Մեկնաբանություն

06.09.2019 12:30


Ինչպես մսխել հեղափոխության էներգետիկան

Ինչպես մսխել հեղափոխության էներգետիկան

«Սասնա ծռերի» հետ հանդիպելը գործնականում ոչինչ չի կարող տալ Նիկոլ Փաշինյանին, բայց խորհրդանշականության առումով այդ հանդիպումն արդեն արդյունք տվել է։

Ներքաղաքական հարցերով Սեֆիլյանի հետ քննարկում կազմակերպելը ցույց է տալիս, թե ինչքան է իրեն թույլ զգում Փաշինյանը, որ հանդիպում է մարգինալ ուժերի հետ։

Հեղափոխությանը «թավշյա» և «ոչ բռնի» որակումները տված առաջնորդը հանդիպում է բռնությունը որպես քաղաքական պայքարի հիմնական մեթոդ համարող ուժի ներկայացուցիչների հետ։ Հենց սա՛ է խորհրդանշական։

Նիկոլն այս հարցում էլ դավաճանեց հեղափոխության բերած փոքրաթիվ արժեքներին ու կարգախոսներին։ Բայց նա օրիգինալ չէ։ Այդպիսին են եղել 1–ին ալիքի գրեթե բոլոր հեղափոխականները։

Նա խոստացել էր սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, բայց սևերի ու սպիտակների բաժանեց մեր ժողովրդին, տարածեց ատելություն և մինչև վերջին մարդը պառակտում է մտցնում։

Նա խոստացել էր, որ քաղաքական վենդետտաներ չեն լինելու, բայց վարչապետ դառնալուն պես դրանով է զբաղված՝ նժարի հակառակ կողմերում դնելով Հայաստանի ու իր անձնական շահերը։

«Ժողովրդի» վարչապետը խոստացել էր արժանավորների կառավարում՝ մերիտոկրատիա, և կադրային հարցերում հրաժարում ԽԾԲ–ությունից, բայց առաջնորդվում է բացառապես ԽԾԲ–ական սկզբունքով՝ աշխատանքի տեղավորելով իր հետ քայլածներին, տնեցիներին, բարեկամներին ու ճամբարափոխներին։

Նա խոստացել էր անկախ դատական համակարգ, բայց հիմա ամեն ինչ անում է, որպեսզի մենք անդեմ ու կամազուրկ դատական իշխանություն ունենանք՝ իր աթոռի ներքո։

Եվ վերջապես, Նիկոլը խաբեց նաև բռնության բացառման հարցում։

Ձախողված հեղափոխականների վերջին հանգրվանը, փաստորեն, ձախորդ ահաբեկիչների հետ միևնույն նավակում հայտնվելն է։ Երբ դու երկխոսում ես քո ոստիկանապետին նվաստացրած ու սպանության ելքով քաղաքական քայլերի գնացածների հետ, ապա դա նշանակում է անհարգալից վերաբերմունք ուսադիր կրող մարդկանց հանդեպ։ Դա նշանակում է, որ նույն վերաբերմունքին ինքդ կարժանանաս։

«Թավշյա» հեղափոխությունը երեկ պաշտոնապես կնքեց իր մահկանացուն։ Նիկոլի իշխանությունը իներցիայի հաշվին է պահպանվում։ Քաղաքական փոփոխություններն անխուսափելի են, ու որքան էլ պարադոսքալ չթվա՝ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի գործընթացներն արագանան։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը