Մեկնաբանություն

24.04.2010 12:33


Ցեղասպանություն և քաղաքականություն

Ցեղասպանություն և քաղաքականություն

Ապրիլի 24-ի 95–րդ տարելիցին ընդառաջ՝ ակտիվանում են աշխարհասփյուռ հայ համայնքները, ամենուրեք նախատեսվում են հիշատակի երեկոներ, ինչպես նաև ցույցեր և հավաքներ՝ ուղղված Թուրքիայի ներկայիս ղեկավարության՝ պատմական փաստերի ու իրողությունների ժխտողական քաղաքականության դեմ։ Սպասվում է նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սրացում։

Ինչպես գրում է «Ակոս» թերթը, եթե Թուրքիայի նշանակությունը միջազգային ասպարեզում ավելի քիչ լիներ, ապա աշխարհի բոլոր խորհրդարանները վաղուց ճանաչած կլինեին Հայոց ցեղասպանության փաստը։ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ու Ցեղասպանության հարցը միայն պատմաբաններին թողնելու կոչերը միանշանակ  անընդունելի են դառնում, երբ այսօր՝ 95 տարի անց, դեռ կան այդ եղեռնագործության կենդանի վկաները։

Այո՛, Հայաստանում ապրում են ոչ միայն ցեղասպանվածի ժառանգներ, այլ սպանդի կենդանի վկաներ։ Մուսալեռցի Սիմա Անտոնյանը, օրինակ, արդեն 106 տարեկան է և խոր կսկիծով է հիշում, թե ինչ էր կատարվում սրանից 95 տարի առաջ։

-Մայրս վախից մահացավ։ Մինուճար եղբայրս երկու օր էր՝ տուն չէր եկել, ու ոչ մի նորություն չունեինք, իսկ մենք բոլորս գիտեինք, որ լեռան հակառակ կողմում գտնվող թուրք արնախումների աչքից չէր վրիպի փոքրիկ տղան, ու մայրս կսկիծից մահացավ,-պատմում է 106-ամյա տատիկն, ու արցունքներից ձայնը կտրվում է։

Սիմա Անտոնյանի պատմությունը շարունակում է նրա դուստրը՝ Գայանե Անտոնյանը.

-Մայրս պատմում էր, որ իրենց գյուղի տղամարդիկ  սարի վրա պաշտպանում էին իրենց ընտանիքներն ու տները, իսկ կանայք և երեխաները, թաքնվելով անտառներում, ուտելիք պատրաստում տղամարդկանց համար։ Մինչև որ մի օր հայտնվեցին ֆրանսիացիներն ու խոստացան 8 օրից բոլորին տեղափոխել։

7 զավակներից միայն Սիման էր, որ ողջ էր մնացել։ Նա սարսափով էր վերհիշում՝ ինչպես են տատի ծնկների վրա մորթել թոռներին։

-Թուրքերը մորթելուց հետո տատիս ասացին՝ բաջի՛, քեզ ոչ մի բան չենք անի, մենակ թոռներիդ ենք մորթում ու վերջ։ Տատս էլ մղկտում էր, թե ավելի լավ էր՝ ինձ մորթեիք։ Հետո տատս գժվեց,-պատմել է Սիմա Անտոնյանը։

106-ամյա կինը 7 զավակ է ունեցել, 18 թոռ և բազմաթիվ ծոռներ։ Այսօր նա ապրում է աղոթքով, բոլորին քարոզում  բարություն, բայց չի կարողանում ներել թուրքերին։

-Բնական է, որ պետք է չարով լցվեր նրանց հանդեպ, որովհետև այդքան բան է տեսել ու լսել,-նշում է տիկնոջ դուստրը՝ Գայանե Անտոնյանը։

Իսկ Գեղամ Ռումյանը, ում պապերը էրզրումցի են եղել, պատմում է, որ իր տատին կենդանի-կենդանի մինչև պարանոցը թաղել են հողի մեջ։

-Հետո մի կերպ, ձեռքերով հողը վրայից թափելով, փրկվել է։ Մի ուրիշ կնոջ հետ  ճանապարհ են ընկել և կեղտ, աղբ ուտելով դուրս պրծել այդ դժոխքից։ Տատս պատմում էր, որ իր տագրերին աղջկա շորեր է հագցրել, որ թուրքերը խղճան ու չսպանեն, բայց երբ ցանկացել են բռնաբարել, տեսել են, որ տղաներ են, հենց տատիս աչքի առաջ գլխատել են,-նշում է նա։

Այսպիսի շատ պատմություններ կան, որոնք մեկը մյուսից դաժան են և զարմանալի է, որ աշխարհը դեռ առևտուր է անում Հայոց ցեղասպանության հարցով։ Չնայած մյուս կողմից էլ հեչ զարմանալի չէ։ Եթե մեզ մոտ կան «առևտրականներ», ապա աշխարհից բողոքելը մի տեսակ անհարմար բան է ստացվում։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը