Մեկնաբանություն

07.09.2019 01:33


Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու

Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու

Մինչեւ հիմա Նիկոլը «պարտնյորների» կարիք չէր զգում` իշխանությունը դիտում էր որպես սահմանափակ պատասխանատվության ընկերություն, որտեղ բաժնետոմսերի 90 տոկոսն իրենն է` իր հետ քայլածների եւ Սորոսի «փոխանորդների» սեփականությունը, մնացածը հիմնականում Տեր-Պետրոսյանի ձեռքում է (համենայնդեպս լևոնական կադրերի պակաս չկա ժողվարչապետի շրջապատում)։

Այսօր, երբ ոտքի տակից հողը փախչում է` թավշյա կառավարությունը սնանկացման եզրին է, իր պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու եւ այդ որոշումներին հետամուտ լինելու անկարողությունը, թիմային աշխատանքում առաջացած «ճեղքվածքները», անհամաձայնություները այլեւս այնքան ակնհայտ են, որ հնարավոր չէ չտեսնել։ Ռոբերտ Քոչարյանի վրա կարած գործն էլ աչքի առաջ փլվում է, որոշել է ընդլայնել «բաժնետերերի» ցանկը։

Եվ ո՞ւմ հետ է պատրաստվում կիսել օր օրի արժեզրկվող «բաժնետոմսերը». «Սասնա ծռեր» կոչեցյալ ահաբեկչական խմբավորման, որ ամիսներ առաջ երկրին պարտադրված գըմփ-գըմփ-հու ընտրություններում հազիվ 1 տոկոս ձայն ստացավ, բայց իրեն իրավունք է վերապահում հոխորտալ ժողովրդի անունից։

Հետաքրքիր է, որ արյան ծարավ` «նախկինների» արյունը տենչացող տեռորիստական այս կազմավորման լեգիտիմությունն անգամ գլխավոր «սասնա ծուռ» Պավլիկ Մանուկյանը չի ընդունում. ընտրություններից առաջ անկեղծացավ, թե`ո՞վ է սրանց իրավունք տվել հանդես գալ «Սասնա ծռերի» լոգոյի ներքո, հիմա լռում է` երեւի հասկացել է, որ այն ժամանակ իրենց պարզապես օգտագործել են։ Հե՛նց նա էր, որ մերժեց Նիկոլին, երբ սա որտեղից որտեղ «մեյդան ընկավ» եւ փորձեց շագանակներ հանել ՊՊԾ գնդի գրավման օպերացիայից, «թամբել» հանրային դժգոհության ալիքը եւ ուղղորդել իր ուզած հունով` յուրայիններին հրահանգեց «գլխին տալ, քցել զիբիլի վեդրոն», ինչը հաստա՛տ չէր մտնում` Սեֆիլյան-Չուգասզյան զույգի ծրագրերի մեջ։

«Բաժնետոմսերի» մի աննշան մասն էլ, ըստ ամենայնի, բաժին ընկնի իրեն Վազգեն Սարգսյանի «քաղաքական կապիտալի» ժառանգորդ հռչակած, իրականում` եղբոր անունը, խոսքը եւ գործը հետեւողականորեն արժեզրկող Արամ Զավենիչին. միջին տրամաչափի մեկ-երկու «ոսկոր» կտա, մինչեւ «յա էշը սատկի, յա՛ իշատերը»։

Ի՞նչ դեր է վերապահված լուսանցքային այս «ուժերին» Փաշինյանի կարճաժամկետ ծրագրերում`պարզից պարզ է։ Մի կողմից` օգտագործել սրանց որպես մանրադրամ Մոսկվայի հետ «խրթին» հարաբերություններում, շանտաժի ենթարկել ռուսներին, «իշմար տալ», որ առանց հետ նայելու կկտրի Հայաստանի պորտալարը Ռուսաստանից, եթե շարունակեն նեղել իրենց, աջակցել Քոչարյանին` անցանկալի հեռուստառեպորտաժներով եւ շնորհավորական ուղերձներով։ Մյուս կողմից` սաստել ընդդիմախոսներին, այդ թվում` Արցախի իշխանություններին, ցույց տալ, որ իշխանությունը պահելու համար պատրաստ են գնալ ամենածայրահեղ միջոցների` արյուն թափել, ահաբեկել, «տանկերի թրթուրների տակ» ճզմել ցանկացած ընդդիմադիր դրսեւորում։

Այն, որ անհավասար այդ «միությունը» ժամանակավոր է լինելու, կասկած չի հարուցում։ Նիկոլի անցած ճանապարհը վկա` ՀԱԿ ցուցակով պատգամավոր ընտրվելուց եւ գործընկերներին «քցելուց» սկսած, վերջացրած Էդմոն Մարուքյանի շնորհիվ`«Ելք»-ի ցուցակով վերընտրվելու, «դամկա գնալուց»` վարչապետ դառնալուց անմիջապես հետո դաշինքը լուծարելու, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ փաստացի կոալիցիա կազմելու եւ առաջին իսկ հարմար առիթով ոտքի վրա կառավարությունից դուրս շպրտելու «ուսանելի» պատմությամբ։

«Ծռերն», անկասկած, հասկանում են այդ «պարզ ճշմարտությունը». մի անգամ արդեն Նիկոլից քցվել են`ԱԺ մուտքի արտոնագիր չեն ստացել, բայց ունեն իրե՛նց հաշվարկները` կարծում են, որ կկարողանան սեփական խաղը առաջ տանել՝ «ֆուկ» անել Փաշինյանին եւ իրենցով անել «ժողովրդի իշխանության» վերահսկիչ փաթեթը։

Այս «էքսպերիմենտն» ինչով կավարտվի` 10 մարդու սպանության պատճառ դարձած, սպանվածների «արյունը շահարկելով»` իշխանության եկած իմքայլական առաջնորդի, ՀՀՇ «թերմացքի» եւ 3 ոստիկանի գնդակահարած «ծռերի» պայթուցիկ խառնուրդն ինչի կհանգեցնի, սրանց իրավիճակի վրա ազդելու թեկուզեւ սահմանափակ լծակներ տալը, դրանով իսկ`ներքաղաքական առճակատման մթնոլորտը էլ ավելի սրելը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները պլինտուսի մակարդակի հասցնելը, ինչ նոր մարտահրավերների առաջ կկանգնեցնի երկիրը` սարսափելի է նույնիսկ մտածել։

Թիթեռնիկի կյանքով ապրող, սեփական «երկար» քթից այն կողմ ոչինչ չտեսնող սահմանափակ պատասխանատվության իշխանությանն այս հարցերը չեն մտահոգում։ Նրանց համար կարեւորը ջրի երեսին մնալն է` իշխանությունն ամեն գնով պահելը եւ գահավիժող վարկանիշն ինչ-որ կերպ փրկելը։

Իսկ դրանից հետո` թեկուզ ջրհեղեղ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը