Կարծիք

02.09.2019 10:52


Մեկ ազգ, երկու պետություն

Մեկ ազգ, երկու պետություն

Արցախն իր անկախության 28–րդ տարեդարձին փորձության լուրջ փուլ է թևակոխել։ Այդ փորձությունը սահմանից այն կողմ չէ։ Այն կողմից միշտ էլ հայտնի է, թե ինչ է պետք սպասել ու միշտ էլ պատասխանը կա։

Խնդիրը թիկունքում է առաջացել։

Հայաստանում իշխանության է եկել քիրվայական գաղափարական արեալի ներկայացուցիչը, որը դոկտրինյոր չէ, ինչպես քիրվայականության գաղափարական հայրը, բայց միևնույն է ներծծված է այդ արժեքներով։

Հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը պատերազմ է հայտարարել պաշտոնական Ստեփանակերտին։ Վարչապետի մակարդակով հակաղարաբաղյան քարոզ է տարվում կամ առնվազն խրախուսվում (ստեղծված հակաղարաբաղյան/հակաղարաբաղցիական մթնոլորտի արդյունք է այն, որ շրջանառության մեջ են հայտնվել «Այսինչ բանը ավելի կարևոր է, քան Արցախը», «Մեր տղաները չպետք է ծառայեն Արցախում», «Մարդիկ զոհվել են հանուն ոչնչի» և նմանատիպ այլ թեզերը)։

Պաշտոնապես հայտարարվում է, որ Արցախում դավադիրներ կան, որոնք կարող են շփման գծում լարվածություն ստեղծել կամ տարածք հանձնել, ինչ է թե վնաս տան ՀՀ կառավարությանը։ Ավելի դավադիր հարված Արցախին, այն էլ թիկունքից, դժվար է պատկերացնել։

Դավադրություն է նաև այն, որ պաշտոնական Երևանը խնդիր է դրել կարգինհայկոների իշխանություն ձևավորել Արցախում։ Իսկ թե ինչի կարող է դա հանգեցնել, հեշտությամբ կարելի է պատկերացնել։

Եթե Երևանում դրածո «կարգինը» աղբի մեջ է թաղել մայրաքաղաքը, ապա Արցախի գլխին «Հայկո» նշանակելը ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել։

Տեղին է հիշեցնելը, Երևանն ու Ստեփանակերտը լարված հարաբերություններ են ունեցել նաև 1997–1998թթ.։ Այն ավարտվել է ՀՀ նախագահի հրաժարականով, քանզի հակառակ դեպքում մենք տանուլ էինք տալու հազարավոր մարդկանց արյան ու մեր ժողովրդի զրկանքների գնով ունեցած հաղթանակը և պետականությունը։

Թե երբ և ինչով կավարտվի այս անգամվա լարվածությունը, առաջիկա ամիսներին վերաբերող հարց է։ Սա շատ երկար չի կարող ձգվել։ Հակառակ դեպքում շատ ծանր գին են վճարելու Հայաստանն ու Արցախը։

Պետք է թույլ չտալ, որպեսզի Երևանում հայտնված բացիլը շատ տարածվի ու հասնի Ստեփանակերտ։ Բացիլը պետք է լոկալիզացվի և պետական օրգանիզմը առողջացվի։

Իր անկախության 28 տարիների ընթացքում Արցախը բազում մարտահրավերներ է ունեցել ու հաղթահարել դրանք։ Այս անգամ էլ բացառություն չի լինելու։ Ու այդ գործում պետք է ներգրավված լինեն հայաստանակենտրոն բոլոր ուժերն ու անհատները։

Մենք դատապարտված ենք հաղթանակի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը