Կարծիք

07.09.2019 13:55


Փաշինյանի «ռուսական» վախերը բարձրաձայնո՞ւմ է Սեֆիլյանը

Փաշինյանի «ռուսական» վախերը բարձրաձայնո՞ւմ է Սեֆիլյանը

Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ... Փաշինյանի հետ հանդիպումից հետո պարոն Սեֆիլյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ՌԿ-ին և «բացահայտել» Կրեմլի հակափաշինյանական պլանները...

Սեֆիլյանի այս «բացահայտումները», ինչպես նաև նույն օրը Չուգասզյանի՝ «հակահեղափոխականների» հասցեին հնչեցված սպառնալիքները պատահական չէին. համոզված եմ, որ վարչապետի հետ հանդիպմանը քննարկված հարցերից գլխավորը Փաշինյանի և Կրեմլի միջև հարաբերություններն են...

Այն, որ այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ և ՌԴ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, հասկացել են նույնիսկ հեղափոխական էյֆորիայից չձերբազատվածներից շատերը... Չեմ մանրամասնի հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած վայրիվերումները... Ավելի մանրամասն կանդրադառնամ վերջին շրջանում կուտակված խնդիրներին, որոնցից ամենակարևորը ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի կալանավորումն է, որն ի սկզբանե սրեց հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ և ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին հայ իրավապահներին չհանձնելուն ի պատասխան Երևանի անտրամաբանական պատասխանները Մոսկվային... Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ պարզվեց, որ Հայաստանը Պուտինին «պատժելու» համար ապաստան էր տրամադրել մեկին, ով իրեն հռչակել է հակապուտինական, բայց իրականում արկածախնդիր մի ստահակ է, որը նաև 2013 և 2015 թթ․-ին Արզամաս և Մինվոդի քաղաքներում հակահայկական ցույցերի և ակցիաների կազմակերպիչ է...

Այս զարմանալի հակառուսական և հակահայկական քայլին հաջորդեց պարոն Փաշինյանի հանդիպումը «ծռական» Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ, որոնք բացահայտ հակառուսական քաղաքականության կոչերով են հանդես գալիս, և պատահական չէր նաև հանդիպումից հետո այդ երկուսի հարցազրույցների հակառուսական բովանդակությունը...

Ես ինքս կերազեի ապրել «Սասնա Ծռերի» երազած Հայաստանում, որը գոնե առանց դաշնակցի կամ դաշնակիցների ի վիճակի կլիներ ապահովել իր սահմանների անվտանգությունը, էլ չեմ ասում այլ հարցերի և խնդիրների մասին, որը մենք չենք կարող այս պահին լուծել... Սակայն ոչ միայն ես և միլիոնավոր մեր հայրենակիցները, այլև մեր բոլոր նախագահները և ներկայիս վարչապետը գտնում են, որ Հայաստանն այս պահին չի կարող այդ խնդիրներն ի մի բերել միայնակ, բացի պարոն Սեֆիլյանից և նրա փոքրաթիվ կողմնակիցներից, որոնք վերջին ԱԺ ընտրություններում ստացան ընտրողների ձայների 1,82 տոկոսը...

Փաստ է, որ բոլոր այն երկրները, որոնք դուրս են եկել ՌԴ-ի դեմ, անպայման ունեցել են տարածքային կորուստներ. Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա... Արևմուտքը և ԱՄՆ-ն, որոնք հովանավորում էին ժամանակին այդ երկրներում հակառուսական քաղաքական ուժերին և «գունավոր» հեղափոխությունները ոչ միայն 4,5 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանի, այլև 45 միլիոնանոց Ուկրաինայի համար, բացահայտ առճակատման՝ պատերազմի մեջ չմտան Պուտինի հետ... Ու չեն էլ մտնի...

Բոլորիս էլ շատ լավ հայտնի է, թե ինչ կլինի մեզ հետ, եթե Հայաստանը բացահայտ հակառուսական քաղաքականություն վարի... Հարց՝ «Արդյոք պատրա՞ստ ենք մենք այդ զոհողություններին»... Համոզված եմ՝ ոչ... Այո՛, հայ-ռուսական հարաբերությունները դեֆորմացված են և դրանք պետք է կարգավորել... Բայց դրանք պետք է կարգավորել բանակցությունների միջոցով, այլ ոչ թե «աբառոտկաների»...

Ծիծաղելի են ուղղակի նրանք, ովքեր իրոք հավատում են մեր հզորագույն պետություն լինելու և այլ դեմագոգիաների... Հայաստանը կլիներ հզորագույն պետություն, եթե գտնվեր ոչ թե Հարավային Կոսկասում՝ շրջապատված 75 միլիոնանոց Թուրքիայով և 8 միլիոնանոց Ադրբեջանով, որոնք համարում են մեզ թշնամիներ և չեն թաքցնում, որ նախընտրում են գործ ունենալ մեռած հայի հետ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելով մեր դեմ... Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ սուտի հայրենասերները և սոցցանցային «Ռեմբոները» առաջինն են լքելու իրենց կողմից կործանված Հայաստանը... Որքան հասկանում եմ, պատմությունը մեզ դաս չտվեց... Նույնիսկ ծվարվելով մեր պատմական հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի ընդամենը 13 տոկոսի վրա, մենք չհասկացանք, որ պետք է լինենք հայամետ, բայց ոչ սուտի՝ միֆերով և հեքիաթներով առաջնորդվող, քանի որ դա մեզ կտանի կործանման...

Ի դեպ, ծռականներին և նրանց երկրպագուներին առաջարկում եմ հակառուսական քաղաքականություն քարոզելուց առաջ գոնե Հայաստանը դարձնեն աշխատաշուկայի «մեքքա», քանի որ ամեն տարի 200 հազարից ավելի արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների մուտքը ՌԴ կարգելվի... Կարգելվեն նաև ՌԴ-ից դեպի Հայաստան տրանսֆերները... Կարգելվեն նաև շատ այլ բաներ... Ու այդ ժամանակ շատ հետաքրքիր կլինի տեսնել Փաշինյանի, Սեֆիլյանի և այլ գործիչների դեմքերը, երբ այդ սոված և անգործ ամբոխի վերածված մասսան, մոռանալով «հպարտ և քաղաքակիրթ քաղաքացի» լինելու մասին, ծվեն-ծվեն կանի նրանց...

Ի դեպ, քաղաքակիրթ Արևմուտքի երկրները և հատկապես ԱՄՆ-ն բազմիցս են ապացուցել, որ երբ իրենց շահերն արհամարհվում են իրենց համար կարևոր նշանակություն ունեցող որևէ երկրում, ապա նրանք կարող են ավելի դաժան քայլերի գնալ... Օրինակ՝ տապալել օրինական ընտրված իշխանություններին և մասսայական սպանդի դիմել, ինչպես 1973 թ․-ին ԱՄՆ-ն արեց Չիլիում, 1981-90 թթ․-ը՝ Նիկարագուայում և այլն...

Հ.Գ. ՀՀ վարչապետի փորձերն իր «ռուսական» վախերը Սեֆիլյանի և այլ հակառուսական գործիչների շուրթերով բարձրաձայնելը վտանգավոր խաղի սկիզբն է, որից կտուժի ոչ միայն Փաշինյանը, այլև Հայաստանը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը