Աշխարհ

23.04.2010 15:42


Րաֆֆի Հովհաննիսյան. «Գործընթացը պետք է շարունակվի նոր մեկնարկից»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Գործընթացը պետք է շարունակվի նոր մեկնարկից»

-Ուրախ եմ, որ գործընթացը պետք է շարունակվի, ուղղակի պետք է շարունակվի նոր մեկնարկից,-հայ-թուրքական գործընթացի շարունակության վերաբերյալ կարծիք է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա ասում է, թե այդ ստորագրության առկայությունն ուղղակի հարվածում է մեր շահերին, մեր ազգային անվտանգությանը և կանխորոշում ընթացքը։

-Սա ընդունում է, որ այդ նախապայմանները գոնե պատմական ենթահանձնաժողովի և դե ֆակտո սահմանի դե յուրե ճանաչման առումով ուժի մեջ են։ Սա մշակված սցենար է, որը թույլ կտա, որ Թուրքիան ինչ-ինչ քայլերի միջոցով իրենց ընտրությունների նախաշեմին կամ դրանք հաղթահարելով վերադառնա սեղան՝ ընդունելով արձանագրությունների փաստը որպես փոխզիջում։

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ այս ընդմիջումը թուրքերը կգործադրեն արցախյան ճակատում ճնշումներ բանեցնելու համար, սակայն այստեղ նույնպես Հայաստանը պետք է ներքուստ կազմակերպված լինի։

-Հայաստանն այլևս բարի, խելոք,  համեստ նստելու բարդույթը պետք է հաղթահարի։ Չպետք է անպայման ծայրահեղացնի իր մոտեցումները։ Պետք է կարողանա իր խնդիրներն ամբողջական դնել սեղանի վրա՝ թե՛ Թուրքիա-Հայաստան հարաբերություններից իր ակնկալիքը, Ցեղասպանության խնդիրների հիմնական լուծումը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության և ճանաչման հրամայականի խնդիրը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը