Կարծիք

02.09.2019 17:20


Հպանցիկ անդրադարձ մեր ինքնության խնդիրներից մեկին

Հպանցիկ անդրադարձ մեր ինքնության խնդիրներից մեկին

Մեկ էլ տեսնում ես, ինչ-որ մեկը, դեմքի լուրջ արտահայտությամբ, հայտարարում է, որ մեր երիտասարդները ճիշտ են հասկացել կյանքը ու հույսները միայն իրենց վրա են դնում, և որ դա մեր երիտասարդների առաջադեմ լինելու ապացույցն է:

Հույսները միայն իրենց վրա դնելը ոչ թե առաջադիմության նշան է, այլ` հետամնացության, որովհետև դա ցույց է տալիս, որ պետություն, ըստ էության, գոյություն չունի, և որ տվյալ սոցիումը դեռ չի զարգացել ու կազմակերպվել պետականություն ունենալու մակարդակը ապահովելու համար: Սոցիումը ինչքան անկազմակերպ է, այնքան ավելի վայրենի է, իսկ անկազմակերպ լինելու հիմնական պատճառներից մեկը սոցիումի անդամների անմիաբան լինելն է, նրանց կոնսոլիդացվելու ունակություն չունենալն է: Հետևաբար այդպիսի սոցիումի անդամները հույսները միայն իրենց վրա են դնում, ու չեն վստահում մյուսներին, իսկ դա էլ իր հերթին ստեղծում է ներքին լարված, թշնամական ու կրիմինոգեն մթնոլորտ, որի հետևանքով տվյալ սոցիումը դառնում է խիստ խոցելի, անմրցունակ և արդյունքում կորցնում է իր կենսունակությունը:

Սոցիումի կազմակերպման բարձրագույն ձևը պետությունն է, եթե պետությունը չի երաշխավորում մարդկանց իրավունքները, ապա կարելի է ասել, որ այդ պետությունը իրականում չկա: Մեր պետությունը իրականում չի գործում, և դա է պատճառը, որ մարդիկ իրենց հույսը միայն իրենց վրա են դնում կամ լավագույն դեպքում՝ իրենց ընտանիքի կամ կլանի: Սա աղետ է, եթե մեր ժողովուրդը շարունակի այսպես առանց պետականության, կդատապարտվի լիակատար կործանման: Հիմա արդեն ընտանիքի ինստիտուտն է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ճգնաժամ ապրում մեզանում, դա այն ինստիտուտն է, որի շնորհիվ մեր ժողովուրդը, դարեր շարունակ անկազմակերպ ու պետականազուրկ լինելով հանդերձ, այնուամենայնիվ կարողացել է ինչ որ կերպ կիսատ պռատ գոյատևել, հիմա շուտով դա էլ չենք ունենա, այնպես որ հույսները իրենց վրա դնող երիտասարդները դատապարտված են, որովհետև, չնայած այն բանին, որ այս կյանքում չկորչելու գրավականը իրենց մեջքին ամուր ընտանիքների գոյությունն է եղել, նրանք, այնուամենայնիվ, չեն հասկացել դա ու սխալմամբ կարծել են, որ իրենք են իրենցճակատագրի տերը, սակայն շուտով, ավանդական ընտանիքների քայքայմանը զուգընթաց, աստիճանաբար գլխի կնկնեն, որ մեր իրականության մեջ առանց դրանց ուղղակի անհնար է կայանալ որպես լիարժեք մարդ:

Հետևաբար եկեք նորից ոչ ասենք Ստամբուլյան կոնվենցիաներին և նմանատիպ այլ անհեթեթություններին, ու բացատրենք մարդկանց, որ սիրեն սեփական պետություն ունենալու գաղափարը, բայց մինչ դա նրանց անպայման պիտի բացատրվի, թե ինչ ասել է պետություն:

Ի դեպ, չմոռանամ ասել, որ Ստամբուլյան կոնվենցիաները եվրոպական երկրների համար այնքան վտանգավոր չեն, որքան որ մեր երկրի նման երկրների համար են վտանգավոր, քանզի եվրոպական պետությունները կայացած պետություններ են ու նույնիսկ ընտանիքի ինստիտուտի լուծարումից հետո, մարդիկ այնտեղ չեն կորչի, այդ պետությունները, այնուամենայնիվ, կերաշխավորեն նրանց հիմնարար իրավունքները, իսկ մենք փաստացի պետություն չունենք, մենք պիտի կառչենք ընտանիքի ինստիտուտից, այլապես մեկընդմիշտ կկորչենք ուկվերանանք որպես տեսակ:

Թորոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը