Քաղաքական

05.09.2019 10:21


«Коммерсантъ». Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, արդեն երրորդ անգամ ազատ կարձակվի կալանքից

«Коммерсантъ». Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, արդեն երրորդ անգամ ազատ կարձակվի կալանքից

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցի վերաբերյալ որոշումը: Հայցով վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանությունը Մայր օրենքին, գրում է «Կոմերսանտ»-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանններին հաջողվել է հասնել իրենց նպատակին. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներայացված են «քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները», հակասահմանադրական է ճանաչվել։

Հայաստանի նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի կալանքից՝ արդեն երրորդ անգամ, գրում է աղբյուրը և հավելում, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չորեքշաբթի ընթերցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը:

Ինչպես հայտարարել է Հրայր Թովմասյանը, Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) ճանաչվել է հակասահմանադրական։

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը չի նախատեսում հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց անձեռնմխելիություն, թեև հիմնական օրենքը երաշխավորում է այն։

«Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին ևս մեկ հոդված՝ 135-ը (խափանման միջոց կիրառելու հիմքերը), սակայն դատարանն այն չի բավարարել։ Պաշտպան Արամ Վարդևանյանի խոսքով՝ դա մեծ ազդեցություն չի ունենա իրավիճակի վրա։

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի, և նա ազատ կարձակվի, Արամ Վարդևանյանը պատասխանել է, որ միանշանակ այդ մասին կարելի է խոսել միայն որոշման հրապարակումից հետո, որը, փաստաբանի հաղորդմամբ, պետք է տեղի ունենա երեք օրվա ընթացքում։

Փաստաբանը նաև հավելել է, որ ելնելով այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել՝ «ազատության սահմանափակումը չի կարող լինել իրավական և չի կարող լինել սահմանադրական»։

Աղբյուրը գրում է, որ Սահմանադրական դատարանի ներսում նույնպես հակասություններ կան։ Ըստ Հրայր Թովմասյանի՝ երկու դատավորներ՝ Արմեն Դիլանյանը և Ֆելիքս Թոխյանը, որոշման վերաբերյալ հատուկ կարծիք են ունեցել։ Բացի այդ, ավելի վաղ ՍԴ ևս մեկ դատավոր՝ Վահե Գրիգորյանը, միջնորդել էր, որ նախագահ Թովմասյանն ու մյուս երկու դատավորները չկարողանան մասնակցել գործի քննությանը՝ պնդմամբ, որ նրանք «այս կամ այն կերպ մասնակցել են 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ որոշումների կայացմանը»:

Այս խորագրի վերջին նյութերը