Կարծիք

30.08.2019 15:05


ժողովրդավարություն՝ որքան անհրաժեշտ է, կառավարելիություն՝ որքան հնարավոր է

ժողովրդավարություն՝ որքան անհրաժեշտ է, կառավարելիություն՝ որքան հնարավոր է

ժողովրդավարություն՝ որքան անհրաժեշտ է, կառավարելիություն՝ որքան հնարավոր է

Սա է Արցախում հանրային կյանքի կազմակերպման բանաձևը:

Առանց սխալվելու հավանականության՝ կարելի է արձանագրել, որ այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ համակարգը ամբողջովին կազմաքանդված է, քանի որ, ըստ էության, այն իրենից ներկայացնում է բացառապես Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների մի համախումբ և մի քանի ՀԿ-ներ, որոնք ձևավորվել են վերջին շրջանում՝ ի հակակշիռ առաջինների և իրենց ակտիվ գործունեությամբ նպատակ են դրել հնարավորինս չեզոքացնել առաջինների հակապետական և հակազգային ազդեցությունը հանրային կյանքում: Այսինքն, քաղաքացիական սեկտորը գլխավորապես ներկայացնում են սորոսականները և անտիսորոսականները:

Եվ իրականությունն այն է, որ իրերի նման վիճակը գործնականում հանգեցրել է այլակարծության սահմանափակմանը և պարարտ հող ստեղծել հասարակության ներսում անհանդուրժողականության խորացման համար:

Իրականություն է նաև այն, որ թե՛ սորոսականների և թե՛ անտիսորոսականների գործունեությունը փաստացիորեն հասարակական կազմակերպություններին վերապահված գործունեություն չէ, այլ ավելի շատ քաղաքական կառույցներին վերապահված դերակատարում:

Ընդ որում, այն, որ սորոսական ՀԿ-ների գործունեության իրական նպատակները բոլորովին չեն թղթակցվում մեր երկրում հանրային կյանքի ժողովրդավարացման օրակարգի հետ, արդեն կույրին էլ է տեսանելի:

Ուստի կարելի է արձանագրել, որ Սորոսին հաջողվել է, ձևավորելով ազդեցության գործակալների տարածված ցանց, Հայաստանում կազմաքանդել քաղաքացիական սեկտորը և էական հարված հասցնել հանրային կյանքի ժողովրդավարացմանը: Սա իրողություն է, որը չի կարելի անտեսել:

Այս պարագայում Կառավարության որոշումը սորոսական երկու ՀԿ-ների գործուղել Արցախ, այն էլ՝ առաջիկա համապետական ընտրությունների առնչությամբ, եթե չասենք՝ խիստ մտահոգիչ է, ապա առնվազն հավելյալ մեկանաբանությունների կարիք է զգում:

Ակնհայտ է, որ այդ կառույցները Արցախում ընտրությունների հետ կապված առանձնապես անելիք չունեն, և դիտորդական առաքելություն իրականացնելու համար վաղօրոք, այն էլ տևական ժամանակ, Արցախում գտնվելու անհրաժեշտություն չկա, էլ չեմ խոսում ֆիլիալներ ձևավորելու անհրաժեշտության մասին:

Հետևաբար, ո՞րն է Կառավարության իրական նպատակը:

Արդյոք «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսի իրական իմաստը ոչ թե «Միացում» կարգախոսի նոր մեկնաբանությունն է, այլ «Արցախի իշխանսությունները պետք է գտնվեն Հայաստանի քաղաքական ղեկավարության անմիջական և անվերապահ ազդեցության ներքո» թեզի քաղաքական բանաձևումը:

Իսկ քանի որ Արցախի ռազմաքաղաքական էլիտան հայկական աշխարհի՝ իրեն վստահված հատվածում պատմականորեն իրեն վերապահված առաքելության շրջանակներում դրսևորում է սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ ընդունելու և դրանք իրականացնելու՝ կայացած պետական համակարգին բնորոշ վարքագիծ և կարողացել է Արցախի ներքին կյանքը մինչ այս զերծ պահել ուղղակի և անուղղակի անառողջ քաղաքական ազդեցություններից, ապա անհրաժեշտություն է առաջացել գործի գցել ազդեցության ապահովման արդեն փորձարկված մոդելը՝ ձևավորել ազդեցության գործակալների ցանց և այն օգտագործել ըստ քաղաքական անհրաժեշտության: Այսինքն, ինչպես ասում են՝ ‹‹не мытьем, так катаньем››:

Եթե այս դատողությունները համապատասխանում են իրականությանը, ապա ստացվում է, որ Կառավարությունը նպաստում է Արցախում սորոսական ՀԿ-ների, հետևաբար և ազդեցության գործակալների ցանցի ձևավորմանը, ընդ որում՝ մեր՝ հարկատուներիս միջոցների հաշվին: Սա անընդունելի է:

Եվ երկրորդ՝ Արցախում հանրային կյանքի ժողովրդավարացման գործում պետք է առաջնորդվել հետևյալ քաղաքական բանաձևով՝ «ժողովրդավարություն՝ որքան անհրաժեշտ է, կառավարելիություն՝ որքան հնարավոր է»: Այս դոկտրինը կյանքի կոչելու հարցում սորոսական ՀԿ-ները որևէ անելիք չունեն:

Ուստի քաղաքական ողջամտությունը թելադրում է, որ Հայաստանի իշխանություները վերանայեն իրենց մոտեցումը և եթե իրոք նպատակ ունեն սեփական աջակցող մասնակցությունը բերել Արցախի ներքին կյանքի բնականոն ընթացքի ապահովմանը, ապա 2020թ. արցախյան հերթական համապետական ընտրություններին հետևելու համար Արցախ գործուղել Հայաստանի Խորհրդարանի բոլոր ֆրակցիաները ներկայացնող պատվիրակությունը:

Հ.Գ. Ի դեպ, որպես կանոն՝ դիտորդական առաքելությունն իրականացվում է պատգամավորների միջոցով, որովհետև ընտրությունների արդյունքների գնահատականը քաղաքական գնահատական է, և այն կարող են տալ միայն քաղաքական գործիչները, այլ ոչ թե ՀԿ-ները:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը