Մեկնաբանություն

05.09.2019 21:19


Փաշինյանի հակառուսական «մեսիջները». 5-րդ շարասյունն ակտիվանում է

Փաշինյանի հակառուսական «մեսիջները». 5-րդ շարասյունն ակտիվանում է

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զինված ապստամբությունը (ահաբեկչությունը) որպես քաղաքական պայքարի մեթոդ ընդունող «Սասնա ծռեր» կառույցի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուգասզյանի հետ: Վերջինս հայտնի է, որպես սորոսական և ծայրահեղական հեղափոխականների ֆինանսական հարցերով դրսի հետ կապող օղակ՝ յուրօրինակ հայկական Պարվուս (բոլշևիկյան հեղափոխության ժամանակ Պարվուսը գործում էր Ռուսաստանի հետ այն ժամանակ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիայի հատուկ ծառայությունների հովանու ներքո. Գերմանիային հաջողվեց 1-ին համաշխարհայինի ժամանակ ներսից պայթեցնել Ռուսաստանն ու դավաճանական քայլերի դրդել բոլշևիկյան իշխանությանը):

Դե իսկ Ժիրայր Սեֆիլյանը և իր գլխավորած կառույցը հայտնի են որպես ընդգծված հակառուսական գծի կողմնակիցներ: Նրանք պահանջում են ռուսական ռազմաբազայի դուրս բերում Հայաստանից, պարբերաբար ձգտում են ապակայունացում մտցնել Արցախում՝ քողածածկելով իրենց գործողությունները ռազմահայրենասիրական կոչերով («ծռերը» Արցախը համարում են Հայաստանի մարզ և պահանջում են ծովից ծով Հայաստան):

Ուշագրավն այն է, որ «Սասնա ծռերը» ծովից ծով Հայաստան պահանջելով հանդերձ՝ ծպտուն չեն հանում ԱՄՆ-ում թուրքական լոբբիի կարկառուն ներկայացուցիչ Բոլթոնի հայտարարությունների ու պլանի մասով: Պլան, որի համաձայն Հայաստանը պետք է որպես մանրադրամ ներգրավվի հակառուսական ու հակաիրանական նախագծերում, զիջի Արցախը Ադրբեջանին՝ բաց կոմունիկացիանների ու ֆինանսական աջակցության խոստման դիմաց («ծռերի» կարկառուն ներկայացուցիչ Արա Պապյանն էլ Արցախի հարցը ստորադասում է Ամուլսարի հարցին):

Տեղին է հիշեցնելը, որ «Սասնա ծռերը» այն կառույցն է, որը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում առաջ էր քաշում մեկ տարվա ընթացքում ևս մեկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչին այն ժամանակ իրեն ուժեղ զգացող Փաշինյանը բավական կոշտ արձագանքեց՝ հայտարարելով, որ «ծռերը» թող չշփոթեն իրենց բարեկրթությունը թուլության հետ և եթե շարունակեն այդ քարոզը, ապա ասֆալտի համը կառնեն: «Ծռերը» Փաշինյանի այդ հարձակումից հետո հետ քաշվեցին:

Մինչև վերջերս Փաշինյանն իր քարոզչամեքենայով ու թիմակիցներով պարբերաբար հարձակումներ էր գործում «ծռերի» դեմ՝ առաջ տանելով այն գիծը, որ բռնությունը և ահաբեկչությունը քաղաքական պայքարում անընդունելի են: Հետընտրական փուլում փաշինյանենց ու «ծռերի» հարաբերությունները սառն էին, բայց հիմա երկուսն էլ վախենում են քաղաքական դաշտից դուրս մնալ: Նրանց, ըստ այդմ, հանդիպացրել է վախը:

Եթե Փաշինյանը հանդիպել է Սեֆիլյանին ու Չուգասզյանին, նշանակում է՝ իրեն թույլ է զգում և անգամ 5 տոկոսը չհաղթահարած ու մարգինալ ուժերի աջակցության կամ գոնե նրանց չեզոքության կարիք ունի (ի դեպ, վերջերս «ժողովրդի» վարչապետը հանդիպել է «ծռական» գաղափարախոսությանը մոտ և կրկին հակառուսական քարոզ տանող «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներին):

«Ծռերին» հանդիպելը թուլությունից բացի հակառուսականության դրսևորում է:

Փաշինյանը բաց պատերազմ է հայտարարում Կրեմլին

Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Պուտինի այցը ԵԱՏՄ նիստի շրջանակներում: Խոսվում է այն մասին, որ այդ այցը կարող է նույնիսկ չկայանալ՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդմամբ և Փաշինյանի հակառուսական քայլերով:

Պուտինի դիրքորոշումը Քոչարյանի հարցում հայտնի է ու աներկբա: Եվ ահա նրա այցի թեմայից առաջ Փաշինյանը հանդիպում է հակառուսական ուղղվածության ուժի հետ: Իսկ դա «մեսիջ» է Կրեմլին: «Մեսիջ» է նաև Փաշինյանի ամերիկյան այցից առաջ:

Եթե սրան ավելացնենք նաև այն, որ Փաշինյանը ֆրանսահայ ամսագրին տված վերջին հարցազրույցում հակառուսական շանտաժ էր անում, ու դրան զուգահեռ պետբյուջեի հաշվին Արցախ է գործուղել սորոսականներին՝ «դիտորդական» առաքելությամբ, ապա նրա հակառուսական քաղաքականության պատկերը կամբողջանա:

Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացումը ձեռնտու է միայն թուրք-ադրբեջանական դուետին: Ադրբեջանում սպասում են, որպեսզի այդ հարաբերությունները վատանան մինչև անդառնալիության կետը, խախտվի ռազմաքաղաքական հաշվեկշիռը մեր տարածաշրջանում և անցնեն գրոհի:

Թե ինչով է ավարտվելու Փաշինյանի այս վտանգավոր խաղը, դժվար չէ պատկերացնել:

Փաշինյանը, փաստորեն, իր անձնական քաղաքական հաշվարկներից ելնելով՝ հարվածի տակ է դնում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Նրա հեռացումը, հետևաբար, դառնում է ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ կետը:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Սեֆիլյանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկել են ներքաղաքական հարցեր: Չի բացառվում, որ «Սասնա ծռերի» հետ Փաշինյանը քննարկել է նաև Ամուլսարի հանքի խնդիրը:

Ինչպես հայտնի է, «ծռերը», սորոսականների մի թևը, «բնապահպանները» ու այլ շրջանակները դեմ են հանքի շահագործմանը, և փորձում են հարցը շահարկելով՝ ներքաղաքական խնդիրներ լուծել:

Փաշինյանը, թերևս փորձել է քաղաքական առևտրի միջոցով «ծռերից» լոյալություն ստանալ հանքի շահագործման գործում ու դուրս գալ Հայաստանի տնտեսության ծանր վիճակից:

Ինչ էլ պայմանավորված լինեն ոխերիմ բարեկամները և ինչքան էլ փորձեն գաղտնապահություն անել, միևնույն է շատ արագ ամեն ինչ ջրի երես դուրս կգա:

Հայաստանակենտրոն ուժերը պետք է պատրաստ լինեն քաղաքական լուրջ դիմակայության:

Այս խորագրի վերջին նյութերը