Լրահոս

06.09.2019 12:20


Գևորգ Ղազարյան. Մրցավարն ավելի շատ իրենց կողմից դատեց խաղը

Գևորգ Ղազարյան. Մրցավարն ավելի շատ իրենց կողմից դատեց խաղը

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով՝ 1-3:

Խաղից հետո իր կարծիքը հայտնեց մեր ընտրանու հարձակվող Գևորգ Ղազարյանը.

«Շատ դժվար խաղ էր: Կարծում եմ լավ սկսեցինք, ագրեսիվ էինք, այդ պատճառով գոլ խփեցինք: Կարծում եմ՝ ավելի հաջող խաղ կունենայինք, եթե չլիներ կարմիր քարտը:

Ըստ իս՝ արդարացի չէր: Մրցավարը շատ շուտ սկսեց դեղին քարտեր տալ, հատկապես մեր թիմի ֆուտբոլիստներին: Կարծում եմ՝ ավելի շատ իրենց կողմից այսօր դատեց խաղը»:

Ղազարյանն ասում է, որ լարվածությունը սկսվեց կարմիր քարտի պատճառով.

«Լարվածությունը մի փոքր շատացավ հենց կարմիր քարտի պատճառով, ինչ-որ տեղ ավելի շատ մոտիվացանք, որպեսզի խաղը չպարտվենք ու նույնիսկ հաղթենք»:

Երկրպագուների աջակցության մասին մեր հարձակվողն ասաց.

«Նման աջակցություն շատ է եղել, ինչի համար շնորհակալ ենք: Այսօր նրանք լավագույնն էին»:

***

Հայաստանի ազգային հավաքականն Իտալիայի հետ Եվրո-2020-ի խաղում պատժվեց չօգտագործած պահերի համար: Նման տեսակետ է հայտնել մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում:

«Խաղը լավ սկսեցինք, շատ ագրեսիվ էինք ու գոլ խփեցինք, դրանից հետո մի փոքր հետ քաշվեցինք՝ չգիտես ինչու: Հետո գոլ բաց թողեցինք, կարմիր քարտը խանգարեց ... երկրորդ կեսում տղաները պայքարեցին մինչև վերջ, ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ:

Կարող էինք գոլի հեղինակ դառնալ, առաջ անցնել խաղի մեջ, բայց չհաջողվեց, ֆուտբոլ է, այդ իսկ պատճառով հետո պատժվեցինք»,-ասել է Մխիթարյանը:

Խոսելով այն մասին, թե որքանով էր արդարացված գրանցված 1:3 հաշիվը՝ մեր ընտրանու ավագն ասել է. «Ճիշտ է Իտալիան առավելություն ուներ, բայց եթե հաշվի առնենք, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը , կարող եմ ասել, որ մինչև 78-րդ րոպեն ամեն ինչ արդարացի էր»:

Մխիթարյանի խոսքով, իրենք դեռ կուսումնասիրեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, որի հետ մրցելու են օրեր անց՝ սեպտեմբերի 8-ին, դարձյալ Երևանում. «Դեռ 2 օր ժամանակ կա, վաղը կդիտենք նրանց խաղը, կվերլուծենք ուժեղ ու թույլ կողմերը ու արդեն ըստ դրա կտեսնենք՝ ինչ կարող ենք անել»:

Հայաստանի հավաքականի ավագը, որն օրեր առաջ է անգլիական «Արսենալից» տեղափոխվել իտալական «Ռոմա», մեկնաբանել է նաև հռոմեական թիմի շարքերը համալրելը ու շեշտել, որ անգլիական ֆուտբոլին չհարմարվելու խնդիր չի ունեցել.

«Չէ՞ի հարմարվում անգլիական ֆուտբոլին. այդպես չէի ասի, բայց ինչ-որ առումով մարզչի փոփոխությունն իր դերը խաղաց, քանի որ «Արսենալ» էի տեղափոխվել Վենգերի ցանկությամբ, բայց հետո մարզչական փոփոխություն եղավ, երևի իմ խաղային փիլիսոփայությունը չէր համընկնում Էմերիի փիլիսոփայության հետ, ամեն դեպքում ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Կարևորը՝ ես իմ երազանքին հասել եմ, միշտ երազել եմ Անգլիայում խաղալ, ու կատարել եմ այդ երազանքս: Հիմա արդեն տրամադրվելու եմ «Ռոմայի» հանդիպումներին:

Եղել է հետաքրքրություն այլ ակումբների կողմից, բայց որևէ հստակություն չի եղել: Երևի՝ «Ռոման» ամենակոնկրետն էր, իրենց ցանկությունն ավելի մեծ էր, որ ես խաղայի իրենց թիմում, ու ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այդ թիմում»:

***

Հանդիպումից հետո խաղի մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ և մեր ընտրանու լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին.

«Շատ լավ սկսեցինք խաղը: Միջնամասում ընդհարում եղավ. երևի այդ պահից շատ բան էր կախված:

Երկու դեղին քարտ ստացանք, որը հետագայում կարմիր քարտի վերածվեց ու Կարապետյանը լքեց խաղադաշտը: Կարծում եմ՝ ամենակարևոր պահը դա էր: Ըստ իս՝ պետք չէր անտեղի դեղին քարտ ստանալ»:

Արամ Հայրապետյանի խաղի մասին Բերեզովսկին ասաց. «Դժվարին գնդակներ էին: Թիմն էլ 10 հոգով էր... երրորդ գոլի ժամանակ էլ բախտը չբերեց, փորձեց հեռացնել, բայց գնդակը հայտնվեց դարպասում»:

***

Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպեց լրագրողներին:

Խաղի մասին

- Առաջին 20 րոպեներին լավ սկսեցինք, պրեսինգ արեցինք, հետո խաղի վերահսկողությունը կորցրինք:

Իտալիան ամբողջովին սկսեց ճնշում գործադրել, գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք:

Տղաները շատ աշխատեցին:

Էմոցիաների ու բախման մասին

-Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, բոլոր խաղերն էլ այդպես են լինում: Չեմ ասի, թե շատ էմոցոնալ էր: Մի դրվագ եղավ: Դա նորմալ է: Երկու թիմերն էլ ուզում էին հաղթել:

Կարմիր քարտի մասին

-Մեր դիրքից այդքան էլ լավ չերևաց դրվագը Ալեքսանդր Կարապետյանի խախտումը:

Կամո Հովհաննիսյանի մասին

-Փորձում էինք ոչ թե Կամոյին փոխել, նույնիսկ նրան հարցրինք, հրաժարվեց, դեռ ուժ ուներ: Ճիշտ է՝ վնասվածք ստացավ, բայց շարունակեց խաղալ: Ուզում էինք առջևում ավելացնել, դրա համար Գևորգ Ղազարյանի փոխարեն Էդգար Բաբայանին դուրս բերեցինք:

Բոսնիայի դեմ խաղին վերականգնվել հասցնելու մասին

-Կփորձենք: Մեր բժիշկներն ու տղաները պրոֆեսիոնալ են: Բոլորն էլ նույն վիճակում են: Իսկ կհասցնենք վերականգնվել, թե չէ, ցույց կտա խաղը:

Արտակ Գրիգորյան VS Գոռ Մալաքյան

-Եթե-ներով չեմ ուզում խոսել: Գտնում եմ, որ Արտակ Գրիգորյանը վատ չխաղաց: Ես գոհ եմ նրա խաղից: Իսկ Գոռ Մալաքյանի մասին արդեն խոսել եմ:

Հավաքականի խաղում փոփոխություն նկատելու մասին

-Դժվար է միանգամից այդ փոփոխությունները նկատելը: Տղաների մոտ տեսնում եմ մեծ ցանկություն, փորձում ենք ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Դեռ ստացվում է այսքանը:

Սարգիս Ադամյանի խաղային ճիշտ դիրքը գտնելու մասին

-Սարգիս Ադամյանը հավաքականում խաղում է նույն դիրքում, ինչ իր թիմում: Այսօրվա խաղում Սարգիսը լավագույններից մեկն էր, իմ կարծիքով:

Դարպասապահի ընտրության մասին

-Հիմա հեշտ է դրա մասին խոսելը: Առաջին խաղակեսում Արամ Հայրապետյանը երկու-երեք դրվագում փրկեց թիմին: Երկրորդ խաղում նույնպես փրկեց: Ճիշտ է՝ բաց թողած գոլերում իր մեղքն էլ կար: Մեկ խաղով չի որոշվում: Չեմ ափսոսում, որ նրան էինք ընտրել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը