Կարծիք

31.08.2019 08:01


Ինչո՞ւ է ‹‹սրտնեղել›› Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը

Ինչո՞ւ է ‹‹սրտնեղել›› Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը

Մամուլում տարածվեց Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ‹‹սրտնեղած›› արձագանքը՝ կապված Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլում Հայաստանի մոտեցումների հետ:

Այն, որ Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության գլխավոր սպառնալիքը, որ Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը, որոնց մասին հայտարարել է Մնացականյանը իր ելույթում, առաջին անգամ չեն հնչում: Ավելին, նախկինում շատ հստակ բանաձևվել է նաև այն թեզը, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եվ իրողությունն այն է, որ Ադրբեջանը երբևԷ պաշտոնապես չի հերքել այն փաստը, որ հետևողականորեն իրականացնում է հայատյացության քաղաքականություն:

Ուստի առնվազն տարակուսելի է արդրբեջանական կողմի ‹‹չիրականացված սպասելիքների›› կոնտեքստում արված հայտարարությունը, որ Հայաստանի արտգործնախարարը միտումնավոր իրավիճակի սրացման է գնում և որ Ադրբեջանի համբերությունը անսահմանափակ չէ:

Զավեշտալին այն է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ հայերի հանդեպ ատելության, Հայաստանի տարածքների հանդեպ անթաքույց հավակնությունների, հակամարտությունը ուժով կամ ուժի սպառնալիքով լուծելու իր քաղաքականությամբ Ադրբեջանը չի սրում իրավիճակը, իսկ հայկական կողմը, որը փորձում է սթափեցնել նրան՝ հորդորելով մնալ հավատարիմ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքներին՝ միտումնավոր սրում է իրավիճակը:

Զավեշտալի է նաև այն, որ ռեժիմը, որը ‹‹աշակերտին բնորոշ երկչոտությամբ›› պատրաստ էր միջազգային հանրության կողմից ‹‹անկյուն կանգնել›› 2016թ․ ապրիլին իր չհաջողված ռազմական ագրեսիայի և խաղաղ բնակչության ու ռազմագերիների հանդեպ ռազմական հանցագործություններ գործելու համար, այսօր խոսում է խաղաղությունից: Դա բանակցային գործընթացում փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու հայաստանյան այսօրյա իշխանությունների քաղաքական դիրքորոշման ադրբեջանական պատասխանն է:

Միանգամայն ճիշտ է Հայաստանի արտգործնախարարի մոտեցումը՝ բանակցություններում հայկական կողմերի սահմանային պայմանները վերահաստատելու կապակցությամբ (միգուցե նույնիսկ մի փոքր ուշացած):

Ավելին, ժամանակն է ամենայն սկզբունքայնությամբ բանակցությունների սեղանի շուրջ դնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանաձևերին վերադառնալու անհրաժեշտության հարցը:
Ընդ որում հարկ է գիտակցել, որ այդ բանաձևերի կարևորությունը պայմանավորված է ոչ միայն հակամարտ կողմերի շփման գծում լարվածությունը մեղմելու նպատակով վերահսկողություն և հետաքննություն իրականցնելու մեխանիզմների ներմուծմամբ, այլև (իսկ միգուցե՝ ավելի շատ) Ալիևի ռեժիմի քաղաքական դիմանկարին ագրեսորի և ռազմական հանցագործությունները խրախուսողի խարանը դաջելու և դրանք բանակցությունների ողջ ընթացքում և բոլոր ժամանակներում որպես ագրեսորին սանձելու յուրօրինակ ‹‹զսպաշապիկ›› օգտագործելու անհրաժեշտությամբ:

Ուստի, կրկնում եմ, հայկական կողմի գլխավոր խնդիրը առաջիկա բանակցային հանդիպումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերը նշված բանաձևերին հրամայաբար վերադառնալը պետք է լինի:

Անդրադառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովում ղարաբաղյան համակամարտությանը վերաբերող հարցադրումներին, հարկ է կարևորել Վարչապետի խոսքում հնչած հետևյալ մտքերը:

Առաջինը, շատ կարևոր է անընդհատ և հետևողականորեն հիմնավորել և առաջ քաշել միջազգայնորեն ընդունված եռակողմ բանակցային ձևաչափին վերադառնալու հարցը՝ ներկայացնելով այն որպես բանակցություններում իրական առաջխաղացման բացառիկ հնարավորություն: Ընդ որում, ըստ իս, այդ սկզբունքային քաղաքական հարցադրումը պետք է համառ հետևողականությամբ առաջ տանել՝ առանց հաշվի առնելու թե՛ համանախագահողների, թե՛ միջազգային որոշ կառույցների, և թե՛ այլոց դիմադրությունը՝ զուգահեռ ներկայացնելով Հայաստանը որպես հակամարտության մեջ ներքաշված կողմ:

Երկրորդ, բանակցային գործընթացի առաջիկա հնարավոր զարգացումների տեսանկյունից շատ կարևոր է օգտագործել բոլոր միջազգային պաշտոնական և ոչ պաշտոնական շփումները մեր գործընկերներին և հանրային լսարաններին հիշեցնելու ղարաբաղյան հակամարտության ծագումնաբանությունը և նրա գենետիկան, որով այն առանձնանում է այլ կոնֆլիկտներից: Ընդ որում այս հարցում նույնպես պետք է ցուցաբերել համառ հետևողականություն:

Ի դեպ այս դեպքում, ըստ իս, իմաստ ունի օրինակ վերցնել ադրբեջանական կողմից, որն արդեն քսանհինգ տարի ցանկացած հարցի քննարկման ժամանակ, ցանկացած երկկողմ կամ բազմակողմ հանդիպումներում, ցանկացած միջազգային հարթակներում, ցանկացած հանրային ելույթներում նախանձելի հետևողականությամբ առաջ էր քաշում ‹‹իրենց տարածքների քսան տոկոսը Հայաստանի կողմից օկուպացնելու մասին›› թեզը: Առաջնորդվելով ‹‹կաթիլը քար է ծագում›› սկզբունքով՝ ըստ էության, նրանց հաջողվել է միջազգային որոշ շրջանակներում ձևավորել համոզմունք, որ ղարաբաղյան կոնֆլիկտը իր էությամբ տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Հայաստանի ագրեսիվ տարածքային հավակնությունների պատճառով:

Ցավն այն է, որ մենք՝ հայերս, հաճախ անտեսում և չէինք արձագանքում նման հարցադրումներին՝ համոզված լինելով, որ ոչ ոք լուրջ չի ընդունի նման ցնորամիտ պնդումները, քանի որ, նախ, դրանք պատմական իրողությունների հետ ոչ մի աղերս չունեն և երկրորդ՝ աշխարհը քաջատեղյակ է կոնֆլիկտի իրական պատճառների մասին:

Եվ ահա այս ֆոնին Վարչապետի հանձնարարականը դիվանագետներին ամենուրեք և անդադար ներկայացնել ղարաբաղյան հակամարտության ծագումնաբանությունը և իրավական հիմքերը՝ ձեռք է բերում առանձնահատուկ կարևորություն:

Ընդհանուր առմամբ դեսպանների այս համաժողովը նախկիններից շահեկանորեն առանձնանացավ թե՛ դեբատների ֆորմատով, թե՛ քննարկվող թեմաների և թե՛ մասնակիցների ընդգրկմամբ: Պետք է հուսալ, որ այն կվերածվի ավանդույթի՝ նոր որակ հաղորդելով մեր դիվանագիտական կորպուսի աշխատաքներին:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը