Մեկնաբանություն

23.04.2010 17:06


Լևոն Տեր-Պետրոսյանի, Նոբելյան մրցանակի ու «նախաձեռնողականության» մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի, Նոբելյան մրցանակի ու «նախաձեռնողականության» մասին

«Օգտվելով ռեժիմի անձեռնհասությունից՝ Թուրքիան արձանագրությունների վավերացումը և սահմանների բացումը հետևողականորեն շարունակեց կապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: ... Կապելով հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացները՝ Թուրքիային հաջողվեց  նաև առանցքային և Հայաստանի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ՝ Մինսկի խմբի ձևաչափը»։

Սա մեջբերում էր Սերժ Սարգսյանի երեկ հնչեցրած ուղերձին ի պատասխան Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հայտարարությունից։ Այն Հայ ազգային կոնգրեսի, որը գլխավորում է «ֆուտբոլային» դիվանագիտության գաղափարախոսության հիմնադիր նախագահ և Սարգսյանի «ֆուտբոլը» ողջունած Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այն Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հայ-թուրքական «մեղրամիսի» օրերին հանրահավաքներ էր հետաձգում Սարգսյանի ու Գյուլի «խաթեր համար», իսկ երբ հանրահավաք էր անում, ապա «քննադատում» էր «նախաձեռնողականությունը» և միևնույն ժամանակ նշում մասնավորապես հետևյալը. «Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով որոշ հող է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»։

Այսինքն, «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Տեր-Պետրոսյանը դրական տարրեր էր տեսնում այն բանի մեջ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվելու է ղարաբաղյան հարցի հետ և խթան կհանդիսանա այդ գործում, իսկ հիմա, երբ ակնհայտ է, որ քիրվայական գաղափարախոսությունը փակուղու առաջ է կանգնեցրել մեզ, փորձում է «թռնողական» վարքագիծ դրսևորել ու Սարգսյանին քննադատել այն ամենի մեջ, ինչն ինքը ժամանակին ողջունել ու դրական է գնահատել։

Այն օրերին Տեր-Պետրոսյանը դարդ էր անում Նոբելյան մրցանակակրի հասցեատիրոջ համար՝ «Ով քիրվայություն քարոզի, ով «սանատորիա» գնա» թեմայով։ Այժմ «հայրենասիրության» փուլ է սկսվել և՛ Սարգսյանի, և՛ Տեր-Պետրոսյանի մոտ։ Այս վարքագծով էլ են միմյանց նմանվում սիամական երկվորյակների վերածված Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը։ Շատ զվարճալի տեսարան է։

Այն,  որ Սերժ Սարգսյանի գործունեությունը միայն ձախորդություններ է բերել Հայաստանին, փաստ է, որն իշխանություններն էլ են խոստովանում։ Սակայն բոլորը չէ, որ իրավունք ունեն քննադատել նրան։ Տեր-Պետրոսյանը նույնքան «ֆուտբոլասեր» է, որքան Սարգսյանը։ Իսկ ավելի ճիշտ՝ Տեր-Պետրոսյանն ավելի՛ «ֆուտբոլասեր» է, քան Սարգսյանը։ Սա պետք է հստակ ֆիքսել, որպեսզի թույլ չտալ ոմանց «հայրենասիրություն» խաղալ։

Այսպես, Ս. Սարգսյանի բանաձևը Թուրքիայի հետ շփվելիս, պարզ ասած,  հետևյալն էր՝ «Ցեղասպանությունն ու սահմանների փոխադարձ ճանաչումը ձեզ, բայց Ղարաբաղի հետ եկեք հարցը չկապենք»։ Համենայնդեպս, իշխանության հրապարակային հայտարարություններն այդպիսին էին։ Այլ հարց է, որ նման գործելաոճը բերելու էր նրան, որ Թուրքիան փաստացի դառնալու էր Արցախի հարցի բանակցային կողմ և օգտվելով Սերժ Սարգսյանի կոպիտ սխալից՝ Արցախի հարցը քննարկելու էր միջազգային խոշոր սուբյեկտների հետ։ Մեջբերեմ Սերժ Սարգսյանի խոսքերից, որոնք նա ասել էր 2008թ. սեպտեմբերի 12-ին՝ Գյուլի Երևան ժամանելուց հետո, որից պարզ կդառնա հայկական դիվանագիտության անհեռատեսությունն ու խոր դիլետանտիզմը։

«Նաև ուրախ եմ, որ պարոն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, և կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պարոն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, և ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետև միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից: Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Ես վստահ եմ, որ ցանկացած քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին՝ լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, ու գործող իշխանությունները լավ կանեն՝ «մուննաթ» գան իրենք իրենց վրա, այլ ոչ թե Էրդողանի դեմ «հայրենասիրական» ճառեր արտասանեն։

Հիմա տեսնելով, որ ամեն ինչ ի սկզբանե սխալ էր արված, Սարգսյանի թիմը փորձում է հետ քաշվել, բայց քանի որ նրանք այլևս կորցրել են ազդեցությունը հայ-թուրքական գործընթացի վրա, վերածվել են հանդիսատեսի ու սպասողի։ Իշխանություններն արդեն չեն էլ կարողանում գործընթացից դուրս գալ։ Ուզում են, բայց չեն կարողանում, ինչի մասին ուղղակիորեն խոստովանեց նաև Սարգսյանն իր ուղերձում։

«Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերա­բեր­յալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի նախա­գահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ նա­խագահ Բարաք Օբամայի, Ռուսաս­տանի նա­խագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործ­ընկեր­ների հետ: Ես շնորհակալ եմ նրանց մեր նա­խա­ձեռնությանը ցու­ցա­բերած օժան­դակու­թյան, գործ­ընթացին սա­տա­­­րելու և դրա առաջընթացին միտ­ված ջան­քերի հա­մար: Չեմ թաքցնում՝ մեր գործ­ըն­կեր­ները հորդորել են ինձ շա­րու­նակել գործընթացը, հորդորել են չկանգ­նեցնել այն: Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկություն­ները՝ կոա­լիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը»,- այս տարվա ապրիլի 22-ին հուսահատ հայտարարում էր Սարգսյանը, ում մոտ արդեն չկա նախորդ տարվա ապրիլի 22-ի էնտուզիազմը:

Մի խոսքով, Սարգսյանի հետ ամեն ինչ պարզ է։ Նա սխալ է գործել, ներքին անուղղակի երկխոսության է գնացել Տեր-Պետրոսյանի հետ՝ իրագործելով վերջինիս ծրագրերի մի մասը  և հիմա, զգալով, որ ձախողվում է, փորձում է «հերոսաբար» դուրս գալ այդ ամենի տակից։

Իսկ ի՞նչ էր ասում Տեր-Պետրոսյանը և՛ իր կառավարման տարիներին, և՛ դրանից հետո, և՛ այն պահից սկսած, երբ վերադարձավ հրապարակային քաղաքականություն, և ի՞նչ է ասում Տեր-Պետրոսյանը հիմա։ Նրա տեսակետները միշտ նույնն են եղել, որոնք տեղավորվում են հետևյալ բանաձևի մեջ. «Մինչև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահման չունենանք, չենք կարողանա զարգանալ»։ Իսկ դա նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես «նախաձեռնողական» է։ Այսինքն, Տեր-Պետրոսյանն իր բանաձևով ավելի ռադիկալ «ֆուտբոլասեր» էր և է, քան  Սերժ Սարգսյանը։

Այժմ այդ գաղափարների պրակտիկ կիրառումը Սարգսյանի կողմից բացահայտեց տերպետրոսյանական քիրվայականության ողջ սնանկությունն ու վտանգավորությունը։ Սարգսյանը կիսով չափ գնաց Լ. Տեր-Պետրոսյանի գաղափարների ուղղությամբ, և Հայաստանը հայտնվեց այսօրվա վիճակում։ Ու այսքանից հետո, երբ ոմանք քննադատության են ենթարկում որոշում կայացնող ու դրանք փոխել սիրող ՀՀԿ-ի «ճկուն» նախագահին, շատ անհարմար բան է ստացվում։ Պետք է միշտ հիշել, որ քաղաքականությունն, այնուամենայնիվ, անբարոյականություն չէ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյան չէր լինի, եթե Թուրքիային մեղադրելով հանդերձ՝ «էս նեղ մաջալին» իր ուղերձում մի երկու քիրվայական խոսք չասեր Գյուլին, չհիշեր իրենց «մեղրամիսը»։ Սա՛ է «ֆուտբոլային» դիվանագիտության ողջ «հմայքը»։ Մարդը «ֆուտբոլասեր» է, ի՞նչ կարող ես անել։

Այս խորագրի վերջին նյութերը