Քաղաքական

06.09.2019 08:17


«Հիմա այս գործի աղբ լինելը շատերը կտեսնեն». Վիկտոր Սողոմոնյան

«Հիմա այս գործի աղբ լինելը շատերը կտեսնեն». Վիկտոր Սողոմոնյան

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ առանձնազրույցում անդրադարձել է քաղաքական ու հասարակական հնչեղություն ունեցող մի քանի թեմաների:

Անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ դրա վերաբերյալ չի խոսել վարչապետի հետ, ապա հավելեց, որ այդ առնչությամբ մեկնաբանություններ անելը չի մտնում գործադիր իշխանությունում աշխատողների իրավասության մեջ:

«Տեղյա՞կ եք՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ընդդիմադիր նոր բևեռ ստեղծել, խոսում է իշխանություն վերադառնալու մասին. որքանո՞վ եք հավանական համարում այդ տարբերակը» հարցին ի պատասխան՝ Վ. Կարապետյանը հայտնեց. «Բացառում եմ, որովհետև չեմ պատկերացնում, որ նորմալ գիտակցություն ունեցող մարդիկ, այն մարդիկ, որ հիմա շուտով ականատես կլինեն այն պրոցեսներին, որոնք կծավալվեն դատարանում. ամսի 12-ին մեկնարկող այն ծավալը վկայությունների, որ հայտնի կդառնա, հասանելի կդառնա հանրությանը, այդ լույսի ներքո ես բացառում եմ, որ որևէ լուրջ քաղաքական ուժ, լուրջ մարդիկ կարող են կանգնել այդ մարդու կողքը»:

Հարցին, թե որքա՞ն է հանրության մեջ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այն մարդկանց շրջանակներում, ում վճարում է»:

Վլադիմիր Կարապետյանի վերջին հայտարարությունների շուրջ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ հայտարարությունները, քանի որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն:

Խոսելով առհասարակ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին՝ նա նշեց. «Պնդում եմ, որ դատաքաննության ամեն մի օրը պարզապես խայտառակ է անելու մեղադրական կողմին, այսինքն՝ մարդիկ համոզվելու են, որ գործն իսկապես ջուր է, ինչպես ասել է դասականը, սա մաքուր քաղաքական հետապնդում է, և այստեղ քրեական գործ ընդհանրապես գոյություն չունի:

Եթե հիշում եք, նախագահ Քոչարյանը նման արտահայտություն էր օգտագործել՝ ասում էր՝ սա իրավաբանական աղբ է. հիմա այս գործի աղբ լինելը շատերը կտեսնեն»:

«Այն մարդկանց շրջանակներում, ում վճարում է» Վ. Կարապետյանի ձևակերպմանն անդրադառնալով՝ Վ. Սողոմոնյանը նշեց. «Դա էժանագին հայտարարություն է»:

Այս խորագրի վերջին նյութերը