Կարծիք

07.09.2019 09:33


Հրաժեշտ ամառային գնաճին

Հրաժեշտ ամառային գնաճին

Ամառը Վիճկոմի համար ավարտվեց: Գոնե սպառողական գների մասով:

Հրապարակվել է «Սպառողական գների ինդեքսը 2019թ․ հունվար-օգոստոսին» հաշվետվությունը:

Իսկապես հեշտ հաշվարկելի էր, որ սպառողական շուկայում գնաճը կմնա բյուջեի մասին օրենքով իրեն «հատկացված» միջանցքում` 1.8 տոկոս: Միանգամից կարելի է նշել, որ սպառման ապրանքների գնաճն ավելի բարձր է` 2.5 տոկոս: Իսկ սննդամթերքի 3.1 տոկոսանոց գնաճի տվյալն արձանագրելուց հետո կարելի է վերադառնալ սպառողական գների ինդեքսին, որ ավելի համեստ էր: Գնաճի տեսանկյունից, որ ընդհանուր 1.8 տոկոս է:

Դիտարկենք, թե այդ ընդհանուր ասվածը ո՞ր ոլորտների հաշվին է արձանագրվել և թվարկենք միջինից բարձր գնաճ ունեցողները:

Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է «ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ» ապրանքախմբում` 4.2 տոկոս: Այն մի փոքր ավելի բարձր է քան «հագուստ և կոշիկ» խումբը, որի ցուցանիշը 4.1 տոկոս է: Միջինից բարձր թանկացած մյուս խումբը սննդամթերքն է` 2.9 տոկոս: Իսկ հաջորդը 2.1 տոկոսանոց գնաճով առողջապահության ոլորտն է: Նշենք, որ հունվար-օգոստոսի գնաճի ցուցանիշները հաշվարկվել են անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած: Ահա այն ապրանքախմբերն ու ոլորտները որոնց հաշվին գնաճ է արձանագրվել:

Հիմա կարելի է դիտարկել այն ոլորտները, որոնք իրենց գնանկումով մեղմել են գնաճի միջին ցուցանիշը:

Գնանկման բացարձակ առաջամարտիկը «հանգիստ և մշակույթ» ոլորտն է, ուր գները նախորդ տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել են 2.5 տոկոսով: Իմաստ ունի նաև նշել, որ կապի ոլորտն է «Էժանացել» կես տոկոսով:

Մյուս ոլորտները «իներցիայով» համարյա պահպանել են նախորդ տարվա ցուցանիշները, կամ ոչ էական շեղումներ ունեցել: Չի կարելի պնդել, թե այս փաստն ավելի համոզիչ դարձնելու համար մեր վիճակագիրները հրապարակել են նաև 2019թ․ սպառողական գների ինդեքսը Եվրամիության, ԱՊՀ և առանձին մի քանի այլ երկրներում: Մեր ցուցանիշը մի փոքր ավելի բարձր է: Հատկապես, որ ԵՄ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ փոփոխության չի ենթարկվել: Սակայն շատ փորձագետներ պնդում են, որ մեր գնաճի ցածր տեմպը կառավարության վեհերոտ քաղաքականության արդյունք է:

Կառավարությունը, պաշտոնապես կատարելով բյուջեի մուտքային հատվածը, թերակատարում է ծախսային մասը: Փաստորեն կապիտալ ծախսերի նկատմամբ խիստ զգուշավոր քաղաքականությունը դառնում է տնտեսության զարգացման խոչընդոտ: Ակնհայտ է, որ կապիտալ ծախսերի կատարումն ու մուտքերին համահունչ ընդլայնումը կխթանեն գնաճը: Բայց խթանելով տնտեսությունը՝ կփոքրացնեն պապուլիստական քարոզչության հնարավորությունը: Իսկ դա այս պահին համարյա գերակա նպատակ է:

Գնաճի ինդեքսի հրապարակման մեջ որպես հավելված ներկայացվում են նաև մրգի և բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ: Սա ամենաանշառ ոլորտն է իշխանությունների համար: Եթե գյուղտարին բարենպաստ է, իշխանությունները պտուղ-բանջարեղենի գնանկումը վերագրում են իրենց վարած հմուտ տնտեսական քաղաքականությանը: Իսկ եթե տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության տեսանկյունից, նույնիսկ լրացուցիչ փաստարկներ հորինելու կարիք չկա: Օրինակ՝ սեխի ու ձմերուկի գներն այս տարի մեր իշխանություններին «պարզաճակատ» են արել: Սեխը նախորդ տարվա համեմատ Էժանացել է 46.6 տոկոսով, իսկ ձմերուկը` 42.7: Բայց այստեղ միանշանակ պատկեր չկա: Պտուղ-բանջարեղեն ասածը շատ տարբեր վարք է դրսևորում: Գնային իմաստով, իհարկե: Իշխանամետ խաշի սկսվող սեզոնից առաջ սխտորը 39.2 տոկոս գնանկում է գրանցել: Ի տարբերություն քաղաքական իրավիճակի փոփոխությունը չգնահատող տանձի, որ 24.5 տոկոս է թանկացել կամ 33.1 տոկոս թանկացած գլուխ սոխի, 32.4 տոկոս գնաճ արձանագրած սմբուկի և 25.5 տոկոսով «ծանրացած» կարտոֆիլի:

Ահա այսպիսի ոչ միատար գների աճի ինդեքս-հաշվետվություն: Հաշվետվություն, որի ցանկացած հատված ցանկացած մարդ կներկայացնի իր քաղաքական ճաշակին համահունչ: Օրինակ սա` «Ձվի գինը 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ աճել է 28 տոկոսով, իսկ 2019թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.4 տոկոս գնանկում»: Նախադասության ո՞ր հատվածը Ձեզ ավելի շատ դուր եկավ: Առաջի՞նը, ուր արձանագրված է ձվի 28 տոկոսանոց գնաճ անցած տարվա համեմատ, թե՞ երկրորդը` ուր նշվում է անցած ամսվա համեմատ 2.4 տոկոս գնանկման մասին:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը