Կարծիք

07.09.2019 12:18


Ո՞վ է Փաշինյանի և ապրիլյան հեղափոխության իրական հոգևոր հայրը. մաս 2–րդ

Ո՞վ է Փաշինյանի և ապրիլյան հեղափոխության իրական հոգևոր հայրը. մաս 2–րդ

Հոդվածի մաս 1-ինն՝ այստեղ

Ջին Շարպի գաղափարների ակտուալությունը հատկապես մեծացավ 1980 թվականի լեհական հայտնի դեպքերից հետո:

Ի՞նչ կատարվեց Լեհաստանում 1980 թվականին

Առաջին անգամ կոմունիստական ռեժիմ հաստատած երկրում իշխանություններից դժգոհություն սկսեցին ներկայացնել… բանվորական դասի ներկայացուցիչները:1980 թվականի հուլիսի 1-ին Լեհաստանի կառավարությունը բարձրացրեց մսի գինը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց բանվորական շրջանակների մոտ: Սկսվեցին բանվորական գործադուլներ, որի արդյունքում, իշխանությունը գնաց զիջման: Բանվորները զգալով, որ հասել են հաջողության՝ սկսեցին կազմավորվել մի մեծ միության մեջ, որի անունը դրեցին «Համերաշխություն»: Ընդորում կոմունիստների պատմության մեջ առաջին անգամ նրանց չէին կարող մեղադրել՝ որպես «բուրժուական տարրեր»: Ինչպես դա եղավ 1956–ին Հունգարիայում կամ 1968-ին Չեխոսլովակիայում:

Լեհաստանում, դժգոհության ալիքը ղեկավարում էին հենց բանվորները: Այդ իսկ պատճառով կոմունիստական քարոզչությունը այդ հարցում չէր գործում:

Սակայն, քանի որ բանվորական այդ շարժումը մեծ փորձ չուներ, իսկ երկրում չէին ձևավորված անհրաժեշտ քանակի դեմոկրատական ինստիտուտները, իշխանություններին հաջողվեց չեզոքացնել այդ վտանգը, և 1981-ի դեկտեմբերին Լեհաստանի նոր ղեկավար նշանակված գեներալ Վոյցեխ Յարուզելսկին ռազմական դրություն մտցրեց երկրում, և արդյունքում լեհական դիմադրողական շարժումը պարտվեց:

Ամերիկացիները առաջին անգամ հասկացան, որ եթե նրանք ուզում են էֆեկտիվ պայքարել ԽՍՀՄ-ի դեմ, ապա այդ պայքարը չի կարող կացնային բնույթ ունենալ: Որպեսզի, բռնատիրական երկրներում ժողովուրդները կարողանան պայքարել իրենց ազատության համար, ապա դրա համար անհրաժեշտ է, այսպես կոչված, «անցումային փուլ», որպեսզի մինչ դեմոկրատական հեղափոխություն իրականացնելը, տվյալ երկրում նախապատրաստել դրա հիմքերը:

Ջին Շարպը իր տեխնոլոգիաները կիրառելու համար, հենց այդ նախապայմանների ապահովման անհրաժեշտության մասին է նշում:

Որոնք են այդ հինգ նախապայմանները խաղաղ, ոչ բռնի հեղափոխություն իրականացնելու համար

Նախապայման առաջին

Այդպիսի հեղափոխության համար նախ անհրաժեշտ է ձևավորել հեղափոխականների շերտ, վերնախավ, ովքեր պետք է քարոզեն այդ հեղափոխությունը բնակչության մեջ։

Նախապայման երկրորդ

Պետք է երկրում լեգալ ձևով գործեն արտասահմանյան հիմնադրամներ/Սորոս, NDI, և այլն/ որոնք պետք է նախապատրաստեն այդ հեղափոխականներին, ֆինանսական աջակցություն ցույց տան նրանց հանրային գործունեության համար։

Նախապայման երրորդ

Երկրում պետք է լինեն բավարար քանակի ազատ լրատվամիջոցներ, որպեսզի նրանց միջոցով հնարավոր լինի անցկացնել այդ քարոզը։

Նախապայման չորրորդ

Այդ երկրում պետք է գործի ազատ ընտրության ինստիտուտը: Այն կարող է արդար չլինել, սակայն պետք է հնարավորություն տրվի, որպեսզի այդ արդեն պատրաստվածությունն անցած հեղափոխական խմբերը կարողանան մասնակցել այդ ընտրություններին: Թե ինչքանը նրանցից կդառնան պատգամավոր, այդ անցումային փուլում այդքան էլ կարևոր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի նրանցից գոնե մեկը, երկուսը խորհրդարանի ամբիոնից հնարավորություն ունենան հանդես գալ պոպուլիստական ելույթներով:

Դրա նպատակը, հանրության մեջ իշխանության վարկաբեկման խնդիրը լուծելն է համարվում: Այսինքն այդ անցումային փուլում հեղափոխականների գլխավոր խնդիրը օրվա իշխանությանը դելեգիտիմիզացնելն է: Ցույց տալը, որ նրանք կոռումպացված են, արդար չեն կառավարում, ժողովրդից կտրված են, անհաղորդ են նրանց պահանջներին և այլն:

Նախապայման հինգերրորդ

Իշխանությունը վերը նշած չորս նախապայմանները պետք է կատարի, և բացի այդ հրապարակային բողոքի ցույցերի հանդեպ իշխանությունը պետք է հանդուրժող վերաբերմունք ցուցաբերի, եթե, իհարկե, այն կրում է խաղաղ բնույթ: Եվ ցույցերի մասին օրենքները մաքսիմալ պիտի լիբերալ բնույթ ունենան:

Այս հինգ նախապայմանների կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ երկրի ղեկավարը լինի հանդուրժող այդ պահանջներին:

Եվ ահա, հատուկ այդ «անցումային փուլերի» նախապայմանների ստեղծման համար, ամերիկյան պաշտոնական քաղաքականության մեջ մտցվեց այսպես կոչված «մեղմ» և «կոշտ» բռնատերերի դասակարգումը:

Այն երկրների ղեկավարները, որոնք համաձայնվում էին, որ իրենց երկրում այդ հինգ նախապայմանները ձևավորվեն, ամերիկացիների կողմից կոչվեցին «բարեփոխիչներ»: Իսկ այն գործիչները, որոնք թույլ չտվեցին դա, կոչվեցին «հետադիմական բռնապետեր»:

Ամերիկացիները հրապարակավ աջակցում էին «բարեփոխիչներին», օգտվելով դրանից՝ ձևավորում էին այդ հինգ նախապայմանները: Որից հետո, երբ արդեն հանրությունը պատրաստ էր լինում, իրականացնում էին «ոչ բռնի, թավշյա հեղափոխություններ»՝ իշխանության բերելով արդեն իրենց կառույցների միջոցով անցած կադրերին: Իսկ իշխանությունը կորցրած «բարեփոխիչներին»՝ անպետքության պատճառով շնորհակալություն հայտնում և գցում էին «պատմության աղբանոցը»:

Ընդորում, խաղաղ ճանապարհով իշխանության եկած «հեղափոխականները» պետք է քաղաքական հետապնդման չենթարկեին այդ «բարեփոխիչներին», դա, սովորաբար, ամերիկացիների պահանջն էր լինում, որպեսզի մյուս երկրների «հեղափոխականներին» հեշտ լիներ խաղաղ ճանապարհով ազատվելու համար իրենց «բարեփոխիչներից»: Քանզի, եթե մի երկրի «բարեփոխիչը» տեսներ, թե ինչ ճակատագրի է արժանանում հարևան երկրի ղեկավարը, որևէ պարագայում խաղաղ ճանապարհով չի հանձնի իշխանությունը «հեղափոխականներին»: Արդյունքում դա կարող է փլուզել «խաղաղ, ոչ բռնի հեղափոխության» գաղափարը ընդանրապես:

