Քաղաքական

04.09.2019 18:00


ՀՔԾ քննիչը պատասխանատվության չի ենթարկվի՝ օրենքով չնախատեսված գործողություն կատարելու համար (տեսանյութ)

ՀՔԾ քննիչը պատասխանատվության չի ենթարկվի՝ օրենքով չնախատեսված գործողություն կատարելու համար (տեսանյութ)

ՀՔԾ-ն չի ընդունել ԲԴԽ-ի արձանագրած խախտումն առ այն, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելիս ՀՔԾ քննիչը կատարել է քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին ԲԴԽ-ն հայտարարել էր, որ «Քննարկման առարկա դարձնելով ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարզաբանումները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ»: Ապա` նաև հայտնել, որ միջնորդել են ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Փաստինֆո»-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ արդյոք ԲԴԽ-ն հետամուտ եղել է, որ ՀՔԾ-ն քննարկի իր արձանագրած խախտումը, եւ արդյոք քննիչը ենթարկվել է պատասխանատվության, ինչի պատասխան Ռ.Վարդազարյանը հայտնեց, որ պատասխան գրությամբ ՀՔԾ-ն հայտնել է, թե խախտում թույլ չեն տվել։

«Գտնում են, որ իրենց գործողությունները, ճիշտ են, օրինաչափ են և նրանք որևէ խախտում թույլ չեն տվել»,-հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նրա հավաստմամբ՝ ԲԴԽ-ի լիազորությունները սահմանափակվում են այդքանով։

«ԲԴԽ-ն որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Մենք հայտնել ենք մեր անհամաձայնությունը և, եթե ՀՔԾ-ն մեզ չպատասխաներ, մենք իրավունք կունենայինք հանդես գալ ևս մեկ հայտարարությամբ, բայց մեզ պատասխանել են և մեզ հետ չեն համաձայնել»,-նշեց Ռուբեն Վարդազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ խուզարկության վերաբերյալ որոշումը բեկանվել է Քրեական Վերաքննիչ դատարանի կողմից։ Այժմ՝ ԲԴԽ-ն սպասում և հետևում է այդ ընթացքին, որպեսզի որևէ դատավորի իրավունքի խախտման դեպքում արձագանքեն օրենքով սահմանված կարգով։ Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն իրենց օրենսդրական առաջարկն է ներկայացնելու գործադիր մարմնին կամ ԱԺ, որպեսզի այս տարիների ընթացքում ԲԴԽ-ի վերհանած խնդիրները ստանան օրենսդրական կարգավորումներ։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Դրանից հետո հայտնի դարձավ, որ հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող մեկ այլ գործով առերեւույթ կեղծիք կատարելու դեպքի առթիվ։

Հոււլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն:

Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել: Նշված որոշումը ներկայումս բողոքարկվում է դատական կարգով։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները կասեցված են։

Այս խորագրի վերջին նյութերը