Կարծիք

01.09.2019 12:07


Սոցցանցային երեկվա խուլիգանության կազմակերպիչներին խորհուրդ կտամ պապանձվել և վեր ընկնել տեղները

Սոցցանցային երեկվա խուլիգանության կազմակերպիչներին խորհուրդ կտամ պապանձվել և վեր ընկնել տեղները

Պապանձվե՛ք, անամոթներ...

Բացարձակ նպատակ չունեի անդրադառնալու այս թեմային, բայց երեկ facebook-ում տեղի ունեցած իրարանցումը՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի կապակցությամբ որոշ անձանց շնորհավորանքների հետ, ուղղակի սարսափեցնում և զայրացնում է նորմալ մարդուն...

Որքան կարելի էր նկատել, իշխանամետ կեղծ և իրական օգտատերերը, որոնք հովանավորվում են համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից, ինչպես նաև որոշ այլ օգտատերեր, որոնց ատելությունը Քոչարյանի նկատմամբ ունի անձնական բնույթ, նախօրոք պատրաստվել էին երեկվա օրվան...

Ուղղակի աննկարագրելի հիստերիա առաջացրեցին իշխանամետների և հակաքոչարյանականների մոտ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի շնորհավորանքները՝ Քոչարյանի 65-րդ տարեդարձի կապակցությամբ... Նողկալի և զզվելի էր ընթերցել դրանց անեծքախառը, հայհոյախառը, շանտաժներով և ամոթանքներով լի մեկնաբանությունները... Իսկ որոշ սրբապիղծ տականքներ էլ, իրենց նեղ շահերից ելնելով, այլանդակ վիրավորանքներ են ուղղել Պարգև սրբազանին... Ծիծաղելին այն է, որ facebook-ում իշխանամետ այս ամբոխն իրեն ներկայացնում է որպես «ժողովուրդ» և «հանրություն» և իրենց խուլիգանությունն ու լկտի պահվածքը վերը նշված «ժողովրդի» և «հանրության» շահերից ելնելով է ներկայացնում, այնինչ այս փողոցային անդաստիարակ ամբոխը որևէ մեկի շահը չի կարող ներկայացնել և նույնիսկ իշխանամետների համար է ամոթ, որ այս գարշահոտ զանգվածը իրենց շահը ներկայացնի...

Ծիծաղելին նաև այն է, երբ ինչ-որ գեղցի անմակարդակ կամ սոցցանցերում սեփական դեմքը թաքցնող մեկը, ամոթանք տալով Արթուր Աբրահամին, հայտարարում է, որ աշխարհահռչակ մարզիկն իր աչքից ընկել է` Քոչարյանի ծնունդը շնորհավորելու համար... Վայ՜, ո՜նց կլիներ... Աշխարհը փուլ եկավ, որ Արթուր Աբրահամը ձեր աչքից ընկավ... Ա՛յ խղճուկներ, ի տարբերություն «ձեզ» նման ամբոխի մասնիկների՝ Արթուրը քաղաքացուն բնորոշ կեցվածք է դրսևորում՝ առանց վախենալու սեփական կարծիքը հայտնում է, որը գովելի է և չի ընկրկում ինչ-որ խուժանի առաջ...

Համոզված եմ, որ հայ ժողովրդի պարծանքերից մեկը համարվող Արթուր Աբրահամն արհամարհած ունի փողոցային խուժանի լկտի պահվածքը... Մեզ նման փոքր ազգին աշխարհը, որքան էլ որ շատերը չընդունեն, ճանաչում է ոչ թե Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի կամ Փաշինյանի, այլ Արթուր Աբրահամի և նրա նման մարդկանց շնորհիվ, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի՝ ամեն ինչ անում են իրենց պատմական հայրենիքը գովազդելու և ճանաչելի դարձնելու համար... Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունեն... Պարոնայք Տեր-Պետրոսյանի, Քորաչյանի, Սարգսյանի, Փաշինյանի կողմնակիցները, ընտանիքների անդամները, ընկերները, իրենց համակրող քաղաքացիները և երկրպագուներն առանց վախի իրավունք ունեն շնորհավորել վերը նշված անձանց...

Սոցցանցային երեկվա խուլիգանության կազմակերպիչներին խորհուրդ կտամ պապանձվել և վեր ընկնել տեղները... Լավ հիշեք, որ սուրն ունի երկու ծայր... Այս այլանդակությունն իշխանությունների հռչակած «փողոցային իշխանության» հետևանքներից է, երբ ինչ-որ մեկը, ուրիշի կարծիքը չհարգելով և չընդունելով՝ «ժողովրդին» բառացիորեն կոչ է անում հարձակվել նրա վրա կամ էլ ինչ-որ զանգված, որն ավելի շատ ամբոխ է հիշեցնում, իր կարծիքն է բռնի ձևով պարտադրում այլ կարծիք ունեցողներին...

Հայաստանում, իշխանությունների համաձայնությամբ, շարունակվում է հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանելու արդեն ռադիկալ գործընթացը... Բայց մի բան իշխանությունները հաշվի չեն առնում. այդ «սպիտակներից» մի ստվար հատված արդեն «մոխրագույն» է և կամաց-կամաց թևակոխում է «սևերի» դաշտը...

Հ.Գ. Գործ անելու փոխարեն իշխանություններն ահռելի ռեսուրսներ են ծախսում սոցցանցային պատերազմների վրա, որն արդյունավետ կարող է լինել միայն մեկ դեպքում՝ հասարակությունը պետք է իր վրա զգա հետհեղափոխական իշխանությունների դրական գործերը... Այլ պարագայում այդ պատերազմների արդյունքները կարճատև են, իսկ շատ շուտով էլ դրանք հակառակ էֆեկտն են տալու...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը