազմի ձեւ) ու մեկուսացնելու թուրքական քաղաքականության խրամատ-սահմանները նույնպես վերացվել են: Եւ ոչ ավելին: Մյուս ճանապարհը, ինչպես կարճ բանաձեւել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ամեն ինչ սեղանին դնելն է' պատմական ու ժամանակակից, բաժանարար բոլոր հարցերը մեկ այլ նոր շրջանակի մեջ ներառելը:  

3.Հայաստանը, արտաքին աշխարհում ու հայ-թուրքական գործընթացում  հաջողելու համար պետք է ունենա իր համապարփակ օրակարգը, որը նույնն է իշխանության, ընդդիմության ու Սփյուռքի համար: Կրկին' այդ օրակարգը պետք է ձեւավորվի առանց նախապայմանների' բացելով միակողմանի կամ երկկողմանի փակված սահմանները ընդդիմության ու նախագահության, կառավարության ու հասարակության, պետության ու քաղաքացու, իշխանության ու իրավունքի, Հայաստանի ու Սփյուռքի, ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների միջեւ, եւ կամրջելով առկա բոլոր անդունդները: Առանց միմյանց շրջափակելու, կողպելու ու զնդանելու: Առանց պարտության մատնելու սեփական երկիրն ու պետությունը' հանուն խմբակային փոքր հաղթանակների ու կուսակցական դրոշակների:

Այս գիտակցությամբ ու հրամայականով էր, որ □Ժառանգությունը□ շաբաթներ առաջ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին առաջարկեց հավաքվել կլոր սեղանի ձեւաչափով, առանց նախապայմանների ու այդ օրակարգ-շրջանակը սահմանելու համար: Եվ մենք շարունակում ենք հավատալ, որ մի օր դա եւս գիտակցվելու ու պատահելու է, ինչպես որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված իշխանությունները հարկադրված եղան դիմել առաջին կիսաքայլին: Սա է «հավերժի ճամփորդության» առաջին չստացված փորձից բոլորիս քաղելիք ամենամեծ դասը: Սա է ապագայում հաջողության գրավականը: Դա է Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, Հայրենիքին, նրա ինքնիշխանությանն ու ինքնիշխան նպատակներին տեր կանգնելու ու այն հզորացնելու' մեր նախնիների ու նահատակների պատգամը: Եվ ուրիշ ոչ մի սուգ, ցուցադրություն, ճարտասանություն, ուրացում, աշխարհին կառուցողական երեւալու համար վարվող ֆուտբոլային դիվանագիտություն:

Ստեփան Սաֆարյան, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Այս խորագրի վերջին նյութերը