Մեկնաբանություն

12.02.2011 19:47


ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չեկավ, Սերժ Սարգսյանին էլ ուղարկեց համապատասխան ուղղությամբ

ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չեկավ, Սերժ Սարգսյանին էլ ուղարկեց համապատասխան ուղղությամբ

Ինչպես գրել էի իմ նախորդ հոդվածներից մեկում՝ ԲՀԿ համագումարի սենսացիան լինելու է այն, որ  այդ կուսակցությունը դուրս չի գալու կոալիցիայից, բայց միևնույն ժամանակ չի հայտարարելու, որ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այդպես էլ եղավ. ԲՀԿ–ն ընդգծված տեխնիկական բնույթի համագումար անցկացրեց, թքած ունեցավ կոալիցիոն նոր հուշագրի վրա, իսկ Սերժ Սարգսյանին ապագայում սատարելու թեման էլ շրջանցեց՝ «դուզ խոսքը չորքոտանուն են ասում» թեմայով։

Ու հիմա ես կուզենայի տեսնել բոլոր այն վերլուծաբանների, կանխատեսողների ու նոստրադամուսների դեմքերը, ովքեր պնդում էին, թե Գագիկ Ծառուկյանը չի կարող չհայտարարել Սարգսյանին սատարելու մասին ու այս ամենը խաղ է։

Ես կուզենայի տեսնել, թե սրանից հետո ինչ են գրելու Բաղրամյան 26-ից սնվող և ուղղորդվող «ընդդիմադիր» ու «անկախ» թերթերն ու կայքերը, ովքեր, հղում անելով իրենց հավաստի աղբյուրներին, գրում ու գրում էին, թե Ծառուկյանը տեղի է տվել Սերժ Սարգսյանի ճնշումներին և անպայման ստորագրելու է կոալիցիոն նոր հուշագիրը, որն ավելի շատ ղազագիր էր հիշեցնում, քան համագործակցության մասին փաստաթուղթ։ Այդ ԶԼՄ–ներն ու նրանց ներկայացուցիչները հիմա ճիշտ կանեն, որ իրենց պատվիրատուներից նյութական փոխհատուցում պահանջեն՝ այս ընթացքում որպես մարդ խուրդվելու և մասնագիտական արժեզրկման ենթարկվելու դիմաց։

Եվ վերջապես, ես կուզենայի տեսնել բոլոր նրանց դեմքի արտահայտությունները,  ովքեր մինչև երեկ ուլտիմատումների լեզվով էին խոսում, բայց այսօր ստիպված էին սուսիկ-փուսիկ մասնակցել ԲՀԿ-ի համագումարին, դիտել ԲՀԿ-ի մասին պատմող ֆիլմը, ուշադրությամբ լսել Գագիկ Ծառուկյանի ելույթն ու դրանից հետո արագորեն հեռանալ դահլիճից։

Եկեք արձանագրենք, որ բոլոր այդ քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները, վերլուծաբանները, լրատվամիջոցները, լրագրողներն ու այլ վարձկանները հիմա, մեղմ ասած, աննախանձելի վիճակում են հայտնվել։ Քանի՞ կոպեկ արժեն  նրանց հաթաթաներն ու ուլտիմատումները։ Քանի՞ կոպեկ արժեն  որոշ թերթերի ու կայքերի տեղադրած նյութերը, կանխատեսումներն ու «վերլուծական» հոդվածները, եթե մեկ-երկու օրվա մեջ իրենց իսկ փչած փուչիկը պայթում է և իրենց սրած բիզը հայտնվում է լրիվ ուրիշ տեղ...  

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Տեսնես ՀՀԿ-ն ու Օեկ-ը ստորագրեցի՞ն կոալիցիոն նոր հուշագիրը։

ՕԵԿ-ը հաստատ ստորագրած կլինի։ Իրանք էն օրին են, որ հիմա ինչ էլ դեմ տան՝ ստորագրող ու ուտող են։

Այս խորագրի վերջին նյութերը