Քաղաքական

03.09.2019 19:33


Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության միտում կա․ քաղաքագետ

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության միտում կա․ քաղաքագետ

«Եվրոպական զարգացման իրավունք» կուսակցության ղեկավար, ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին Հայաստանում փախստականի կարգավիճակ տալու որոշումը բնականաբար չի նպաստելու հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով Վիտալի Շիշկինին հայտարարությանը, որում նա Հայաստանին շնորհակալություն է հայտնել իրեն՝ որպես Ռուսաստանում հետապնդվող քաղաքական գործչի, փախստականի կարգավիճակ տալու համար։

«Ռուսական կողմն էլ ապաստան տվեց (ԴԱՀԿ նախկին պետ – Tert.am) Միհրան Պողոսյանին, և ես կարծում եմ, որ եթե այս պրոցեսը խորանա, ապա դրանից հայկական կողմն օգուտ չի ունենա»,-ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ հայ-ռուսական հարաբերություններում արդեն իսկ լարվածության միտում նկատվում է, և այս քայլերը կարող են լարել իրավիճակը։

«Ես կարծում եմ, որ ըստ էության, եթե երկու կողմն էլ շարունակեն պրոցեսը խորացնել, ապա հետագայում այդ հակասությունները կարող են ավելի բարդանալ: Իհարկե, ես հասկանում եմ, որ այստեղ կա հումանիստական խնդիր, բայց մենք պետք է կարողանանք բալանսավորված քաղաքականություն վարել»,-ասաց նա:

Ըստ Երվանդ Բոզոյանի` հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա ներկայիս իշխանության գործունեության հետևանքով: «Արդեն մեկուկես տարվա իշխանությունը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև կա վստահության պակաս: Դա դրսևորվում է մի շարք հանգամանքներում և դրա պատճառներից է նաև այն, թե ինչպես է ձևավորվել այս իշխանությունը, որը խորթ է ռուսական շրջանակների համար»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը