Մեկնաբանություն

09.09.2019 13:30


Ինչո՞ւ է Արման Բաբաջանյանի սիրտը տեռոր ուզում

Ինչո՞ւ է Արման Բաբաջանյանի սիրտը տեռոր ուզում

Մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը Սերժ Սարգսյանի օգտին ինքնամոռաց կռիվ տված, իշխանափոխությունից հետո թունդ հեղափոխական դարձած, «Լուսավոր Հայաստանի» ցուցակով խորհրդարան սողոսկած (ըստ օդում կախված լուրերի՝ Էդմոն Մարուքյանի դրամապանակն այդ գործարքի արդյունքում ծանրացել է մի ամբողջ 200 հազար դոլարով), իսկ օրերս էլ ԼՀԿ խմակցությունը լքած Արման Բաբաջանյանի սիրտը տեռոր է ուզում։

Նրա մոտ գրչակություն անող Կարպիս Փաշոյանը մատից հոտ է քաշել ու պարզել, որ ժողովուրդը երազում է հեղափոխական տեռորի մասին։

Տխրահռչակ Բաբաջանյանի կայքը, որը նախորդ իշխանություններին էր կցված ու հանդիսանում էր Բ26–ի ոչ պաշտոնական խոսափողներից մեկը, իբր, հանուն արդարության վերականգնման պահանջում է տեռոր, այսինքն՝ իր նախկին հովանավորների ոչնչացում։

Մի կողմ թողնելով հարցի բարոյական կողմը՝ եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է Արմանը Նիկոլից ավելի թունդ հեղափոխական հռետորաբանություն կիրառում։ Իսկ հասկանալու համար նախ պետք է դիմել պատմության օգնությանը։

Ծայրահեղականության պատմական դասերը

Աշխարհում բոլոր հեղափոխություններն ունենում են չափավոր ու ծայրահեղական թևեր։

Երկուսի համար կարևոր է լինում արդարության խնդիրը, բայց դրան հասնելու մեթոդներն ու ճանապարհներն են տարբեր լինում։

Չափավորները, որպես կանոն, տեղական ծագման և դրսից չկառավարվող են լինում, իսկ ծայրահեղականները միշտ հանդիսանում են օտար երկրների գործակալներ և կատարում են տվյալ պետության թշնամիների պատվերները։ Առաջինների համար արդարությունը նպատակ է, իսկ երկրորդների համար՝ շահարկման առարկա ու այլ խնդիր լուծելու միջոց։

1789–ի ֆրանսիական հեղափոխության ժամանակ ժիրոնդիստները չափավորներ էին և ներքին օրակարգով գործիչներ էին, իսկ ահա նրանց հակառակորդ արմատական հեղափոխականներին՝ յակոբինյաններին, ֆինանսավորում և ուղղորդում էին անգլիացիները՝ իրենց շահերից ելնելով ու խնդիր ունենալով թուլացնել նոր կազմավորվող ֆրանսիական հանրապետությունը։

1–ին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան որոշեց արևելյան ճակատը թուլացնելու համար ներսից պայթեցնել իր հակառակորդ ցարական Ռուսաստանը։ Գերմանական հետախուզական ծառայությունները ֆինանսավորեցին բոլշևիկներին, որոնք ծայրահեղական հեղափոխական կոդեր էին կիրառում։ Բոլշևիկները տեռոր սկսեցին ու թուլացրեցին Ռուսաստանը։ Նրանք դավաճանական պայմանագիր կնքեցին Գերմանիայի հետ։

Հայ բոլշևիկները նույնպես ֆինանսավորվում էին դրսից՝ ռուս բոլշևիկներից, ու կատարում դրսի հրահանգները՝ փլելով Հայաստանի 1–ին հանրապետությունը։

Վրաստանում վարդերի հեղափոխության ծայրահեղական թևը ներկայացնող Սահակաշվիլուն դրսից օգնեցին միանձնյա իշխանություն ձևավորել՝ մինչև այդ սպանելով Ժվանիային ու իշխանությունից հեռացնելով Բուրջանաձեին։ Սահակաշվիլին լրիվ դրսի նախագիծ էր։ Նպատակը՝ հակառուսական գիծ տանելն էր։ Սահակաշվիլին կատարեց այդ հրահանգը, որի դիմաց վրացիները վճարեցին թուրք–ադրբեջանական դուետի կցորդ դառնալով և տարածքաներ կորցնելով։

Դրսի նախագծեր էին նաև ուկրաինական նարնջագույն հեղափոխության առաջնորդներ Տիմոշենկոն, Յուշչենկոն, Պորոշենկոն։ Նրանց վրա էլ էր դրված՝ ծայրահեղական հեղափոխականություն խաղալ և ելնել ՌԴ–ի դեմ։ Ուկրաինան էլ Վրաստանի պես թանկ գին վճարեց դրա դիմաց՝ մարդկային ու տարածքային լուրջ կորուստների և պետության փաստացի ձևախեղման տեսքով։

Թե ինչ ավերածություններ բերեցին իրենց երկրներին ծայրահեղ հեղափոխականները, հայտնի է։ Միայն կորուստներ։

Եվ այսպես, բոլոր ծայրահեղ հեղափոխականները, արդարության հաստատման քողի տակ, դրսի պատվերներն են կատարում։ Ու այդ «դուրսը» միշտ լինում է տվյալ պետության թշնամի հանդիսացող պետություն։

Մեր դեպքում դժվար չէ կռահել, թե ովքեր են ժողովրդի արդարացի դժգոհությունները շահարկելու միջոցով Հայաստանը ներսից պայթեցնելու ծրագրերի պատվիրատուները։

Ովքեր են հայկական հեղափոխության պատվիրատուները և ինչ են նրանք ուզում

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը որպես գլխավոր կարգախոս ընտրել էր սերը և հանդուրժողականությունը։ Ու քանի որ Նիկոլի գործը հեղափոխության ժամանակ բացառապես քայլելն ու թամաշա ապահովելն էր, իսկ վարչապետ դառնալուց հետո՝ ֆեյսբուքյան լայվեր ապահովելը, ուստի դրսից արագ սկսեցին լցնել մեր երկրի ներքին օրակարգն ու պարտադրել սեփական խաղի կանոնները։

Հիմա փորձ է արվում «թավշյա» հեղափոխության մեջ արտաքին քաղաքական վեկտոր մտցնել՝ հակառուսականության տեսքով։ Սա ԱՄՆ–ի վարչակազմի թուրքական լոբբիստների ծրագիրն է. ՌԴ ռազմաբազաները հանել, Արցախի հարցում զիջումներ պարտադրել ՀՀ–ին ու ապահովել թուրքական էքսպանսիան մինչև միջինասիական երկրներ։ Բոլոր տնաբույծ ծայրահեղականներն այս ծրագրի օգտին են աշխատում՝ սկսած «ռազմահայրենասերներից» մինչև ավարտված թրքաբոլշևիկները։

Հիմա Հայաստանը խոպան տարածք է դարձել տարատեսակ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար։ Մեր երկրի թշնամիները հասկացել են, որ անգաղափար ու պոպուլիստ իշխանության պայմաններում կարելի է ինչ ուզես անել, և ներքին արյունահեղության կազմակերպման միջոցով թուլացնել Հայաստանը։ Ինքնին հասկանալի է, որ այդ թուլացումն առաջինն ազդելու է Արցախի, իսկ հետո արդեն մեր ամբողջ երկրի վրա։

Դրսի ուժերին պետք է, որ Հայաստանի ու Արցախի միջև լարվածություն առաջանա, որ մեր ժողովուրդը պառակտվի մինչև վերջին մարդը, որ սեփականության վերաբաշխման լայնամասշտաբ գործընթաց սկսվի, ինչը կպայթեցնի մեր տնտեսությունը։ Դրանց նաև պետք է մեր ժողովրդի՝ արդարության հաստատման ազնիվ մղումն օգտագործել նույն ժողովրդի դեմ։

Պետք է միանշանակ պնդել, որ բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք Հայաստանում տեռորի և բոլշևիկյան կոդեր են քարոզում, գործում են թուրք–ադրբեջանական շահերի օգտին։

Եթե մենք ունենայինք խելքը գլխին իշխանություն և կայացած հասարակություն, ապա ԱԱԾ–ն շատ արագ կբացահայտեր մեր երկրի դեմ աշխատող բոլոր արմանբաբաջանյաններին, բայց քանի որ Նիկոլը նման հրահանգ չի կարող տալ, ուստի սրանք ջրի երես են դուրս եկել ու անցել են բաց գրոհի՝ խաղալով պողոսների ստորին բնազդների վրա և սպասարկելով թուրքական MIT–ի շահերը։

Իսկ չի տա Նիկոլը մեր երկրի ներսում թրքաբոլշևիկյան ցանցը բացահայտելու և 5–րդ շարասյունը չեզոքացնելու հրահանգ, քանզի ստիպված պետք է լինի դրանից հետո խոստովանել, որ իր հեղափոխական թիմի շարժիչներից մեկն այդ շրջանակներն են եղել՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Նիկոլը նաև թույլ է իրեն զգում նման հրահանգներ տալու համար։

Բայց դե պետությունն այնպիսի օրգանիզմ է, որ ուշ թե շուտ իր մեջ բացահայտում է ներդրված բացիլը և չեզոքացնում այն։ Այնպես որ թուրք–ադրբեջանական դուետի շահերը Հայաստանում ներկայացնող բոլոր ծայրահեղական թրքաբոլշևիկները՝ լինեն նրանք ռազմահայրենասերներ, տեռոր պահանջողներ ու Նիկոլից ավելի հեղափոխական երևալու ցանկություն ունեցողներ, միևնույն է ի վերջո հայտնվելու են այնտեղ, որտեղ պետք է լինեն թշնամու շահերը ներկայացնող դիվերսանտները։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը