Կարծիք

11.09.2019 11:05


Բուհերը՝ աշխատաշուկային

Բուհերը՝ աշխատաշուկային

Որքանո՞վ է մեր բուհական համակարգը բավարարում աշխատաշուկայի պահանջարկը: Վերջին տարիներին այս հարցը ամենաքննարկվողն է: Եթե կուզեք` այն ամենամոդայիկն է բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող հարցերից: Զուտ մասնագիտական քննարկումների հիմքում պիտի, որ լինեն վիճակագրական տվյալներ:

Արդեն հրապարակվել են 2018/19 ուստարվա թվերը: Հետևաբար կարելի է դիտարկել, թե որ մասնագիտությունների գծով որքան շրջանավարտ ենք ունեցել: Դիտարկել ու դրանք համադրել այդ նույն ուստարվա առաջին կուրս ընդունվածների ցուցանիշ-քանակների հետ:

Բայց նախ նշենք բուհերի մասին ընդհանուր թվերը: 2018/18թթ․ ուստարում (և այսօր) Հայաստանում գործում է 54 բուհ: Դրանցից 45-ը` մայրաքաղաքում: Մեր բուհերում այս ուստարում սովորում է 69 հազար 622 ուսանող: Պաշտոնական վիճակագրությունը նրանց դասակարգել ու հաշվառում է 24 մասնագիտացման խմբերում` կրթության ոլորտից մինչև անվտանգության ծառայությունների մասնագետներ: Վերջին տասնամյակներին մեր երկրի բուհական համակարգում ներգրավված ուսանողների ամենամեծ խումբը ներառված է «Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական խմբում: Խոսքը տնտեսագիտության ու հարակից մասնագիտությունների մասին է: Այս մասնագիտություններով 2018/18 ուստարում բարձրագույն կրթություն ստացածների թիվը 2 հազար 473 է: Դա ընդհանուր շրջանավարտների 16.6 տոկոսն է: Բուհական շրջանավարտների երկրորդ խոշոր խումբը իրավաբաններն են 2 հազար 473` ընդհանուրի մոտ 16 տոկոսը: Երրորդ խոշոր խումբը «Սոցիալական և վարքագրական գիտությունների» մասնագետներն են` 12.6 տոկոս: Չորրորդը և հինգերորդը 11.4 տոկոս տեսակարար կշռով կրթության ոլորտի մասնագետներն են և բանասերները: Վեցերորդը ամենաժամանակակից մասնագիտության համբավ ունեցող «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն» են` 6.6 տոկոս: 2.4 տոկոսով առողջապահության ոլորտի մասնագետ-դիպլոմնիկերն են: Մնացած բոլոր մասնագիտական խմբերը անհամեմատ փոքր են:

Հիմա շրջանավարտների կառուցվածք-քանակի հետ համադրած ներկայացնենք առաջին կուրս ընդունվածների քանակը:

Առաջին տեղում կրկին տնտեսագետներն են՝ հարակից մասնագիտություններով: Սակայն նրանց տեսակարար կշիռը նկատելիորեն նվազել է` 16.6 տոկոսից դարձել 10: «Ամենաժամանակակիցը»` Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գծով մասնագիտանում է՝ առաջին կուրսեցիների 9.3 տոկոսը: Սա ամենանկատվող կառուցվածքային փոփոխությունն է: Շրջանավարտների քանակում 2-րդ՝ իրավաբանների խումբը առաջին կուրսեցիների խմբում 3-րդն է` 9 տոկոսով: Կտրուկ նվազել է «Սոցիալական և վարքագրական գիտությունների» գծով մասնագիտացողների քանակը: Բայց նրանք թվով 4-րդ խումբն են` 8.6 տոկոսով: Այնուհետև առողջապահության ոլորտում մասնագիտացողներն են` 8 տոկոս:

Հետաքրքիր է, որ առաջին կուրս ընդունվածների թվաքանակը կրկնակիից ավելի գերազանցում է այս տարվա շրջանավարտների քանակը: Այսինքն նման միտման պահպանման դեպքում մի քանի տարի հետո այս ոլորտն ավելի պահանջվածների թվում կհայտնվի: Իսկ առաջին կուրսեցիների քանակով ամենամեծ նվազում գրանցած նախկին առաջամարտիկ ոլորտներն են կրթությունը և բանասիրությունը: Առաջին կուրսեցիների խմբում նրանք համապատասխանաբար ունեն 7.8 և 6.8 տոկոս: Ահա սրանք են ամենաակնառու կառուցվածքային փոփոխությունները, որոնք արձանագրվել են 2018/19 ուստարում:

Կա ուշադրության արժանի ևս մեկ փաստ: «Առողջապահության» ոլորտից զատ կա երկու ոլորտ, որոնց գծով առաջին կուրս ընդունվածների քանակը գերազանցում է շրջանավարտներին: Խոսքը «Գյուղատնտեսական գիտություններ» մասնագիտական խմբի մասին է: Այս տարի այդ ոլորտը տվել է 85 շրջանավարտ և ընդունել 142 ուսանող: Նման տենդենց արձանագրած ոլորտը և կապակցված է գյուղատնտեսության հետ, սակայն աճի տեմպը շատ ավելի համեստ է: 2018/19 ուստարում անասնաբույժի որակավորում է ստացել 31 մասնագետ, իսկ առաջին կուրս ընդունվել է 41 ուսանող: Փաստորեն «ամենաժամանակակից» համարվող Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հետ պահանջարկն ավելանում է նաև գյուղոլորտի մասնագիտությունների գծով:

Ահա տեղեկատվական այն բազան, որի վրա կարելի է քննարկել, թե որքանով է մեր բուհական համակարգը հաշվի առնում աշխատաշուկայի պահանջարկը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը