Մեկնաբանություն

10.09.2019 08:36


Փաշինյանի երկակի ստանդարտները

Փաշինյանի երկակի ստանդարտները

Եվ այսպես, «Ամուլսարը` սա՞ր, թե՞ հանքավայր» երկընտրանքի վրա տեւական ժամանակ գլուխ կոտրելուց հետո Փաշինյանը հանգել է այն եզրակացության, որ «Հայաստանի օրենսդրությամբ ընդհանրապես չկա ոչ մի մեխանիզմ, որի իմաստը լինի վարչական որոշմամբ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն արձանագրելը։ Մեխանիզմ չկա` նախարարը որոշի, ուղղակի վերցնի`վարչական որոշմամբ ասի, որ նոր ՇՄԱԳ պետք է իրականացվի»։

«Ժողովրդի վարչապետն» այս դեպքում էլ իր ոճի մեջ էր` «լայվ» մտնելով եւ «սիրելի ջերմուկցիներին» կոչ անելով ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները` թույլ տալ, որ «Լիդիանն» իր գործով զբաղվի, էլի նահանջի տեղ թողեց. ընդդիմախոսների գլխի տակ փափուկ բարձ դրեց, թե` մի՛ մտածեք, «ցանկացած ժամանակ կարող ենք փակել հանքը»։ Նայած` կշեռքի նժարը որ կողմ կթեքվի։

Այս պահին կարեւորը բողոքի հնարավոր ալիքը խլացնելն է։ Ճանապարհ բացել` դեռեւս չի նշանակում գործի դնել հանքավայրը. շինարարությունը սկսվելու է 2020թ. գարնանը, հանքի գործարկումը` լավագույն դեպքում 2020թ. չորրորդ եռասյակում կամ 2021թ. առաջին եռամսյակում։ Այնպես որ, կարելի է ժամանակ ձգել, մեղմել ամերիկացիների զայրույթը, հատկապես ամերիկյան շրջագայությունից առաջ, մինչեւ կերեւա` ինչ անել, որ ե՛ւ գառները մնան անվնաս, ե՛ւ գայլերը կուշտ լինեն։

«Բազմակողմանի եւ մանրակրկիտ» քննարկումների արդյունքում Փաշինյանն իր համար «անսպասելի» բացահայտում է արել. վերջապես հասկացել է, որ «կառավարությունը, պետական պաշտոնյաները կարող են իրականացնել միայն այնպիսի գործունեություն (գործողություններ.-Լ.Պ.), որոնց համար լիազորված են օրենսդրությամբ»։

Լավ է ուշ, քան երբեք, իհարկե, բայց հարց է առաջանում. այդ մոտեցումը տարածվելու է քաղաքացի-պետություն իրավահարաբերությունների ողջ ներկապնակի վրա՞, թե՞ ընտրովի է կիրառվելու`այնտեղ, որտեղ Փաշինյանը հարմար կգտնի։

Օրինակ, դրանից հետեւո՞ւմ է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցն այսուհետ լուծվելու է ոչ թե վարչապետ-դատախազություն–ԱԱԾ պետ–-ՀՔԾ պետ քառյակի շրջանակներում, այլ` դատարանում։ Որ ՀՔԾ պետը բացահայտորեն չարաշահում էր իր լիազորությունները`իրեն ՍԴ գործառույթ վերապահելով, «անօրինական ճանաչելով» 2008թ. մարտի 1-ից Երեւանում 20-օրյա արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրը եւ ամրագրելով, որ խորհրդարանն իր հերթին հակասահմանադրական որոշում է կայացրել` վավերացնելով այդ նախաձեռնությունը։

Կամ` որ ՀՔԾ քննիչներն իրավասու չէին մեղադրանք առաջադրել ՀՀ նախկին նախագահին` նախապես չդիմելով ՍԴ եւ չպարզելով` արդյոք, դա չի՞ հակասում նախագահի գործառույթային անձեռնմխելիության դրույթին, քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ` շրջանցելով, որ ո՛չ Սահանադրությամբ, ո՛չ օրենքներով որեւէ մեխանիզմ սահմանված չէ` հաղթահարելու այդ ինստիտուտը եւ սահմանափակելու նախագահի ազատությունը։

Հետաքրքիր է, ինքը` Փաշինյանը, օրենսդրական ո՞ր մեխանիզմներից ելնելով էր, նախագահին դեռ մեղադրյալի կարգավիճակ «չշնորհած», հրապարակավ հայտարարում, որ սահմանադրական անձեռնմխելիությունը հիմք չէ` նախագահին բռնելու եւ բաց չթողնելու համար։ Ո՞ր օրենքով էր առաջնորդվում` մատ թափ տալով «անհնազանդ» դատավորների վրա եւ կոչ անելով շրջափակել դատարանները։

Ի վերջո` օրենսդրական ո՞ր մեխանիզմին հղում անելով էր իրեն իրավունք վերապահում` գնահատական տալու ՍԴ լեգիտիմությունը, «օրը ցերեկով» կաշառք առաջարկում ՍԴ դատավորներին, թե` հրաժարական տվեք, եւ մինչեւ կյանքի վերջ ապահովված կլինեք բարձր աշխատավարձով եւ սոցիալական, իրավական երաշխիքներ կունենաք։

Փաշինյանը ուշագրավ մի շեշտադրում էլ արեց`խոսելով Ամուլսարի հարցով որոշում կայացրած քննչական խմբի ղեկավարի մասին։ Ասաց. «Յուրի Իվանյանը, ինչպես պարզվեց, որոշակի ազգակցական կապեր է ունեցել եւ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որը առնչություն ունի Ամուլսարի ՇՄԱԳ-ի եւ Ամուլսարի նախագիծը հաստատելու հետ եւ, ըստ էության, ինքն է ստորագրել»։

Ժողովրդի վարչապետն այստեղ «լուրջ խնդիր» է տեսնում, բայց որեւէ խնդիր չի տեսնում, որ Քոչարյանի վրա գործ կարած ՀՔԾ պետը «ազգակցական որոշակի կապեր ունի» Սորոսի հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահի հետ`Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է։ Եվ, իհարկե, կասկածի տակ չի դնում նրա անաչառությունը սորոսական հանրույթի «աչքի գրող» Քոչարյանին փակելու եւ յոթ կողպեքի հետեւում պահելու հարցում։

Սա մի՛ բան է նշանակում. այսքան ժամանակ պետության ղեկին գտնվելով`այդպես էլ ոչինչ չի հասկացել եւ ոչինչ չի սովորել` ուղղակի փարիսեցիություն է անում՝ Ամուլսարի մասով նոր ՇՄԱԳ անցկացնելու որոշումից հետ կանգնելու պատասխանատվությունը հիմա էլ օրենսդրության վրա բարդելով։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը