Մեկնաբանություն

02.09.2019 14:20


Փաշինյանն ուզում է հայկոյացնել Արցախի իշխանությունը

Փաշինյանն ուզում է հայկոյացնել Արցախի իշխանությունը

Արցախի անկախության 28–ամյակին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը բավական վտանգավոր մտքեր է հայտնել։ Նա շարունակել է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության ավելացումն ու բաժանարար գծերի անցկացումը։

Պատասխանելով «Nouvelle d'Arménie» ամսագրի՝ Արցախին ու Արցախի իշխանություններին վերաբերող հարցերին՝ Փաշինյանը հետևյալ ձևակերպումն է տվել. «Պետք է հստակ ասել իրերըԱրցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետևանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, և, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն (ուղիղ խոսք - դիսոնանս)։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ և ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան»։

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև պետք է ներդաշնակություն լինի ու համոզմունք հայտնել, որ այդ ներդաշնակությունն առաջիկա ընտրությունների արդյունքում կհաստատվի։ Այսինքն՝ Փաշինյանը նախապես է հայտարարում, թե ինչպիսի արդյունքներ է ուզում ստանալ արցախյան ընտրություններից հետո։

Եթե «թարգմանենք» Փաշինյանի ասածները, ապա կստացվի, որ նա ուզում է իրեն ենթակա խամաճիկային իշխանություն ձևավորել Արցախում։ Այսինքն, մոտավորապես այնպիսի իշխանություն, ինչպիսին որ ունենք Երևանում՝ Կարգին Հայկոյի տեսքով։

Փաշինյանը Հայկոյի միջոցով զիբիլանոցի վերածեց Երևանը՝ բաց երկնքի տակ։ Հիմա նույն բանը, ներքաղաքական հաշվարկներից ելնելով, ուզում է անել Արցախում։ Ասել է թե՝ կառավարման արդյունավետությունը չի հետաքրքրում Նիկոլին։ Իրեն հետաքրքրում է Արցախում խամաճիկային միջավայր ձևավորելը։ Դրա անունը դրել է ժողովրդավարություն ու ֆինանսավորել սորոսականներին։

Արցախը «ժողովրդի» վարչապետն ուզում է հայկոյացնել նաև այլ նպատակով։

Ինչպես հայտնի է, նա իր վերջնական «ոչ»–ը չի ասել Բոլթոնի պլանին, ըստ որի՝ հակամարտության կարգավորումը պետք է տեղավորվի «Արցախը Ադրբեջանի կազմում՝ բաց կոմունիկացիաների ու ֆինանսական փոխհատուցման դիմաց» բանաձևի մեջ։

Փաշինյանը «այո» չի ասել Բոլթոնին, բայց «ոչ» էլ չի ասել (լրիվ իր ոճի մեջ)։ Նա չի բացառում և՛ «այո»–ն, և՛ «ոչ»–ը։ Ու քանի որ «այո»–ի սցենարը նա չի բացառում, ուստի պետք է «էս գլխից» խամաճիկային իշխանություն ունենա Արցախում, որպեսզի խուսափի Լևոն Տեր–Պետրոսյանի ճակատագրից։

Ահա սա՛ է Փաշինյանի հաշվակը։ Նա, փաստորեն, Արցախի հարցում խուսափում է հրապարակային պատասխանատվություն վերցնել՝ հայտարարելով, թե չի կարող բանակցել Արցախի անունից, քանզի արցախցիներն իրեն չեն ընտրել, բայց զուգահեռաբար ցանկություն է հայտնում սեփական տեսքով ու նմանությամբ իշխանություն ձևավորել Արցախում։

Եվ այսպես, ստեղծվել է շատ վտանգավոր իրավիճակ։ Արցախի ու Հայաստանի անվտանգությանը սպառնում է ոչ միայն տիտղոսային թշնամին՝ Ադրբեջանը, այլ նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը։ Ամեն մեկն իր մոտիվացիան ունի, բայց թիրախը նույնն է։ Այդպես է ստացվում։

Որքա՞ն կդիմանա մեր երկիրն այս վիճակին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը