Մեկնաբանություն

11.09.2019 11:45


Նիկոլը նստել Ամուլսարում, ունքերը կիտել ու լաց է լինում

Նիկոլը նստել Ամուլսարում, ունքերը կիտել ու լաց է լինում

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։

Հայաստանի թիվ մեկ պոպուլիստն ու դեմագոգը դարձել է պոպուլիզմի ու դեմագոգիայի զոհ։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է։ Նա հիմա շոկի մեջ է և անիծում է պոպուլիզմը, բայց արդեն ուշ է։

Ամուլսարի հարցում Փաշինյանն այնպիսի քաղաքական վթարի ենթարկվեց, որ հիմա գլխին է տալիս, թե ինչ «ղալաթ» արեց 16 ամիս առաջ՝ հեղափոխական էյֆորիային տուրք տալով ու սեփական անգրագիտության թակարդն ընկնելով։

Ամուլսարի հարցը ոչ այնքան բնապահպանական է, որքան քաղաքական։ Հարցը շահարկում են տարբեր կողմերից ու տարբեր մոտիվացիաներով։ Շահարկում են ծայրահեղ հեղափոխականները, ջուր բերող հեղափոխականները, հեղափոխության խորթ զավակները, հակահեղափոխության տերերը, քաղաքական սուտինյորները, քոքված մուտիլովչիկները և նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ»։ Արդյունքում՝ շարքային քաղաքացիներն անկեղծորեն վախեցած են։

Վախեցած է նաև անգրագետ Պողոսն՝ իր անգրագետ բազմանդամ ընտանիքով։

Նիկոլը մնացել է մենակ։ Նրա շուրջ հիմա տեղի է ունենում այն, ինչին ինքն էր նպաստում ընդդիմադիր եղած ժամանակ։ Նա հիմա բամբասանքների զոհ է դարձել։

«ֆոլկլորը» արդեն հետևյալ պատմություններն է դրել շրջանառության մեջ՝

–Նիկոլը 400 հազար դոլար տվեց լիբանանյան անհայտ ընկերությանը, որպեսզի փորձագիտական աշխատանքների իրականացման անվան տակ «ատկատ» վերցնի,

–Նիկոլը փայ է մտել «Լիդիանի» հետ, որպեսզի տեր կանգնի Ամուլսարի հանքի 5 միլիարդ դոլարին,

–Նիկոլը դրսի շպիոն է և ուզում է հանքը բացի, որ հայ ժողովրդին թունավորի,

–Նիկոլը ամերիկացիների/անգլիացիների ճնշման տակ զիջումների է գնում ու բացում է հանքը, որպեսզի վերադարձնի հեղափոխության պարտքը, քանզի իրեն իշխանության են բերել ամերիկացիները և հիմա փոխհատուցում են պահանջում։

Սրանք բոլորը, բնականաբար, «բլեֆ» խոսակցություններ են, բայց նման «բլեֆներով» Նիկոլն էր «աչոկներ» հավաքում անգրագետ պողոսների մոտ ու վերջում վարչապետ դարձավ։ Հիմա իր արածներն իր դեմ են գալիս։ Բումերանգի օրենքն անվրեպ աշխատում է։

Նիկոլի վրա 5 միլիարդ դոլարի թալանը կարվելու է ու նա չի կարողանալու դրա տակից դուրս գալ։

Ի դեպ, հիմնադրամների պատմություններից ու մի քանի անհաջող ձևակերպումներից («թող բյուջեից թալանածը բերեն մեզ տան, մենք այդ փողերն ավելի լավ կօգտագործենք», «հատ–հատ չզանգենք փող ուզենք» և այլն) հետո իր կնոջ վրա արդեն «Սաշիկ ծյոծյայի» պիտակ է կպել, թեև ողջամիտ ու լուրջ մարդիկ գիտեն, որ թե՛ Սաշիկի թեման էր Սերժի ժամանակ առասպել, թե՛ Աննա Հակոբյանի «սաշիկությունն» է հիմա բլեֆ։ Բայց դե «ֆոլկլորը» այլ կարծիքի է միշտ լինում ու գալիս է անցյալում արած սխալների համար պատասխան տալու դաժան անհրաժեշտությունը։

Նիկոլը գիտի, որ ինքը ոչ մի կոռուպցիոն հետաքրքրություն չունի Ամուլսարում։ Գիտի նաև, որ Աննա Հակոբյանը ոչ մի կոպեկ չի գրպանում «Իմ քայլը» կամ «Ժպիտների քաղաքը» հիմնադրամից, բայց շշմած է, որ նման խոսակցություններ են տարածվում։ Բայց թող չշշմի, քանզի մի ժամանակ ինքն էր սոված տատիկների ու պապիկների մասին էժանագին սերիալի դերասանի պես լացում, թե բա դուք վատ եք ապրում, որովհետև Սաշիկը տանում է ձեր բոլորի փայը։ Հիմա ինքը տեսնում է, որ դա միֆ էր, բայց արդեն ուշ է, քանզի արդեն ինքն է դարձել միֆի հերոս ու վերջում մնալու է այդ միֆի տակ։

Ճակատագրի հեգնանը նաև այն է լինելու, որ հակակոռուպցիոն ու հակաօլիգարխիկ կոչերով ամբողջ կյանքն ապրած և դեմագոգիայի օգնությամբ աղքատների սիրելի դարձած Նիկոլին վերջում կարող է կոռուպցիոն մեղադրանքով դատեն՝ պնդելով, որ նա Հայաստանի էկոլոգիայի ու մեր ջրերի թունավորման գնով ուզում էր 5 միլիարդ դոլար գրպանել ու «Փարավոնի» զուգարանի պես ապարանքներ կառուցել։

Էժանագին պոպուլիզմը ցավալի բան է։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Ճակատագրի ևս մեկ հեգնանք։

Այս օրերին Տորոնտոյի միջազգային փառատոնում ներկայացվում է «Մենակ չեմ» ֆիլմը, որը պատմում է «թավշյա» հեղափոխության մասին։

Ֆիլմում ներգրավված է նաև սուտասան հեղափոխական Սերժ Թանկյանը, ով դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։ Իսկ Նիկոլը կողմ է։ Ահա այսպիսի բաներ։

Հ.Գ.–2։ Մենք առիթ ունեցել ենք գրելու, որ «Մենակ չեմ» ֆիլմն ուշացած է, քանզի «խուրդվել» են հեղափոխության բոլոր դերակատարները։

Չի բացառվում, որ մինչև ֆիլմի ցուցադրմանը մասնակցող Աննա Հակոբյանը Տորոնտոյից հետ գա, կարող է բանը բանից ամբողջությամբ անցած լինի և կարիք լինի ոտնկայս խմել «թավշյա» հեղափոխության ու «Մենակ չեմ» ֆիլմի կենդանի կենացը։

Այս խորագրի վերջին նյութերը