Առաջին այս էքսպերիմենտը ամերիկացիները կատարեցին ԽՍՀՄ-ի վրա: Իրականացնելով այսպես կոչված «բարեփոխիչ Գորբաչովից դեպի հեղափոխական Ելցին» իշխանության տրանզիտի օպերացիան:

Ինչպես իրականացավ «Գորբաչովից Ելցին» իշխանության տրանզիտը

Բոլորի համար էլ հասկանալի է, որ տոտալիտար ԽՍՀՄ-ի պայմաններում, ոչ մի «խաղաղ ու ոչ բռնի շարժում» հնարավոր չէր, դրա համար անհրաժեշտ էին այն նախապայմանները, որոնք նշել էինք վերևում: Ահա թե ինչու․ Գորբաչովի բարեփոխման քայլերը Արևմուտքը ողջունեց: Բայց այդ ողջույնի իրական պատճառը Գորբաչովի բուն ծրագրերը իրականացնելը չէր: Կարևոր էր, որ Գորբաչովի բաց քաղաքականության արդյունքում ԽՍՀՄ-ում առաջանային այն ազատության ծիլերը, որոնք էլ իրենց հետ կբերեին արդեն «նոր հեղափոխությունների»:

Եթե չլիներ Գորբաչովը, չէր լինի նաև ղարաբաղյան շարժումը, բալթյան երկների ժողովուրդների շարժումը: Վերջապես չէր առաջանա ռուսական դեմոկրատական շարժումը՝ Ելցինի գլխավորությամբ:

Երբ բոլոր այդ նախապայմանները ձևավորվեցին, ԽՍՀՄ-ի բոլոր 15 հանրապետությունները դարձան ինքնուրույն գործոն, Գորբաչովը այլևս դարձավ ավելորդ և հայտնվեց «պատմության աղբանոցում»:

Միևնույն ժամանակ, Արևմուտքը թույլ չտվեց, որպեսզի հեղափոխական Ելցինի իշխանությունը քաղաքական հաշվեհարդար տեսնի «բարեփոխիչ» Գորբաչովի նկատմամբ:

Հետո նույն բանը կրկնվեց Հարավսլավիայում: Երբ Միլոշևիչին դարձրին «բարեփոխիչ», նրա հետ կնքեցին Դեյտոնյան համաձայնագրերը, իսկ հետո «հեղափոխության» միջոցով հեռացրին իշխանությունից: Իսկ վերջում էլ, նպատակահարմարությունից ելնելով, նրան ուղարկեցին Հաագայի միջազգային դատարան: Իսկ նրա մահից հետո, երբ նա արդեն վտանգավոր չէր, նույն նպատակահարմարությունից ելնելով, այս օրերին արդարացրին (Միլոշևիչի հետ կատարված բացառությունը պայմանավորված չէր ներքաղաքական հանգամանքներով և հետևանք էր արտաքին միջավայրի փոփոխության․ այդ բացառությունը ևս մեկ անգամ հաստատում է կանոնը):

Հաջորդ էքսպերիմենտը կատարվեց Վրաստանում:

«Շևարդնաձեից դեպի Սահակաշվիլի» իշխանության տրանզիտը

1992-ին, երբ Շևարդնաձեն եկավ իշխանության Վրաստանում, նրան աջակցում էին ոչ միայն Մոսկվայից, այլև Արևմուտքից: Ավելին, վերջինս հսկայական օգնություն ցուցաբերեց Շևարդնաձեին բարեփոխումներ իրականացնելու համար: Ամերիկացիները հրապարակավ աջակցում եին Շևարդնաձեին՝ միաժամանակ պահանջելով, որ նա դռները բացի նաև «երիտասարդ, արևմտյան կրթություն ստացած բարեփոխիչների առջև»:

Միաժամանակ, նույն ամերիկացիները ձևավորում էին իրենց «հեղափոխականնների» թիմը՝ տարբեր հիմնադրամների միջոցով:

Հենց այդ դարփնոցից դուրս եկան Սահակաշվիլին, Ժվանիան և Բուրջանաձեն: Իսկ 9 տարի անց, երբ «երիտասարդներն» արդեն հասունացել էին, ամերիկացիները քցեցին Շևարդնաձեին՝ իշխանության բերելով «վարդերի հեղափոխության» հեղինակներին:

Շևարդնաձեն իր հուշերում շոկից դուրս չէր գալիս, թե ինչպես «անշնորհակալ ամերիկացիները» ուրացան իրեն: Ի դեպ, նույն բանն էր ժամանակին ասում նաև Գորբաչովը:

Հավանաբար, Շևավարդնաձեն Գորբաչովի դասերը լավ չէր ուսանել:

Կուչմայից դեպի Յուշչենկո, Յանուկովիչից դեպի Պորոշենկո իշխանության տրանզիտները

Գորբաչովից և Շևարդնաձեից հետո նույնը կատարվեց Կուչմայի և Յանուկովիչի հետ: Ամերիկացիները, սկզբից Կուչմային հռչակեցին «բարեփոխիչ»՝ հորդորելով, որ նա բացի դռները «ուկրաինական ազգայնականների և դեմոկրատների առջև»: Իսկ հետո, երբ պարարտ հողը ձևավորվեց, նրան խաղից դուրս թողեցին՝ իշխանության բերելով «մաքուր դեմոկրատ Յուշչենկոյին»:

Հետո նույն օպերացիան կատարեցին Յանուկովիչի հետ՝ 11 տարի անց:

Յանուկովիչը սկզբում նույնիսկ ուզում էր «ավելի եվրոպամետ թվալ», քան բուն եվրոպամետները՝ հույս ունենալով, որ ամերիկացիները շնորհակալ կլինեն իրենից: Սակայն, վերջիններս քաղաքականության մեջ շնորհակալության սկզբունքով չէն շարժվում, այլ «տվյալ պահին օգտակար է, թե ոչ» կոնցեպտով են շարժվում: Երբ Յանուկովիչը սկսած 2011 թվականից ակտիվորեն ներգրաված էր « եվրաասոցիացիայի» քաղաքականության մեջ, նա այդ ժամանակ օգտակար էր: Իսկ երբ 2013-ի աշնանը հասկացավ, որ դրա արդյունքում, կարող է լուրջ հարված ստանալ Մոսկվայից, փորձեց դրա դիմաց կոմպենսացիա պահանջել Արևմուտքից: Վերջինիս կողմից նրան ակնարկեցին, որ ոչ մի կոմպենսացիա չի լինելու, և «Մավրը պիտի իր գործը կատարի ու հեռանա»: Յանուկովիչը առաջին անգամ հասկացավ, որ կարող է հայտնվել «քավության նոխազի» դերում: Նա փորձեց հակադրվել դրան, և արդյունքում նրան հեռացրին ամենաբիրտ ուժը կիրառելով: Եվ մինչ այսօր նա Ռաստովում նստած շոկի մեջ է, թե ինչու իր հետ ամերիկացիները այդպես վարվեցին: Հավանաբար, նա չէր կարդացել Գորբաչովի ու Շևարդնաձեի հուշերը:

Հայաստանում իշխանության փոխանցման Քոչարյանից դեպի Բաղդասարյան տարբերակը չստացվեց, սակայն Սարգսյանից դեպի Փաշինյան օպերացիան հաջող անցավ

Հայաստանում, Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում, Արևմուտքի գլխավոր կրեատուրան Արթուր Բաղդասարյանն էր: Նա չափավոր պոպուլիստ էր, չափավոր արևմտամետ, չափավոր ընդդիմադիր և միաժամանակ չափավոր իշխանության ներկայացուցիչ: Քոչարյանի կառավարման ժամանակ կային ազատ լրատվամիջոցներ, ցույցերի անցկացումն արգելված չէր, ազատ ընտրության ինստիտուտը գործում էր, թեև այն արդար բնույթ չուներ այնպես, ինչպես մյուս ԱՊՀ երկրներում: Վերջապես արևմտյան հիմնադրամները նույնպես գործում էին, սակայն նրանց իշխանությունը քաղաքական կշիռ չէր տալիս: Ավելին, երբ Բաղդասարյանի քաղաքական կշիռը մեծացավ և նրա շահերի հետ շաղկապեցին արևմտյան բոլոր կառույցները, Քոչարյանը ժամանակին կազմալուծեց Բաղդասարյանի ռեսուրսները: Նրան զրկեցին ռեսուրսային աջակցությունից՝ կազմաքանդելով նրա բիզնես շրջապատը: Իսկ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բաղդասարյանի դաշտը մտցրեցին նոր քաղաքական խաղացողների` ԲՀԿ-ին և «Ժառանգությանը»: Վերջիններս, «կիսեցին Բաղդասարյանի հացը»՝ մեկը պոպուլիզմով, մյուսը՝ արևմտամետ հռետորաբանությամբ: Արդյունքում, Բաղդասարյանի որպես ծագած աստղը սկսեց խամրել: Իսկ 2008-ի նախագահական ընտրություններից հետո նա փաստացի քաղաքական ասպարեզից դուրս հայտնվեց:

Քոչարյանին այս ամենը հաջողվեց այն բանի պատճառով, որ երկրի տնտեսությունը զարգանում էր երկնիշ ցուցանիշներով և քաղաքական դաշտում այդ փուլում լուրջ ընդդիմախոս չուներ:

Այլ էր Սերժ Սարգսյանի վիճակը: 2008-ին նա դարձավ նախագահ հետընտրական ցնցումային զարգացումներից հետո: Դրան գումարվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը հատկապես մեծ հարված հասցրեց Հայաստանին: Այստեղ օբյեկտիվ պատճառներին գումարվեցին նաև սուբյեկտիվ պատճառները՝ կապված Տիգրան Սարգսյանի կողմից վարվող քաղաքականությամբ:

Արդյունքում, Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում նա միշտ ունեցել է ուժեղ և վտանգավոր ընդդիմախոս: 2008-ից մինչև 2011 թվականը դա Տեր-Պետրոսյանն էր, իսկ 2011-ից մինջև 2015 թվականը` Գագիկ Ծառուկյանը: 2016-ին ապրիլյան պատերազմի արդյունքում կորցրած 800 հեկտարի գործոնը է՛լ ավելի վատթարացրեց իր վիճակը: Իսկ նույն թվականի ամռանը, երբ «Սասնա Ծռեր»-ի զինված գործողությունները, որոնք ահաբեկչական բնույթ ունեին, փաստացի ողջունվեցին հանրության զգալի, եթե չասենք մեծ մասի կողմից, վերջնականապես կազմալուծել էր իշխանության էֆեկտիվ գործունեության հնարավորությունները:

Այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը ստիպված էր ոչ միայն հաշվի նստել Հայաստանում գործող արևմտյան տարատեսակ կառույցների հետ, այլև քաղաքականապես հաշվի նստել նրանց շահերի հետ՝ համարելով, որ նրանք երբևիցե լուրջ սպառնալիք չեն կարողանա դառնալ իր իշխանության համար:

Հենց դրա համար էլ 2012-ին «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքը, իսկ 2017-ին «Ելք» դաշինքը զգալի աջակցություն ունեին իշխանության կողմից:

Ինչպես Գորբաչովի, Շևարդնաձեի դեպքում, ամերիկացիները իրենց եռանդուն աջակցությունն էին ցույց տալիս Սարգսյանի վարչակազմին՝ միաժամանակ ստվերային ձևով կայացնելով իրենց «հեղափոխական բրիգադները»:

2018-ին Հայաստանում կատարվեց այն, ինչ կատարվեց 2003-ին Վրաստանում «վարդերի հեղափոխության» ընթացքում:

Այդ հեղափոխությունների տեխնոլոգիաները նույն բնույթն ունեն, տարբերվում են միայն իրենց տեղական սպեցիֆիկաներով:

Մի տեղ արտաքին մոդեռատորը բացահայտում է իրեն, ինչպես, օրինակ Ուկրաինայում, մի տեղ ոչ (օրինակ՝ մեզ մոտ): Դա էլ պայմանավորված է երկրների սպեցիֆիկայով և Մոսկվայից կախվածության աստիճանով:

Ինչո՞ւ Արևմուտքը «չի սիրում» Պուտինին

Պատասխանը հայտնի է: Որովհետև վերջինս ուսանել է Միլոշևիչի, Շևարդնաձեի, Յանուկովիչի և մյուսների դասերը և թույլ չի տալիս, որ Ջին Շարպի տեխնոլոգիաների կիրառմամբ Ռուսաստանում ձևավորվեն վերը նշած հինգ հիմնական նախապայմանները:

Նույն պատճառով Արևմուտքը «չի սիրում» նաև Լուկաշենկոյին:

Քանզի առանց այդ նախապայմանների՝ Ռուսաստանում կամ Բելառուսում «խաղաղ և ոչ բռնի ընդիմադիր շարժումները» մեծ հաջողությունների չեն կարող հասնել:

Ինչո՞ւ Է Պուտինը հատկապես հարգում և գնահատում Քոչարյանին

Որովհետև Քոչարյանն իր անցած ուղիով ապացուցած այն գործիչն է, ով թույլ չտվեց, որ Հայաստանում իր կառավարման ընթացքում «ոչ բռնի շարժումները» քաղաքական լուրջ գործոն դառնան՝ միաժամանակ չփչացնելով իր հարաբերությունները Արևմուտքի հետ:

Քանզի, ըստ արևմտյան դիտորդների, Արևմուտքը լուրջ հաշվի է առնում և երկարաժամկետ ձևով համագործակցում է այն գործիչների հետ, ովքեր ունենում են կառավարման կայուն ուղենիշներ, հակաարևմտյան հռետորաբանություն չեն օգտագործում և միաժամանակ, «անցումային ֆիգուր» չեն ընկալվում, իսկ իրենց վարած քաղաքականությամբ էլ արձանագրում են շոշափելի արդյունքներ թե՛ տնտեսության մեջ, թե՛ ներքին քաղաքականության մեջ, և թե՛ արտաքին քաղաքական տիրույթում:

Սակայն նույնիսկ այդ դեպքերում Արևմուտքը չի խորշում հարվածել, երբ տեսնում է, որ նման գործիչները իրենց երկրի ներսում պրոբլեմներ են ունենում: Դրա վառ օրինակն են Քադդաֆին և հատկապես Մուբարաքը: Վերջինիս պարագայում, օրինակ, իսրայելական քաղաքական փորձագետները մինչ այսօր չեն հասկանում, թե ինչով էր պայմանավորված ամերիկացիների այսպիսի անլուրջ քայլը Եգիպտոսի հանդեպ:

Սակայն դա, ինչպես ասում են, բոլորովին այլ պատմություն է:

Այս հոդվածաշարի հաջորդ հատվածում արդեն կներկայացնենք, թե «բարեփոխիչների» կառավարման ընթացքում որո՞նք են այն 198 մեթոդները, որոնք հաջողության կարող են հասցնել «խաղաղ, ոչ բռնի» միջոցով պայքարն՝ ընդդեմ ավտորիտար իշխանության:

Ինչպե՞ս են նախագծվում այդ հեղափոխությունները և ի՞նչ սպեցիֆիկայով է օժտված Հայաստանն այս առումով:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը