Քաղաքական

02.09.2019 23:40


Փաշինյանն Արցախի ընտրություններում ֆինանսավորում է իր ընտրած ՀԿ-ներին զուտ ընտրություններին միջամտելու համար․ Ստեփան Դանիելյան

Փաշինյանն Արցախի ընտրություններում ֆինանսավորում է իր ընտրած ՀԿ-ներին զուտ ընտրություններին միջամտելու համար․ Ստեփան Դանիելյան

Դիտորդական կազմակերպություններին ներգրավելը ողջունելի է, ողջունելի է նաև, որ հասարակական կազմակերպություններն են դա անում, սակայն ցանկալի կլիներ, որ Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները դա անեին՝ թեկուզ ՀՀ-ից ֆինանսավորվելով։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացվելու համար հայաստանյան ՀԿ-ներին ֆինանսավորելուն։ Նա նկատեց, որ հայաստանյան ընտրություններում էլ մի շարք միջազգային կազմակերպություններ դիտորդական առաքելություն են իրականացրել, ֆինանսավորել են տեղի ՀԿ-ներին։

«Եթե խնդիրը նա էր, որ հասարակական կազմակերպություններն ակտիվանան, ապա, կարծում եմ, որ ճիշտը նա կլիներ, որ ֆինանսավորվեին Արցախի հասարակական կազմակերպությունները։ Բայց այստեղ կա նաև 2-րդ կողմը, քանի որ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել է, որ կան խնդիրներ ՀՀ-ի ու Արցախի ղեկավարության միջև, իսկ այդ խնդիրների լուծումը կարող է ընտրությունների միջոցով լինել, այսինքն՝ Փաշինյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ ինքը շահագրգռված անձ է Արցախի ընտրություններում։

Եթե ինքն է ֆինանսավորումը կազմակերպում առանց մրցույթի, այսինքն՝ իր կողմից ընտրված ՀԿ-ներին, նշանակում է, որ այդ ֆինանսավորումը կատարում է ոչ թե արդար ընտրություններ կատարելու համար, այլ ինքը ֆինանսավորում է իր ընտրած կազմակերպություններին զուտ Արցախի ընտրություններին միջամտելու համար, եթե հաշվի առնենք նաև այն հայտարարությունները, որ կան խնդիրներ Արցախի ու ՀՀ իշխանությունների միջև»,-մանրամասնեց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Արցախի ու ՀՀ իշխանությունների մեջ լարումն առկա է, ինչը հայտարարել է հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունները, թե հեղափոխությունը պետք է հասնի Արցախ՝ նկատելով, որ հեղափոխությունը գործողություն է իշխանության դեմ։ Ըստ Դանիելյանի՝ հակասությունը նաև գաղափարական հենքի վրա է։

«Ակնհայտ է, որ կան բարդություններ, որոնք ունեն գաղափարական եզր, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է՝ երկու շաբաթ ասֆալտով քայլելն ավելի կարևոր ձեռքբերում է, քան 4 տարվա պատերազմը՝ հազարավոր զոհերով, հարյուր հազարավոր տեղահանվածներով, սովի ու մսի միջով անցած տարիներով։ Այս գաղափարախոսական հակասությունը կա նաև Հայաստանի հանրության մեջ՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնք այդպես չեն կարծում՝, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։ Վիտալի Բալասանյանն էլ հայտարարեց, որ առանց որևէ օրինական հիմքի փորձում են պատերազմով անցած գեներալներին ասֆալտին պառկեցնել: Սա նշանակում է, որ կա հակասություն, որն արդեն կոպիտ դրսևորում է ստանում»,-ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Ինչ վերաբերում է այս հակասության հետևանքներին, Դանիելյանը շեշտեց, թե հակասությունը ոչ թե ՀՀ-ի ու Արցախի մեջ է, այլ մտածողության մեջ է։ Նրա կարծիքով՝ հակասության խնդիրը պետք է լուծվի Երևանում, ոչ թե Ստեփանակերտում։

Այս խորագրի վերջին նյութերը