Կարծիք

31.08.2019 09:10


Մեր մյուս հարևանի տնտեսական ամառը

Մեր մյուս հարևանի տնտեսական ամառը

Մեր մամուլը հազվադեպ է անդրադառնում Ադրբեջանի տնտեսությանը։ Խոսքը և՛ մասնագիտական ուսումնասիրությունների, և՛ ԶԼՄ-ի մասին է։ Բայց դա չի կարելի համարել հատուկ վերաբերմունք։ Ադրբեջանի տնտեսության մասին քիչ տեղեկատվություն կա նաև օտար մամուլում։ Պատճառը շատ հասկանալի է։ Վառելիքաէներգետիկ ասեղի վրա նստած երկրների տնտեսական համակարգերը քիչ հետաքրքիր են։ Նման տնտեսություններում կատարվող գործընթացներն անմիջական կախում ունեն նավթի համաշխարհային գներից։ Ավելին՝ որպես կանոն՝ այդ երկրներում կախումը ավելի ու ավելի խորանում է։

Կոնկրետ Ադրբեջանի պարագայում այս պնդումը հստակ ապացուցելի է։ Այդ երկրի տնտեսական համակարգը դեռ չի հաղթահարել 2014-2015թթ. տնտեսական ցնցումը, որն ուղեկցվեց ազգային վճարամիջոցի կտրուկ և համարյա կրկնակի անկմամբ։ 2015թ. երկրի բյուջեի եկամուտների 48 տոկոսն ապահովում էր չմշակված նավթի, գազի և նավթամթերքի վաճառքը։ 2017-ին այս ապրանքախմբի տեսակարար կշիռը դարձավ մոտ 60 տոկոս։ 2012թ. տվյալներով՝ նավթային ոլորտը ներքին իրացումով ու արտահանմամբ կազմում էր ՀՆԱ-ի 37 տոկոսը։ Բայց, ի հակադրություն երկրի իշխանությունների՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ծրագրերի՝ 2018թ. ոլորտն արդեն ապահովեց ՀՆԱ-ի 42․5 տոկոսը։

2018թ. տնտեսական վիճակագրությունը մխիթարական քիչ բան է պարունակում։ Երկրի արտահանման մոտ 89 տոկոսն անցած տարի նույն նավթ-գազ-նավթամթերք կոչվածներն են ապահովել։ Ավելին՝ այս ոլորտի տեսակարար կշիռը շարունակում է աճել նաև այս տարի։ 2019թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ այս ապրանքախումբն արդեն արտահանումների մոտ 91․62 տոկոսն է կազմում։ Իսկ դա արդեն այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի 43 տոկոսն է։

Մեր հարևան երկրի իշխանությունները հպարտանում են երկրի ՀՆԱ–արտաքին պարտք ցուցանիշով (ՀՆԱ-ի մոտ 16 տոկոս)։ Սակայն ակնհայտ է, որ տնտեսության մյուս ոլորտներն ամուր կապված են նավթի (ավելի փոքր չափով՝ նաև գազի) համաշխարհային գների հետ։ Ադրբեջանական մամուլի վերլուծություններում կարելի է գտնել համեմատություններ մեր երկրի տնտեսական ցուցանիշների հետ։ Այդ համեմատություններում նշվում է, որ իրենց տնտեսական ցուցանիշները սկսել են զիջել 2000-ականների երկրորդ կեսից սկսած։

Ադրբեջանը մոտ 10-15 տարի շատ էր հպարտանում իր կենսաթոշակային համակարգով։ Հիմա աշխատանքային կենսաթոշակը մոտ 94-95 դոլար է։ Այն համադրելի չէ անգամ ԵԱՏՄ երկրների մեծ մասի ցուցանիշների հետ։ Սա այն դեպքում, երբ ժողովրդագրության առումով այս երկիրը կենսաթոշակային համակարգի հրաշալի դիրք ունի։ 1000 մարդուց կենսաթոշակառու է 130–ը։ Մեր երկրում այդ ցուցանիշը 150-ից ավելի է։ Իսկ Ռուսաստանում գերազանցում է 300-ը։

2019թ. համար հաշվարկված է, որ նավթի միջազգային գների բարենպաստ գործոնի դեպքում Ադրբեջանի տնտեսական աճը կկազմի 3 տոկոսից ավելի։ Այս նույն հաշվարկների մեջ ներառված է այն, որ աճի նման ցուցանիշ հնարավոր կլինի այն դեպքում, երբ նավթարդյունաբերության ոլորտը 2․7 տոկոս աճ արձանագրի։ Ինչպես նման տնտեսական վիճակ ունեցող բոլոր երկրներում, այստեղ էլ իշխանությունները հպարտանում են այդ ծրագիր-ցուցանիշով։ Հպարտանում են՝ հայտարարելով, որ նման արդյունք հնարավոր է գրանցել միայն իրենց «տիտանական» ջանքերի շնորհիվ։ Մինչդեռ պարզ թվաբանական հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսական աճի նման տեմպերով Ադրբեջանում նախաճգնաժամային՝ 2014թ. կենսամակարդակին կհասնեն մոտավորապես 2042–ին։ Ակնհայտ է, որ այս երկրում էլ են գերադասում «հետաձգված երջանկության» տեսությունը։ Հատկապես որ պատմական նախատիպը կա։

1960-ականներին ԽՍՀՄ ղեկավարությունն ընդունում էր, որ այդ պահին երկրի բնակչությունը, մեղմ ասած, «լավ չի ապրում»։ Բայց խոստանում էր, որ 20 տարի հետո կոմունիզմ է լինելու, և բոլորը լավ են ապրելու։ Տնտեսական ոչ բարենպաստ պայմաններում միշտ ու ամենուրեք կյանքի են կոչում «հետաձգված երջանկության» տեսություններից որևէ մեկը։ Կամ սեփականն են հորինում։ Բայց դրանց բոլորի բանաձևը նույնն է՝ «Այսօր լավ չես ապրում, բայց համբերի՛ր. հետո լավ է լինելու»։ Այստեղ միակ փոփոխականը «հետո»-ն է։ Յուրաքանչյուր իշխանություն «հետո» ասելով ունի այնքան ժամանակ, որքան հասարակություններն են տալիս։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Հ.Գ․ Ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունն ավելի թերի է ու ավելի ուշացած է հրապարակվում, քան վրացականը և մերը։

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը