Կարծիք

02.09.2019 15:52


Մի՛ խաբեք ժողովրդին, խաղաղություն չեն քարոզում և չեն մուրում, այն պարտադրում են

Մի՛ խաբեք ժողովրդին, խաղաղություն չեն քարոզում և չեն մուրում, այն պարտադրում են

Из письма императрицы Екатерины II, написанного о поляках: «По непостоянству сего народа, по доказанной его злобе и ненависти к нашему, мы в нем никогда не будем иметь ни спокойного, ни безопасного соседа, иначе как приведя его в сущее бессилие и немогущество».

Այսօր Արցախի Հանրապետության Անկախության 28-ամյակն է: Անկախության տարիների ընթացքում Արցախի Հանրապետությունում կայացել են պետականությունը հաստատող բոլոր կարևոր ինստիտուտները՝ բանակից մինչ դատական համակարգ: Սրա հետ մեկտեղ վաղուց տարածված մի կարծիք կա, որ Արցախը Հարավային Կովկասում ժողովրդավարության կղզյակ է:

Այս օրերին Արցախը դժվարին ժամանակներ է ապրում: 2018 թ. հայաստանյան իշխանափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը, ցավոք սրտի, Արցախն ընկալում է ոչ թե որպես հայկական պետականության անվտանգության բաղկացուցիչ մաս, այլ որպես մի կենտրոն, որը դուրս է իր ազդեցությունից և որն իր անձնական իշխանության համար վտանգ է ներկայացնում: Հենց այդ պատճառով էլ նա ամենուրեք փորձում է խառնվել Արցախի Հանրապետության ներքաղաքական գործընթացների մեջ: Բանը հասել է այնտեղ, որ նա պետության հաշվին տասնյակ հազարավոր դոլարների հասնող դրամաշնորհ է տրամադրել իր սորոսական գործընկերներին, և անգամ, այսպես ասած, էմիսարներ է ուղարկել Արցախ, որպեսզի նրանք հետևեն Արցախում 2020 թվականին կայանալիք ընտրություններին:

Փաշինյանի նպատակը պարզ է. նա ձգտում է Արցախում ձևավորել մաքսիմալ կառավարելի իշխանություն, որը կդառնա երևանյան իշխանության կցորդը: Պարզ է, որ Փաշինյանը սա անում է իր աչքի առջև ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը, ով Նիկոլ Փաշինյանի «հոգևոր հայրն է», և ով հենց Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ամուր դիրքորոշման և Երևանից անկախ լինելու փաստով պայմանավորված կարողացավ 1–ին նախագահին ասել «ոչ»։

Տեր-Պետրոսյանի ճակատագիրը չկրկնելու վախն է ստիպում Նիկոլ Փաշինյանին առնվազն աչք փակել (եթե ոչ խրախուսել) հակաղարաբաղցիական քարոզը Հայաստանում: Հենց այդ պատճառով է, որ Փաշինյանի աչքին Արցախում դավադիր ուժեր են երևում: Նա բացահայտ ստեր է ասում այն մասին, թե, իբր, Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել բանակցային գործընթացից: Իսկ այլ անձիք էլ ոգևորվելով Փաշինյանից, օրինակ, հայտարարում են, որ Հայաստանից զինվորներ չպետք է գնան այնտեղ ծառայելու: Սա պատահականություն չէ, սա մի մեծ շղթայի մասնիկներ են: Շղթայի, որը վերջում ծրագրավորված է, որ պետք է բերի հայկական կողմի զիջումներին:

Մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ հայկական կողմը պետք է տարածքներ հանձնի Ադրբեջանին: Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է լավ ծանոթ լինել Փաշինյանի «հոգևոր հոր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ճանապարհին:

Տեր-Պետրոսյանը, գալով իշխանության, տապալեց երկրի ներքին քաղաքանությունը։ Մենք, որպես ժառանգություն, Սովետից ստացել էինք տնտեսություն, որի ՀՆԱ-ն մերօրյա տնտեսական ցուցանիշներով կազմում էր 30 մլրդ ԱՄՆ դոլար: Բայց իր նախագահության վերջում նա հանձնեց տնտեսություն, որի ՀՆԱ-ն կազմում էր ոչ ավելին, քան 2 մլրդ ԱՄՆ դոլար: Եւ չնայած այն հանգամանքին, որ լևոնական կադրերն այս անկումը բացատրում էին պատերազմով, իրականում այն առավելապես պայմանավորված էր անբարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ, իսկ որոշ դեպքում՝ հանցանքի տարրեր պարունակող կառավարմամբ։

Ժողովուրդն օր-օրի աղքատանում էր, իսկ իշխանությանը մոտ կանգնած անձինք՝ ժամ առ ժամ հարստանում: Նման պայմաններում ոչ մի ներդրման, ոչ մի տնտեսական զարգացման մասին խոսք լինել ագամ չէր կարող, բայց ժողովրդին չէր կարելի թողնել ամբողջովին «մերկ և սոված»: Եւ այդ պահին Տեր-Պետրոսյանի ուղեղում «ծագեց մի փայլուն միտք», որ Ղարաբաղում տարածքային զիջումների գնալով արտերկրից հնարավոր կլինի ինչ-որ ֆինանսական միջոցներ բերել և որոշ ժամանակով ևս երկարացնել սեփական իշխանությունը (իմիջիայլոց, այս ամենը վկայակոչում են նաև ադրբեջանական աղբյորները՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևի):

Սրա հետ մեկտեղ, երբ իշխանությունները կեղծեցին 1996թ. նախագահական ընտրությունները և տապալեցին սահմանադրական կարգը, միջազգային հանրությունը սկսեց ճնշել Հայաստանին, որպեսզի վերջինս գնա տարածքային զիջումների: Փաստորեն ստացվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ պրոֆեսիոնալ կառավարման և իշխանամոլության արդյունքում տուժեց հայ ժողովուրդը, և պետք է տուժեր նաև Արցախը: Նույն ճանապարհով էլ հիմա գնում է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի զարգացման ծրագիր չունեցող մարդը քարոզչությամբ դրանում մեղադրում է Արցախին և հող նախապատրաստում, այսպես կոչված, Բոլթոնի ծրագրի շրջանակներում գնալ զիջումների: Սրա հետ մեկտեղ Փաշինյանը շտապում է որքան հնարավոր է արագ լուծել Արցախի հարցը և ենթարկեցնել Ստեփանակերտը իրեն: Հենց սրանով են պայմանավորված Նիկոլ Փաշինյանի խոսքերը Ստեփանակերտում առ այն, որ Արցախը Հայաստան է, և վերջ:

Նա ուզում էր ասել, որ մենք ոչ թե մեկ ազգ ենք ու մեկ միասնական պետություն, այլ պարզապես ուզում էր ասել, որ Ստեփանակերտը պետք է ենթարկվի իրեն: Իսկ փաշինյանական կամ իշխանամերձ շրջանակները, որոնք այսօր նույնպես քարոզ են իրականացնում առ այն, որ Արցախն ընդամենը Հայաստանի մարզ է, նույնպես, գլոբալ առումով, Արցախի տեղն էլ քարտեզի վրա չգիտեն: Բայց քանի որ իշխանության քարոզչությունը հենց այս ուղիով է գնում, դրա համար էլ, օրինակ, անգամ իշխանության եկած պաշտոնյաներից մեկը, ով արդեն իսկ մեղադրվում է կաշառակերության մեջ, ասում է, թե Արցախը Հայաստանի մարզ է և վերջ:

Այն խաղաղության կեղծ քարոզը, որը մեր գլխին է թափվում տարբեր աղբյուրներով՝ սկսած Հանրայինից, մինչ վարչապետի տիկնոջ շուրթերը, իրականում ոչ մի աղերս չունի իրականության հետ և մեր ժողովրդին տանում է դեպի նոր զրկանքներ: Նրանք, ովքեր այսօր Ադրբեջանի հետ խաղաղության քարոզ են անում, շատ նման են այն հոգևորականներին, որոնք ցեղասպանության օրերին տարբեր գյուղերում փորձում էին համոզել մարդկանց, որ սուլթանի հետ կարելի է պայմանավորվել և որ ամեն ինչ լավ է լինելու:

Թե՛ մեր նորանկախ պետության պատմությունը, և թե՛ մեր տարածաշրջանի առնվազն վերջին մեկ դարի պատմությունը գալիս է ապացուցելու, որ մեզանում խաղաղություն չեն քարոզում, այլ պարտադրում են:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Ազատ Արցախը, կեցցե՛ հայ ժողովուրդը:

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը