Քաղաքական

02.09.2019 13:03


Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ. Ռոբերտ Քոչարյան

Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ. Ռոբերտ Քոչարյան

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին.

«Սիրելի արցախցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց եւ հերոսաբար զենքով պաշտպանեց այն:

Ջերմությամբ եւ հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու եւ պայքարելու հանուն հաղթանակի եւ անկախ պետականության կայացման:

Այս պատմական օրը եւս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, որոնք իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաեւ սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որեւէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որեւէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջեւ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն եւ բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»:

Այս խորագրի վերջին նյութերը