Մեկնաբանություն

31.08.2019 10:45


Ճկո՞ւն, թե՞ ճկված քաղաքականություն

Ճկո՞ւն, թե՞ ճկված քաղաքականություն

Դեսպանների «համահավաքում» Նիկոլ Փաշինյանը հետեւյալ կերպ ձեւակերպեց արտաքին քաղաքականության իր «տեսլականը». «Բարձրացնել ՀՀ սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել ՀՀ հեղինակությունը միջազգային հարաբերություններում»:

Ասաց, որ դրա առհավատչյան «2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է, որը դարձավ բառիս բուն իմաստով համաշխարհային իրադարձություն»։

Եվ եթե աշխարհը մինչեւ հիմա դա չի հասկացել եւ լուրջ չի վերաբերվում Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» ներկայացնելու անճարակ փորձերին, պատճառն այն է, որ դեսպանները թերացել են իրենց պարտականություններում`տեղերում «պատշաճ ձեւով» չեն ներկայացրել դարակազմիկ այդ իրադարձության համաշխարհային նշանակությունը` «ոչ թե որպես լրատվական անցողիկ թողարկման նյութ, այլ որպես երկիրը բնորոշող տեղեկատվություն»:

Թավշյա կառավարությանը նման մանր-մունր անհաջողություններով «դուխաթափ» չես անի ու չես շեղի աշխարհը «ժողովրդավարության ճգնաժամից» դուրս բերելու եւ ժողովրդավարական «անշրջելի» արժեքների վրա խարսխված «նոր աշխարհ» կառուցելու առաքելությունից։ Անգամ եթե դրա համար հարկ լինի ոտնակոխ անել Հայաստանում հրաշքով պահպանված ժողովրդավարության վերջին մնացուկները եւ վերադառնալ ստալինյան ռեպրեսիաների բարի ավանդույթներին` «ժողովրդավարությունը դարձնել ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը»։

Իսկ ամենաթարմ նորությունն այն է, որ հայկական համաշխարհային հեղափոխությունից հետո մեր արտաքին քաղաքականությունում «շրջադարձեր, ռեվերսներ» չեն եղել եւ չեն լինելու։ Բայց սա չի նշանակում, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել. «Իրականում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, եւ այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու եւ այդ դիրքորոշումը հետեւողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ»:

Եթե կարծում եք` թավշյա կառավարությունը հրաժարվել է «խուսանավելու, ճկուն լինելու գործիքակազմից», չարաչար սխալվում եք` «քավ լիցի, դա անհնար է եւ ոչ խելամիտ». ընդամենը փոխվել է խուսանավելու «մարտավարությունը»։

Եթե առաջ խուսանավում էինք հենց այնպես` խուսանավելու համար, հիմա` «հստակ, հասկանալի եւ ճկուն դիրքորոշում ունենալով» ենք խուսանավում. «Խուսանավել`առանց հստակ եւ սեփական երկրի ազգային շահերին համապատասխան դիրքորոշում ունենալու, նշանակում է Հայաստանը դնել հեղեղի մեջ ընկած տաշեղի կարգավիճակում, իսկ խուսանավել հստակ, հասկանալի եւ սեփական երկրի ռազմավարական շահերից բխող դիրքորոշումներ ունենալով`նշանակում է այդ հեղեղի մեջ լինել առնվազն նավակի կարգավիճակում եւ հնարավորություն ունենալ կառավարել սեփական ընթացքը եւ ինչ-որ առումով` նաեւ հեղեղը»:

Հարց է առաջանում`իսկ ի՞նչ ունենք, ի՞նչ ենք շահել «ճկուն կերպով խուսանավելու» այդ քաղաքականության արդյունքում։

Ունենք այն, որ Միացյալ Նահանգներում ինչպես մի տարի առաջ բանի տեղ չէին դնում փողոցից կամ փողոցով իշխանության եկած թավշյա վարչապետին, այնպես էլ`հիմա, թեեւ դեմ չեն օգտագործել որպես հակառուսական իրենց ծրագրերը տարածաշրջանում առաջ տանելու գործիք։ Եվ քանի դեռ այդ ծրագրերի առաջխաղացման գլխավոր խոչընդոտը վերացնելու` Արցախի խնդիրը Բոլթոնի պլանով «լուծելու» հարցը մնում է օդից կախված, մեզ փոխեփոխ մե՛կ բլիթ են առաջարկում` «փող` Արցախի դիմաց», մե՛կ մտրակ են ցույց տալիս` Արցախին զրկելով ամենամյա ֆինանսական աջակցությունից եւ ավելացնելով Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը։

Եվրոպան մինչեւ հիմա չի հասկացել`բնությանն անհայտ ինչ «գազանի» հետ գործ ունի, ի դեմս «փաշիստական նոր Հայաստանի». չնայած բավական կտրուկ արձագանքեց դատարաններն արգելափակելու եւ Սահմանադրական դատարանը «բուդկի պես» սեփականաշնորհելու «թավշյա» գործընթացներին, դեռ կամուկացի մեջ է` սպասում է իրադարձությունների հետագա զարգացմանը։

Ռուսաստանը... Միհրան Պողոսյանի արտահանձնմանը վճռական «ոչ» ասելով` Մոսկվան հերթական անգամ պարզ հասկացրեց, թե ինչ է մտածում սրանց մասին։ Ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներն իրենց հերթին, ծավալուն ռեպորտաժներ անելով Քոչարյանի նկատմամբ իրականացվող վենդետտայի, ՍԴ-ի շուրջ զարգացումների, անհնազանդ դատավորներին զսպաշապիկ հագցնելու փորձերի մասին, քաղաքագիտական շրջանակներն` իրենց վերլուծություններով, հստակ ցույց են տալիս Կրեմլի ընդգծված անվստահությունը «Նոր Հայաստանի» հեռակառավարվող «արդարադատության» եւ ընդհանրապես, Նիկոլի ու իր ջոկատի նկատմամբ։

«ճկուն» մանեւրելու իմաստուն քաղաքականությունը որքանո՞վ է բարձրացրել եւ բարձրացնում մեր «սուբյեկտությունը», թավշյա կառավարիչներին ինչքանո՞վ է հաջողվում «Նոր Հայաստանի» չունեցած «ժողովրդավարական վարկանիշը» ծախել արտաքին խաղացողների վրա` դատեք ինքներդ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը