Քաղաքական

05.09.2019 12:46


«Փաշինյանը պարզապես վախենում է Ռուսաստանից, մասնավորապես՝ Պուտինից». Աղասի Ենոքյան

«Փաշինյանը պարզապես վախենում է Ռուսաստանից, մասնավորապես՝ Պուտինից». Աղասի Ենոքյան

«Հայ-ռուսական հարաբերություններն այս փուլում կարող եմ բնութագրել՝ որպես ուղղություն չունեցող»,-168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձեր է անում՝ ցույց տալու, որ Հայաստանն անկախ երկիր է, և այդ փորձերն անում է ՌԴ-ից փախչելու կամ հակառուսականության հաշվին.

«Օրինակ՝ Խաչատուրովին հետ կանչելը, Քոչարյանի հետ կապված Պուտինի կոչերին չանսալը, ընդհուպ մինչև Շիշկինին քաղաքական ապաստան տալը. անընդհատ նման փորձեր է անում՝ ցույց տալու, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է: Բնական է, Հայաստանի արտաքին կախվածությունն ամենաշատը Ռուսաստանից է, և այդ քայլերն առաջին հերթին ՌԴ-ի դեմ են ուղղված: Բայց մյուս կողմից՝ նա պարզապես վախենում է Ռուսաստանից, մասնավորապես՝ վախենում է Պուտինից, քանի որ ակնհայտ է՝ նրա արտաքին քաղաքական լեգիտիմությունը, առաջին հերթին, Ռուսաստանն է ապահովում, և այդ պատճառով ինչ-որ անհասկանալի նվերներ է տալիս Պուտինին, վերցնենք, օրինակ՝ Սիրիա ուղարկած զորախումբը և նմանատիպ այլ քայլեր: Այս առումով՝ ես ուղղություն չեմ տեսնում հայ-ռուսական հարաբերություններում: Մի կողմից՝ կա Ռուսաստանից հեռանալու միտում, մյուս կողմից՝ կա Ռուսաստանի հանդեպ ծառայամտական մոտեցում»:

Հարցին՝ եթե նշում եք, որ Սիրիա ուղարկված զորախումբը Փաշինյանի կողմից նվեր էր Ռուսաստանին, իսկ իրավիճակը Սիրիայում անհասկանալի ուղղություն է ստանում՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ը առանց Թուրքիային և ՌԴ-ին զգուշացնելու՝ ավիահարվածներ էր հասցրել Իդլիբում, արդյո՞ք ժամանակը չէ այդ զորախումբը դուրս բերել Սիրիայից, քաղաքագետը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ Հայաստանը չի կարող առանց մեծ սկանդալի դուրս բերել զորախումբը Սիրիայից: Սխալ քաղաքական հաշվարկի պատճառով մենք այնպես ենք խրվել այդտեղ, որ դուրս գալը կրկնակի-եռակի խնդիրներ է ստեղծելու: Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ը հստակ պահանջ է դրել, որպեսզի մենք այդ զորախումբն այնտեղից դուրս բերենք: Այսինքն՝ զորախումբը պահելով՝ մենք ԱՄՆ-ի հետ ենք հարաբերությունները վատացնում, իսկ զորախումբը դուրս բերելով՝ կարող ենք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները սարքել ճգնաժամային: Ելք չկա այս իրավիճակում»:

Այս խորագրի վերջին նյութերը